Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիան հրաժեշտ է տալիս Էնիո Մորիկոնեին

Հուլիս 06,2020 23:07

Այսօր հուլիսի 6-ին մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Նա ավելի քան 500 ստեղծագործությունների հեղինակ էր, այդ թվում բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակ:

Իտալիայի նախագահ  Ս. Մատարելլան իր ցավակցությունն է հայտնել  Մորիկոնեի մահվան կապակցությամբ. «Էնիո Մորիկոնեի մահը մեզ զրկում է մի առանձնահատուկ ու հանճարեղ արվեստագետից:  Երաժիշտ, որը լինելով միաժամանակ նրբաճաշակ և ժողովրդական, խորը հետք է թողել 1900 ականների երկրորդ կեսի երաժշտության պատմության մեջ: Ֆիլմերի համար գրված երաժշտությամբ մեծապես նպաստել է  Իտալիայի հեղինակության տարածմանն ու ամրապնդմանը աշխարհում»:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ կազմակերպվել էր Մորիկոնեի 90-ամյակին նվիրված  համերգ, որին ներկա էր եղել նաև երկրի նախագահը:

Չի ուշացել նաև երկրի վարչապետ Ջ.Կոնտեի ցավակցությունը: Նա թվիթերի իր էջում գրում է. «Միշտ անսահման երախտագիտությամբ կհիշենք մաեստրո Էնիո Մորիկոնեի արտիստական հանճարը: Նա մեզ երազել տվեց, հուզվել և խորհել՝ գրելով հիշարժան նոտաներ, որոնք անջնջելի կմնան երաժշտության և կինոյի պատմության մեջ»:

Ցավակցական ուղերձ է հղել նաև մշակույթի նախարար Դ. Ֆրանչեսկինին. «Բախտ եմ ունեցել հանդիպելու նրան և չեմ մոռանա այն էներգիան և այն ուժը, որ ի վիճակի էր փոխանցել   նույնիսկ միայն հայացքով»,-գրել է նախարարը:

Il Sole24ore թերթը, հաղորդելով լուրը, անդրադարձ է կատարում նաև կոմպոզիտորի կերպարին՝ նշելով, որ նա առանձնանում էր բացառիկ համեստությամբ: Թերթը մեջբերում է 2016 թ.ին Օսկարի ժամանակ Մորիկոնեի խոսքից մի հատված. «Չկա կարևոր երաժշտություն առանց կարևոր ֆիլմի, որը ներշնչանքի աղբյուր կհանդիսանա: Շնորհակալություն եմ հայտնում Քվենտին Տարանտինոյին ինձ ընտրելու համար»: Դա մաեստրոյի երկրորդ Օսկարն էր, առաջինը ստացել էր 2006 թ.ին կինոմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար:

Մաեստրոյի մահվանն են անդրադարձել նաև բազմաթիվ արվեստագետներ: Աշխարհահռչակ դիրիժոր Ռ. Մուտին գրում է. «Բացառիկ երաժիշտ ոչ միայն ֆիլմերի երաժշտության, այլ նաև դասական ստեղծագործությունների համար: Կկարոտենք նրան որպես մարդու և որպես արտիստի»:

Հատկանշական է, որ Մորիկոնեն արդեն գրել էր իր իսկ մահախոսականը, որում ասում է. «Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացել եմ»,- ապա շարունակում,-այսպես եմ հայտնում բոլոր ընկերներիս, որ իմ կողքին են եղել ու նաև նրանց, որոնք հեռու էին, և բոլորին ջերմորեն հրաժեշտ եմ տալիս: Անհնար է նշել նրանց բոլորին»: Ի դեպ մաեստրոն չի ցանկացել, որ թաղման արարողությունը լինի հանրային՝ նշելով, որ դրա միակ պատճառն այն է, որ չի ցանկանում անհանգստություն պատճառել:

Անի Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031