Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Հասկանալի չէ, թե ինչ տեսլականի վրա են իրականացվում փոփոխությունները»

Փետրվար 27,2020 15:27

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ փոփոխությունների մեծ մասն ուղիղ դպրոցին չի առնչվում: Նրա խոսքերով, դրանք դպրոցի կյանքում բարելավում չեն ապահովում, օրենքում խոսք չկա դպրոցների, մանկավարժների, աշակերտների ինքնուրույնության մեծացման, ընտրության հնարավորության, ուսուցչի կարգավիճակի հստակեցման մասին, մինչդեռ սրանք ամենակարեւոր բաներն էին:

Անդրադարձ եղավ հեռավար կրթությանը եւ կրեդիտային համակարգի ներդրմանը 12-րդ դասարանների համար: Աշոտ Բլեյանն այս փոփոխությունները կարեւոր համարեց, միեւնույն ժամանակ նշեց, որ դա չպետք է շնորհ դիտարկվի նախարարության կողմից, քանի որ երեխայի անօտարելի իրավունքին է առնչվում, եւ ուսուցման ձեւը նախ երեխային պետք է հարմար լինի:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, հասկանալի չէ, թե ինչ ռազմավարության կամ ինչ տեսլականի վրա են իրականացվում կրթության ոլորտի փոփոխությունները: «2019թ մայիսին կառավարությունն ընդունել է 2019-23թթ գործունեության միջոցառումների պլան, ըստ որի պետք է անցյալ տարվա ամռանը եւ աշնանն ունենայինք կրթության ռազմավարություն, ուսուցիչներին վերաբերող մի քանի ռազմավարական փաստաթղթեր, մինչեւ այս տարվա հունվարի 20-ը վարչապետին պետք է ներկայացվեին միջնակարգ կրթության չափորոշիչները, մինչդեռ այդ գործողություններից ոչ մեկն առ այսօր կատարված չէ…

Գլխավոր բացն այն է, որ գաղափարական, ռազմավարական հիմքը, որ նախարարությունը ճիշտ ձեւով պլանավորել էր իրականացնելու համար, ըստ էության չի արվել: Եվ հիմա այս օրենքի փոփոխությունները նորից նախկինի հին ձեւերով ինչ-ինչ կոսմետիկ բաներ պետք է ընդամենը փոխեն»,-փաստեց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը գալով բուն փոփոխություններին, նշեց, որ դրական բաներ էլ կան, մասնավորապես առանձնացրեց այն, որ դպրոցում գործող խորհուրդները` մանկավարժականը, աշակերտականը, մեթոդ միավորումները, նույնպես հնարավորություն են ունենում ներգրավելու տնօրենի ընտրության գործընթացին, խրախուսեց մասնակցայնության մեծացումը:

«Տեսչական ստուգումների հիման վրա անելու արտաքին գնահատման գաղափարը նույնպես լավն է, դրական է այն, որ դպրոցների ընդունելության ժամանակ հաշվի են առնվելու երեխայի քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը… Բայց երկու հարցի հետ կապված լուրջ քննարկելու խնդիր կա: Առաջինը վերաբերում է հեռավար ուսուցմանը, որը միանշանակ պետք է լինի, բայց իմ մտահոգությունն այն է, որ օրենքով հնարավորություն է տրվում դպրոցներին, որ եթե չկա տվյալ առարկայի ուսուցիչ, իրենք կարող են ուսուցումն իրականացնել հեռավար ձեւով:

Եվ եթե օրենքի այս կետն ընդունվում է, գուցե դպրոցները ոչ էլ ջանք դնեն ինչ-որ մեկին գտնելու համար եւ միանգամից հեռավար ձեւով իրականացնեն: Իսկ բուն դպրոցական կրթության պարագայում ուսուցչի ֆիզիկական ներկայությունը շատ կարեւոր է: Բոլորս էլ գիտենք, որ դպրոցական կրթության մեջ գլխավորը դաստիարակության բաղադրիչն է երեխայի ձեւավորման առումով: Գյուղեր կան, որ մի քանի առարկայի ուսուցիչ չունեն, շատերը գուցե կմտածեն, դե լավ, փոխանակ մարդ գտնելու, եկեք հեռավար անենք-պրծնենք… Իսկ հեռավար ուսուցման դեպքում կենտրոնացումը դասի վրա շատ բարդ է»:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգին, կրթության փորձագետը նշեց, որ այդ հարցն արդեն 10 տարի է՝ քննարկվում է, սակայն նրա խոսքով, սա եւս այն հարցերից է, որ պետք է հենվի ռազմավարության վրա: Սերոբ Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, թե գյուղերում ինչպե՞ս է ներդրվելու կրեդիտային համակարգը եւ արդյոք այն ձեւական բնույթ չի կրելու, ու մանկավարժները ձեւական կրեդիտներ չեն շնորհելու երեխաներին:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ օրենքի մշակման նախաձեռնությունը կառավարությանն է պատկանում, քննարկումներով էլ կառավարությունն է զբաղվել, հետագայում օրենքը բերվել է ԱԺ, որտեղ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչները օրենքի հանդեպ բացասական վերաբերմունք են ցուցաբերել: ԱԺ պատգամավորն ասաց, որ իրենք հետագայում աշխատել են օրենքի վրա եւ գնահատել ռիսկերը, փորձել են զերծ մնալ կաբինետային հոգեբանությունից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829