Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը՝ հացադուլ հայտարարած իրանցի դատապարտյալների և կալանավորված անձանց արտահանձնման պահանջի մասին

Հունիս 24,2020 20:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքացի 29 կալանավորված անձ ու դատապարտյալ երկու օր է հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց արտահանձնել Իրան հետագա կալանքը իրենց երկրում կրելու համար:

Aravot.am-ը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դատախազությունում այս հարցի առնչությամբ: Նա պարզաբանեց. «Նախ՝ ուզում եմ նշել, որ ինչպես ՀՀ քաղաքացի հանդիսացող, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող կալանավորված և ՀՀ ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բարձրացվող խնդիրները, առավել ևս այնպիսի ծայրահեղ միջոց կիրառման պարագայում, ինչպիսին հացադուլ հայտարարելն է, գտնվել և գտնվում են դատախազության ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է ներկայացվող պահանջներին, ապա դրանք առնչվում են ինչպես մեր օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային համաձայնագրերով հստակ կարգավորվող իրավահարաբերություններին, որոնցից դուրս որևէ գործընթաց չի կարող իրականացվել:

Այս պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվող՝ հանձնման վերաբերյալ միջնորդություններով ԻԻՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող՝ ՀՀ ՔԿՀ-ներում պահվող ԻԻՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք  չկան: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում կատարված հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում հնարավոր կալանավորված և ՀՀ ՔԿՀ-ներում պահվող ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց, ապա նրանց պարագայում իրենց քաղաքացիության երկրում պատժի հետագա կրման հարց կարող է առաջանալ միայն ՀՀ դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով անձի դատապարտվելու պարագայում: Դատապարտյալների փոխանցման հետ կապված իրավահարաբերությունները, քրեադատավարական օրենսդրության համաձայն, դուրս են ՀՀ դատախազության իրավասության շրջանակներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930