Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքի ղեկավարը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ»․ Իրինա Յոլյան

Նոյեմբեր 19,2026 18:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինձ դատի է տալիս Թալին համայնքի ղեկավարը։ Նայում եմ՝ «Սափեան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետեր են Տավրոս Սափեանի հայրը և հորեղբայրը, հաղթել է Թալինի համայնքապետարանի հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 միլիոն 714 հազար դրամ։ Ասեմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է համայնքի ղեկավարին, մեկ անգամ՝ հետո շարունակել է նորից մասնակցել տենդերներին ու կրկին շահել։ Ըստ բաց աղբյուրների՝ այս հրապարակումների մասով նաև այլ փաստեր կան, որոնք ես կհրապարակեմ դատարանում։ Փաստորեն, համայնքի ղեկավարը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գորիսի համայնքապետի նախկին ղեկավար Իրինա Յոլյանը։

Հիշեցնենք, իր ելույթներից մեկում Իրինա Յոլյանը ահազանգել էր, թե ինչպես են այս իշխանությունները վերաբերում հանրային միջոցներին։ Նշել էր, որ համացանցը ողողված է տարբեր հետաքննական նյութերով, հոդվածներով, տեսանյութերով՝ ինչպիսի անորակ շինարարություն է արվում։ Եվ հարց էր տվել ու մտահոգություն հայտնել, թե ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այդ խնդիրներով։ Նա նաև ասել էր, որ կարկառուն ՔՊ-ական համայնքապետեր իրենց ընտանիքներով ներգրավված են պետական տենդերներ շահելու հարցում․ «Ես որևէ մեկի անունը չէի տվել, որովհետև մեկ դեպք չէ, հինգ դեպք չէ, 10-ը չէ, 20-ը չէ, սա համակարգային խնդիր է, և ակնկալում էի, որ կունենա իրավական հետևանք։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախարարը իր ֆեյսբուքյան էջում հորդորում է համայնքապետերին՝ ինձ դատի տալ։ Իրավական պետության մեջ առհասարակ որևէ քաղաքական հայտարարություն, եթե այն վերաբերում է ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներին, ունենում է իրավական հետևանք։ Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստեոնում», բոլորովին հակառակ գործընթացներն են։ Նույնաբովանդակ հայտարարություններ հնչեցնելուց հետո ինձ մի շարք համայնքապետեր դատի են տալիս։ Անկեղծ ասած, ես ուրախանում եմ, որովհետև կարծում եմ, որ գուցե իրոք հրեշտակներ կան, բայց քանի որ սա ստի և կեղծիքի իշխանությունն է, անհրաժեշտ է նաև ստուգել հրեշտակներին»։

Իրինա Յոլյանին դատի է տվել նաև Արտաշատ համայնքի ղեկավարը․ «Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրերի հաղթող է եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կրկին տուգանել է համայնքի ղեկավարին, որից հետո վերջինս դիմել է դատարան։ Դատարանը որոշել է, որ այո՛, համայնքի ղեկավարը եղել է շահերի բախման իրավիճակում։ Այս դեպքում, ինչպես ասում են, ՀԴՄ կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին համայնքի ղեկավարը ինձ դատի է տալիս։ Ըստ էության, ես պիտի գնամ և արդեն ապացուցվածը ապացուցեմ։

Ինձ սպառնում էր դատի տալ նաև Սիսիան համայնքի ղեկավարը։ Սիրելի հայրենակիցներ, ի՞նչ ենք կարդում։ Համայնքի ղեկավարի մրցույթին մասնակցել է մի ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 միլիոն դրամի պայմանագիր։ Ընկերությունը պատկանում է համայնքապետի ծնողներին։ Հովսեփ Առաքելյանը Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո 85 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքի անդամների հետ։ Սրա մասին էի ես խոսում։ Բայց գիտե՞ք՝ որն է հետաքրքիր։ Օրինակ՝ նախկինների ժամանակ այս համարվում էր կոռուպցիա, բայց էս իշխանության օրոք կգան ու կասեն՝ բա մեր ոնց էլ ենք մենք դատում՝ 300 000 դրամ վճարում են, այսինքն՝ խախտում են, նորից են մասնակցում, չնայած էս դեպքում ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում՝ ինչի՞ չէ, որ 300 000 կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել ու մրցույթների մասնակցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30