Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը. Դավիթ Տոնոյան

Ապրիլ 21,2020 13:03

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ

«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը հաղթած սերնդի գաղափարախոսությունը:

Թաթուլ Կրպեյանը Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը:

Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը:

Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով:

Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ:

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը: Հերոս-մտավորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու և արիացնելու է հայոց բազում սերունդների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930