Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը քաղաքացին է փոխում, ոչ թե գործարարը». Սիմոնյանն ակնարկեց Ծառուկյանի նախկին «սակարկումների» մասին

Հունիս 06,2020 17:57 Share

Կորոնավիրուսը Հայաստանում եւ կորոնավիրուսի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա. «Իմ քայլը» խմբակցության հերթական փակ նիստում այսօր, ինչպես հայտնեց խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, այս թեմաներն են քննարկվել: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:

Դրանում, հիշեցնենք, նա երեկ կարծիք է հայտնել, որ իշխանությունը պետք է փոխվի, երկիրը կործանման է գնում: «Իշխանությանը փոխում է մեկ սուբյեկտ՝ քաղաքացին, ոչ թե գործարար կամ ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը գործակցում էր ՀՀԿ-ի հետ երկար տարիներ եւ նման խոսակցություններով սակարկումների եւ ինչ-որ խոսակցությունների սկիզբ էր դնում»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափով նաեւ ուրախալի էր, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, կարելի է անվանել քաղաքական դաշտում կոորդինատների ճշտում. «Մենք քանիցս ասել ենք, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել սկսել զրոյից, եւ ովքեր կօգտվեն, կօգտվեն, իսկ ով ոչ՝ ոչ…մենք միշտ հաշվի ենք առել, որ մեր միակ հուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացին է, որին չենք դավաճանել եւ չենք դավաճանելու: Իսկ մնացածը քաղաքական հիշողության «ինստինկտների» հարց է»:

Սիմոնյանը նաեւ ընդգծեց՝ չի մոռացվելու այն հանգամանքը, որ այս շրջանում որոշները փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել. «Մնացածը մոտ ապագայում իր տեղը կընկնի»: Հարցին՝ «բոլոր ուժերը, որոնք հիմա պահանջում են կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պայմանավորվել են գրոհ կազմակերպե՞լ իշխանության դեմ», Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ցանկանում եմ, որ նրանք բոլորով մի տեղ հավաքվեն, այդպես պարզ կլինի, բոլորը կիմանան, թե ով ով է, որովհետեւ քաղաքական գործընթացներն ԱԺ-ում հաճախ թաքնվում են ինչ-ինչ իրավական ձեւակերպումների տակ, որոնց մեջ քաղաքացիները չեն կարողանում խորանալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930