Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ապացույցներ ծաղկում են, «ծիկ» անում, իսկ իմ առաջարկած դեպքում՝ փչանում ու վերանո՞ւմ». Գեւորգ Պետրոսյան

Մայիս 05,2020 11:39 Share

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Այս օրինագծով պատգամավորն առաջարկում է «սահմանադրական կարգի տապալում» հանցակազմի համար սահմանված վաղեմության ժամկետը վերացնել: Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Անկախ նրանից, թե այդ արարքից որքան ժամանակ է անցել, անձը ենթակա պետք է լինի քրեական պատասխանատվության: Կառավարությունն ասում է, թե ըստ ՄԻԵԴ-ի՝ վաղեմության ժամկետ չպետք է կիրառել միայն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում: Բայց սրանից արդեն իսկ շեղում եղել է խոշտանգումների առնչությամբ: ՄԻԵԴ-ը լավ է արել, որ այդպես է որոշել, բայց ՀՀ-ն ինքնիշխան պետություն է»:

Պետրոսյանի բնորոշմամբ՝ օրինագծի առնչությամբ կառավարությունը նաեւ ասում է, որ եթե նման բան սահմանենք, իրավապահ մարմինները հանցագործությունից երկար ժամանակ անցնելու դեպքում չեն կարողանա արդյունավետ քննություն իրականանել, քանի որ ժամանակի ընթացքում ապացույցները ոչնչացնում են, մոռացվում են վկաներին հայտնի տեղեկությունները: «Կներեք, բայց քրեական օրենսգրքում 11 տեսակի հանցագործություններ կան, որոնց ապացույցները ժամանակի ընթացքում թարմանում են, ծաղկում, «ծիկ» անում, իսկ իմ առաջարկած դեպքում՝ փչանում ու վերանո՞ւմ են…չհասկացա՝ 15 տարում սահմանադրական կարգի տապալման ապացույցները կարող են փչանա՞լ: Դա հանրորեն վտանգավոր արարք է: Եթե որեւէ երկրում սահմանադրական կարգ է տապալվում, այդ երկիրն ունակ չէ դիմակայել մարտահրավերներին»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Պետրոսյանը:

Նշենք, որ նրա օրինագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել: Հանձնաժողովի ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձեց՝ ՄԻԵԴ-ը նման որոշում չունի, այդ որոշման բովանդակությունն այլ է. «Երբ, օրինակ, հայրենիքի դավաճանության դեպքում վաղեմության ժամկետ է սահմանվում 15 տարի, իսկ այս դեպքում՝ անժամկետ, դա ճիշտ չէ: Խնդիրն ապացույցների փչանալը կամ կորելը չէ: Վաղեմության ժամկետը եթե չկիրառվի, վկաները հնարավոր է մոռանան հանգամանքները, եւ պատժվի այն մարդը, որը մեղավոր չէ: Սա շատ երկրներում կա: Ես կողմ եմ, որ նման հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետն ավելացնենք, բայց ոչ վերացնենք»:

Պետրոսյանը չհամաձայնեց. «Այդ ի՞նչ ասելու բան է: Կոմունիստական հայտնի ասացվածք կա՝ ոչինչ չի մոռացվում, եւ ոչ մեկը չի մոռացվում»:

Ի վերջո, «կողմ» քվեարկեց 38, իսկ «դեմ»՝ 82 պատգամավոր, հետեւաբար՝ այս օրինագիծը չի ներառվի խորհրդարանի այս նստաշրջանի լիագումար նիստերի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031