Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ դատական-իրավական գործընթացներ են տեղի ունեցել 20 տարի առաջ՝ 2000թ.-ի օգոստոսի 15-30-ը ժամանակահատվածում

Օգոստոս 22,2020 12:30

Կառավարությունը 40 միլիոն դրամ էր հատկացրել հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ նիստերի դահլիճում, ճեմասրահում, մյուս միջանցքներում ահաբեկիչների արձակած գնդակների  եւ պայթուցիկի պայթյունի հետքերը մաքրելու նպատակով

«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, Արշակ Սադոյանի եւ «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի դեմ: Այդ մասին տեղեկացրել է «Առավոտը» 20 տարի առաջ օգոստոսի 15-ի համարում:

Դեռ հունիսի 22-ին «Հայոց աշխարհ»-ում տպագրվել էր «Դու գողացածդ ետ տուր, հարկերդ մենք կվճարենք» հրապարակումը: Իսկ հունիսի 15-ին «Արմենիա» հեռուստատեսության «Հայացք» հաղորդման ժամանակ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը որոշ արտահայտություններ էր արել, ինչն ակնհայտորեն դուր չէր եկել, զայրացրել էր Հրանտ Բագրատյանին: Ըստ այդ հայտարարության, Հրանտ Բագրատյանը բաժին է ունեցել այն նավթից, որ ներկրվել է Բաթում, տեղի գործարանում վերամշակվելու եւ Հայաստան առաքելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը  մերժել էր քրեական գործ հարուցել. թե՛ Սադոյանը, թե՛ լրատվամիջոցի խմբագիրը հրաժարվել էին իրենց ասածներից, բացատրություն տալով դատախազությունում:

Նրանք հղում էին կատարել այդ ժամանակ ԱԺ հանձնաժողովի կողմից հայտնաբերված փաստերին, այն պայմանագրին, որ հում նավթի գնման եւ վերամշակման վերաբերյալ պայմանագիրը սխալ գործարք է եւ Հայաստանին խոշոր չափի վնաս է պատճառել:

«Հայոց աշխարհ»-ն էլ հրապարակման հիմքում դրել էր այն փաստը, որ տասնհինգ աշխատակիցների` էներգակիրների յուրացման համար դատապարտելու մասին հղում է կատարել նույն այդ ԱԺ հանձնաժողովը:

39 անկախ Հելսինկյան կոմիտեների անունից Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին էր դիմել ՀՄԴ գործադիր տնօրեն Աարոն Ռոուդսը`արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի ձերբակալության կապակցությամբ. «Վերջերս ես հնարավորություն եմ ունեցել այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան`քննարկելու պարոն Աղաջանյանի հարցը Ձեր վարչապետի ու արտգործնախարարի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ… Հիշյալ ձերբակալության եւ դատավարության շուրջ կուտակված բազմաթիվ անկանոնություններին հանդիպելիս մենք հարց ենք բարձրացում նրա մեղադրանքի օրինականության վերաբերյալ»:

Հիշեցնեմ, որ Վահրամի նկատմամբ քրգործ էր հարուցվել 1999թ.-ի դեկտեմբերին «10-րդ նահանգ» թերթում տպագրված` «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» հրապարակման համար, մարտի 28-ին նրան 10-օրյա կալանք էին տվել, իբր ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար: Փաստաբանն էր Բենիկ Մինասյանը, որը հետագայում իրացրեց Նաիրի Հունանյանի պաշտպանությունը:

Օգոստոսի 15-ին կառավարության շենքը շրջափակել էին «Արմենիա» բանկից տուժած ավանդատուները, որոնք վեց տարի շարունակ բողոքում էին: Կառավարության շենքը, ինչպես այսօր էլ, օղակված էր ոստիկանական շղթայով:

Օգոստոսի տասնվեցին տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27» հասարակական վերահսկողության հանձնաժողովի անդրանիկ ասուլիսը:

«Առավոտ»-ին էին դիմել «Քիմռեակտիվ» ԲԲԸ աշխատակցի` «Սերմացուի զտման» բիզնես-ծրագրի համահեղինակ Վիտալի Հովսեփյանի հարազատները, մահվան հանգամանքների բացահայտման, գլխավոր դատախազություն բողոք ներկայացնելու, քրեական գործ հարուցելու կապակցությամբ:

Օգոստոսի 16-ի «Առավոտը» տեղեկացրեց, որ Ազգային ժողովին կապիտալ շինարարության համար բյուջեով գումար չէին հատկացրել, սակայն կառավարության որոշմամբ, 40 միլիոն դրամ էր հատկացվել հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ նիստերի դահլիճում, ճեմասրահում, ճաշարան տանող, մյուս միջանցքներում ահաբեկիչների արձակած գնդակների  եւ պայթուցիկի պայթյունի հետքերը մաքրելու, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար («ԱԺ-ն մաքրվում է հոկտեմբերի 27-ի հետքերից»):

Արմավիրի դատարանում շարունակվում էր ՊՆ-ի գործը`Ասողիկ Սրբազանի, Համլետ Ասրյանի, Օնիկ Կարապետյանի, սպասում էին Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին, որը 250 հազար ԱՄՆ դոլար էր պահանջել գործարար Համլետ Ասրյանից: Վերջինս հայտնել էր, որ իրեն «քցել» է ֆիննախը, ըստ գործի նյութերի էլ, նամակ միջնորդագրով դիմել էր Երքաղխորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատրյանը: Նշված գրության համաձայն, նախատեսվում էր գործարք կատարելու համար մարտին, ֆիրմայի գործող կարգի համաձայն, հատկացնել 250 հազար դոլար` բենզինի համար, Էջմիածնի դատարանում ասաց ֆիննախի ներկայացուցիչը:

Սյունիքի մարզպետ նշանակվեց ՆԳՆ փոխնախարար Էդուարդ Բարսեղյանը:

«Առավոտը» ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանից հետաքրքրվել էր` ճի՞շտ է արդյոք, որ մտավորականները  ստորագրահավաք են կազմակեպել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների դատավարությունը Հայաստանում անցկացնելու համար: Նա ասել էր` «Սա էնպիսի հարց է, որ մենք որպես կողմ հանդես չպիտի գանք»: Ի դեպ, հայտարարությանը միացել էր «Առավոտը»:

Մեծ աղմուկ էր այդ օրերին հանել զինվոր Սոս Սարգսյանի սպանության գործը: Զինվորի ներկայացուցիչ, ռազմական գործերով հայտնի փաստաբան Վլադիմիր Յավրումյանը հարցեր էր բարձրացրել նախաքննության մարմնին, թե ում զենքով է սպանվել Սոսը, արդյոք զենքն ընդունման եւ հանձնման մատյանում արձանագրված է, ով էր ստորագրել Սոսի անվան դիմաց, մեղադրանքի կողմն էլ ընդունել էր, որ զենքի ընդունման եւ հանձնման մատյաններ չեն եղել:

Օգոստոսի 29-ին հրապարակվեց «Վահան Հարությունյան եւ մյուսներ» գործով դատավճիռը: Հաջորդ օրվա «Առավոտ»-ում նրանց դատավճռի մասին էր. Վահան Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Մկրտիչ Առաքելյանը` 9 տարի, բայց համաներում կիրառվեց, համաներվեցին եւս 4-ը` Մուրադ Դաշտոյանը, Գագիկ Պետրոսյանը, Հայկ Աղաջանյանը, Երանոս Մելքոնյանը: Սահակ Բալյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, Նորայր Թադեւոսյանը` 10 տարվա: Դատավորը հանգուցյալ Ռազմիկ Թովմասյանն էր:

Արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանին կանչեցին դարձյալ ՆԳ նախարարություն, որ հայտնի, թե ինչ հանցագործություններ է կատարել նախորդ տարվա ընթացքում… Ըստ Վահրամի քրոջ` Սուսաննայի, պատճառն ըստ երեւույթին այն էր, որ Վահրամը նամակ էր գրել ԼՂՀ նախագահին` մոր սպանության մեջ մեղադրել ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին եւ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նիկոլայ Դադայանին:

Արմեն Տեր-Սահակյանի եւ մյուսների գործը հանգրվանել էր վերաքննիչ քրեական դատարանում: Մենք տեղեկացնում ենք, որ 10 ամբաստանյալներից բողոք են գրել 7-ը:

Ամսվա վերջին օրը պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանի թիկնապահներին էինք անդրադարձել` նրանք սպառնացել էին Ծաղկաձորի պանսիոնատում հանգստացող մի կնոջ, ոլորել էին հանգստյան տան տնօրենի ձեռքերը: Գագիկ Մելքոնյանը թիկնապահներին պարտադրել էր ներողություն խնդրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31