Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի տպավորություն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանն էլ չքննադատեր կառավարությանը, կարող է նրան էլ առաջադրեին ՍԴ դատավորի թեկնածու». Դանիել Իոաննիսյան

Օգոստոս 14,2020 22:45

«Մենք հիմա տեսնում ենք ՍԴ երեք դատավորների թեկնածուներ, որոնց մասով գոնե ինձ հայտնի չէ, որ իրենք ինչ-որ մի օր, մի պահ այս տասնամյակների ընթացքում գոնե մատը մատին տվե՞լ են ժողովրդի համար, պետության զավթման համար, սահմանադրական կարգի տապալման դեմ պայքարի համար»,- «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով քննարկմանը հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ՍԴ դատավորը բացի լավ իրավաբանից լինի նաև լավ քաղաքացի. «Կարևոր է այդ մարդու՝ լավ քաղաքացի լինելը, որ նրա համար մեկ չլինի, թե պետությունում ինչ է  տեղի ունենում: ՍԴ դատավորների մեծ մասը, որոնք հեռացվեցին, պրոֆեսիոնալներ էին, բայց դա ոչ մի կերպ չօգնեց, որ կեղծված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեին, որ Սահմանադրությանն ակնհայտ հակասող միջազգային պայմանագրերն ուղղակի դակեն և ուղարկեն ԱԺ: Սա հենց մարդկային որակների մասին է  խոսում, դատավորների մեջ քաղաքացու պակասի»:

Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ պրոֆեսիոնալ լինելն, իհարկե, կարևոր է, բայց կարևոր է նաև լավ քաղաքացի լինելը: Այս առիթով նա նկատեց. «Իրականում երբ խոսում ենք ՍԴ դատավորների մասին, կարևոր է հասկանալ, որ նրանք չպետք է լինեն միայն պրոֆեսիոնալներ: Երբեմն ինձ մոտ տպավորություն է՝ կառավարությունն ասում է, եթե պրոֆեսիոնալ է ու մեզ շատ ակտիվ չի քննադատում,  կարելի է առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու: Այնպիսի տպավորություն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանն էլ չքննադատեր կառավարությանը, կարող է նրան էլ առաջադրեին»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ամենալավ իրավաբանը, եթե լավ քաղաքացի չէ, կարող է ասել, այո, դա հակասահմանադրական է, բայց ինձ համար միևնույն է. կարևորը տեղս տաք լինի, ոչ ոք հետևիցս չընկնի: Այլ կարևոր է, որ այդ անձին մեկ չլինեն, որ ընտրությունները կեղծվել են, որ գոնե մի օր մի պահ մատը մատին տված լինի, երբ հունիսի 23-ին, երբ հեղափոխության օրերին մարդկանց համատարած բերման էին ենթարկում, իրավաբանների կարիք կար, մատը մատին տված լինի:

Ամփոփելով՝ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Նրանք, բնականաբար, պետք է լինեն լավ իրավաբաններ, բայց լավ քաղաքացի լինելը պարտադիր պայման է: Այդ եզրույթի մեջ իրականում շատ բաներ գումարում եմ իրար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31