Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պիտի մեր նախկին գյուղապետը հետ գա իր պաշտոնին, ուրեմն՝ պիտի Սերժ Սարգսյանն էլ վերադառնա վարչապետ՝ գնանք մեր հին կյանքով ապրենք». եղեգնուտցիները փակել են փողոցը

Հուլիս 07,2020 14:02 Share

«Իմ քայլական» պատգամավորներ, ո՞ւր եք, ձեր ժողովուրդն են: Հենց հիմա պահանջում ենք պատգամավորներին ու մարզպետին գան ու պարզաբանեն՝ ով է այս ամենը վարչապետի թիկունքում կազմակերպել»,-այսօր Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել էին փողոցը՝ թույլ չտալով համայնքապետարանի գործունեությունը: Նրանք դեմ են, որ նախկին գյուղապետը վերադառնա պաշտոնին, որը հրաժարական էր ներկայացրել 2018 թվականին՝ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ եղեգնուտցիների պահանջով:

«Էդ ո՞վ է հով հով նստում «կոնդիցիոներների» տակ ու ժողովրդի տեղը որոշում՝ ով պիտի գա մեզ ղեկավարի: Նախկին գյուղապետը թալանել՝ տարել է: Մեր երեխաները տնից դուրս չէին գալիս, գյուղում պատերազմ էր: Էս մեկուկես-երկու տարի է՝ խաղաղ ապրում ենք, նորից ուզում են գյուղը պատերազմի մե՞ջ գցեն: Նախկին ղեկավարը հրաժարական է տվել՝ գնացել, եկել է նոր ղեկավարը, որը երկու տարի աշխատել է, բայց մարզպետը քնել՝ արթնացել է, որոշել է, որ հին ղեկավա՞րը պիտի հետ գա ու գյուղը ղեկավարի»:

Եղեգնուտի բնակիչների խոսքով, նախկին գյուղապետի հրաժարականից հետո, համայնքում այնքան աշխատանքներ են կատարվել, որ 30 տարիների ընթացքում չեն եղել. «30 տարի՝ այն էլ մեկ ժամով, որդնած ջուր էինք ստանում, հիմա, դրա փոխարեն 24 ժամ մաքուր ջուր ունենք: Կառավարության սուբվենցիոն ծրագրերով հավանության արժանացած ծրագրերը հաստատվել են եւ պետք է իրագործվեն, գյուղ մտնող բոլոր ճանապարհները պետք է հիմնանորոգվեն: Ամբողջ գյուղը պետք է լուսապատվի: Ու նախկին գյուղապետն ուզում է այդքանից հետո վերադառնալ, որ շարունակի՞ թալանը»:

Համայնքապետարանի փակ լինելու պատճառով այսօր եղեգնուտցիները չէին կարողանում տեղեկանք վերցնել, որ բերքը տանեն մթերման:

Եղեգնուտցիների բողոքի ցույցը հսկում էին մեծ թվով ոստիկաններ: Փողոցը փակած երիտասարդները դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ շուտափույթ լուծում տա այս հարցին. «Հեղափոխական տղերքին ուզում են կոտրած լինել, չի՛ ստացվելու, արյան գնով ենք ձեռք բերել՝ արյան գնով պահելու ենք»:

Նրանք հայտարարեցին, որ հին համայնքապետը չի աշխատելու. «Գյուղը գյուղապետ չունի բավականին ժամանակ, երեկ մարզպետարանի աշխատակիցները եկել են, որ նախկին գյուղապետին ընդունում հանձնում անեն, ամեն ինչ արվում է, որ նրան հետ բերեն: Մենք ուզում ենք մարզպետին հարցնել՝ ինչո՞ւ պետք է հին թալանչին գա: Եթե պիտի մեր համայնքապետը հետ գա իր պաշտոնին, ուրեմն՝ պիտի Սերժ Սարգսյանն էլ վերադառնա վարչապետ ու գնանք մեր հին կյանքով ապրենք»:

Իսկ թե ինչու է հրաժարական ներկայացրած գյուղապետը վերադառնում պաշտոնին, պատճառն այն է, որ դատարանը վերականգնել է նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները, որը նա Արմավիրի մարզպետի դեմ բողոքարկել էր դատարանում: Այս առնչությամբ, այսօր Արմավիրի մարզպետարանը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր. «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար: Հետևաբար, վերոհիշյալ սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները և դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան, մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031