Լրահոս
Օրվա լրահոսը

Անտելեսով բնակիչների հանրագիրը՝ Վայքի ավագանին Ազատեկի հանքավայրի շահագործման համաձայնություն է տվել. «Վայք Ինֆոտուն»

Մարտ 03,2020 17:25 Share

 Վայքի Ինֆոտան հաղորդագրությունը․ «Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Վայք համայնքի ավագանու նիստը, որի օրակարգային հարցերից մեկը վերնագրված էր հետևյալ կերպ․ ««Վայքը հանք չի դառնա» նախաձեռնության դիմումի քննարկման՝ Ազատեկի բազմամետաղ հանքավայրի շահագործման վերաբերյալ»։ Սա իրականության հետ ոչ մի կապ չունեցող ձևակերպում է, քանի որ այդ նախաձեռնությունը նման դիմում չի ներկայացրել Վայքի համայնքապետարան։ Ավագանու նախորդ նիստի վերջում՝ հունվարի 31-ին, Վայքի Ինֆոտան ներկայացուցիչները «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին էին փոխանցել բնակիչների հանրագիրը, որի պահանջներից գլխավորը հետևյալն էր․ «Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Վայք համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ»։

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով հանրագրին պատասխանելու փոխարեն՝ համայնքի ղեկավարը խեղաթյուրել է ողջ գործընթացն ու օրենսդրական բազմաթիվ խախտումներով ավագանին ընդունել է համայնքի բնակչության ներկայացրած հանրագրի հետ ոչ մի առնչություն չունեցող որոշում։

Փետրվարի 28-ի ավագանու նիստի մասին իրազեկումը տեղադրվել է համայնքի պաշտոնական կայքում նիստից ընդամենը երկու օր առաջ՝ օրենքով նախատեսված մեկ շաբաթի փոխարեն, ընդ որում առանց նշելու օրակարգը։ Չնայած դրան, նիստին հրավիրված էին Ազատեկի հանքի շահագործման հայտ ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչները՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Ջանունցը, Արամ Օսիկյանը և Վահե Մալխասյանը։ «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի անդամները չեն հրավիրվել նիստին՝ չնայած մասնակցել են՝ տեղեկանալով կայքից։

Փոխանակ քննարկելու բնակիչների ներկայացրած հանրագիրը, նիստը վարողը՝ համայնքի ղեկավար Թարո Ավետյանը, խոսակցությունն ուղղել է Ազատեկի հանքի շահագործման նպատակահարմարության ուղղությամբ, որից հետո հանքային կազմակերպության ներկայացուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին «լուսավոր» նկարագրելու Վայքի հանքային ապագան։ «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնության համակարգող Շիրակ Միքայելյանը ներկայացրեց իր և բնակիչների մտահոգությունները և անթույլատրելի համարեց ցանկացած պարագայում հանքի շահագործումը Վայք համայնքի՝ փաստացի Վայք քաղաքի տարածքում։ Մտավախություններ հայտնեց նաև Վայրի բնության հիմնադրամի (WWF Armenia) ներկայացուցիչ Արմեն Շահբազյանը՝ գնահատելով, որ հանքարդյունաբերությունը համայնքի կայուն զարգացման ճանապարհ չէ։ Նշենք, որ Ազատեկի հանքի շուրջ ծավալված անթույլատրելի գործողությունների մասին ահազանգներ հնչեցվել են ամիսներ շարունակ, իսկ 2019թ-ին Վայք քաղաքում բնակիչներն երկու անգամ ընդհանրապես թույլ չտվեն հանրային քննարկումների իրականացումը։

Շատ հարցեր մնացին անպատասխան, այդ պատճառով մասնակիցները եկան համաձայնության, որ հարցը կարիք ունի լրացուցիչ պարզաբանումների և քննարկումների։ Տվյալ հարցի քննարկման արդյունքում որևէ որոշման նախագիծ քվեարկության չդրվեց, քվեարկություն տեղի չունեցավ, իսկ նիստի մասնակիցները՝ բացի ավագանու անդամներից, դուրս եկան դահլիճից։ Նիստը շարունակվեց օրակարգային մյուս հարցերի քննարկմամբ (ավագանու նիստի տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումներով՝ հղում 1, հղում 2

Նույն օրը, փետրվարի 28-ի երեկոյան, Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայքում տպագրվեց որոշում այն մասին, որ հարցի քննարկումը հետաձգվել է։ Այդ օրը մենք զրուցեցինք ավագանու անդամների հետ և համոզվեցինք, որ որևէ որոշում չի ստորագրվել։ Սակայն արդեն մարտի 2-ին համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է ավագանու խմբագրված որոշում հետևյալ բովանդակությամբ՝

1․ Տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով:

2․ Հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ/շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում/ փաստաթղթերի առկայության ժամանակ։

Ընդ որում, տվյալ որոշման տակ ավագանիները ստորագրել են մարտի 2-ին՝ թեև նիստը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Տեղեկացնենք նաև, որ Վայք համայնքի ավագանին ունի 11 անդամ, որից այս նիստին մասնակցում էին ընդամենը 7-ը, իսկ որոշմանը կողմ են ստորագրել 6-ը։ Դեմ է եղել միայն Մերի Ջանոյանը։

Փաստորեն, անտեսելով Վայք համայնքի մոտ 500 բնակիչների ներկայացրած հանրագիրը, օրենքի սահմանված կարգով չքննարկելով ու չպատասխանելով դրան, ընդամենը ազդակիր մեկ գյուղական բնակավայրում՝ Ազատեկում, կայացած հանրային քննարկումից հետո, ավագանին կայացրեց նման հապճեպ, կասկածելի օրինականությամբ որոշում, այդ կերպ պատասխանելով բնակիչների հանրագրի պահանջին՝ արգելելու մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի տարածքում։

Սա ուղղակի ապօրինություն է և ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի պատգամավորների ուշադրություն ենք հրավիրում այս հարցին, քանի որ խախտվել են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Կարծում ենք իրավապահ մարմինները նույնպես անելիքներ ունեն այստեղ ու մենք համապատասխան դիմումը կներկայացնենք նաև նրանց»։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031