Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկոտ պատմություն Գյումրու թիվ 29 դպրոցում․ թեստերի իրարամերժ պատասխանները բողոքի մեծ ալիք են բարձրացրել

Սեպտեմբեր 09,2020 18:35

Ուսուցիչների պարտադիր թեստավորման ժամանակ զավեշտալի դեպք է արձանագրվել Գյումրու թիվ 29 դպրոցում։ Կոլեկտիվից 65 հոգու թեստավորելիս՝ հայտնաբերել են 8 վարակակրի, սակայն նրանցից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։

Հետաքրքիր է նաև այն, որ կրկնաթեստ հանձնած երեք ուսուցիչներից երկուսը վերջերս էին վարակվել վիրուսով, նրանցից մեկը ծանր թոքաբորբով բուժվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսը՝ տանը։ Նրանց թեստերի առաջին պատասխանը ևս դրական է եկել, մինչև որ Գյումրու բժշկականում վճարովի թեստ հանձնելիս՝ հերքվել է դրական պատասխանը։

Թեստավորման պատասխանները սթրեսի մեջ են գցել շատերին, հարցը քննարկվել է անգամ Շիրակի մարզպետարանում։

Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը պատմեց հետևյալը․ «Մեզանից պաշտոնական նամակով ցուցակ ուզեցին, անմիջապես արձագանքեցինք, պատասխանեցին, որ վաղը ձեր դպրոց ենք գալիս նմուշառման։

Մեզ մոտ եկան Գյումրու թիվ 2-րդ պոլիկլինիկայից՝ իրենց հատուկ հագուստներով , նմուշառման համար դասարան տրամադրեցինք, շատ գոհ գնացին, որ մենք այդպես կազմակերպել էինք՝ սոցիալական հեռավորություն պահպանելով, պարետի հրահանգները կատարելով։ Մոտ երկու ժամ տևեց այս պրոցեսը։ Դրան հաջորդեց շաբաթ, կիրակի, ուսուցչներին հերթով զանգում էին, թե շփվել եք վարակակիրների հետ, բայց չէին ասում, թե ովքեր են վարակակիրները։ Հետո ճշտեցի, որ սկզբում երեք հոգու թեստի պատասխանն է եկել դրական, մյուս հինգի դրական պատասխանը ստացանք հաջորդ օրը։

Ութ հոգին, որոնց թեստերի պատասխանները եկել էին դրական, ոչ մեկը ոչ մի ախտանիշ չուներ, մինչև այսօր էլ չունեն։ Մեր դպրոցի ուսուցիչները Գյումրիում առաջին թեստավորվողներից էին, դրա համար էլ երևի թե աղմուկը մեծ եղավ։

Այդ ութից երկուսը վարակվել էին կորոնավիրուսով, մեկը բուժվել էր տանը, մյուսը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նա շատ ծանր էր տարել քովիդը։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս էր գրվել բացասական պատասխանով, մտածեց, որ դժվար կրկնավարակի դեպք լինի, այդ պատճառով էլ նորից գնաց թեստավորման, ու Գյումրի բժշկական կենտրոնում նրա թեստի պատասխանը եղավ բացասական։

Նրա օրինակին հետևելով՝ դրական պատասխան ստացած ևս երկու հոգի գնացին վճարովի թեստավորման, երկրորդ անգամ թեստերի պատասխանները եղան բացասական։ Նրանք մեծ սթրեսի մեջ էին ընկել, շատ ծանր տարան առաջին պատասխանը, նրանցից մեկը շատ էր զայրացել։ Այսինքն՝ այդ ութ դրական պատասխան ստացած անձանցից երեքը վճարովի հիմունքներով կրկնակի թեստ հանձնեցին Գյումրի բժշկական կենտրոնում ու պատասխանները եկան բացասական։ Միգուցե մյուսներն էլ գնային կրկնակի թեստավորման, բայց մեզ ասացին, որ պարետատունը առաջին պատասխանն է ընդունում ի գիտություն, ու նրանք այսպես, թե այնպես պիտի մեկուսանան։

Հիմա խնդրում ենք այս հարցը ճշտել պաշտոնապես, կողմնորոշվենք՝ ո՞րն է համարվում վերջնականը․ չէ՞ որ արտերկիր մեկնողները հենց Գյումրի բժշկականում են հանձնում թեստ։

Մեզ ասացին, որ առաջին թեստի պատասխանն են ի գիտություն ընդունում, էլ մյուսները չգնացին կրկնակի թեստավորման, հատկապես որ վճարովի է, մարդիկ մեծ գումարներ էլ չունեն, որ 20 հազար դրամ մուծեն դրա համար։ Անորոշ վիճակ է ստեղծվել, մարդիկ զանգում, հարցնում են՝ գա՞նք աշխատանքի, ասում եմ՝ ոչ, ամսի 18-ին կլրանա մեկուսացման շրջանը։

Այդուհանդերձ այս հարցը պիտի ճշտվի, թե որ թեստի պատասխանը պիտի համարել պաշտոնական, ո՞ր թեստի պատասխանը հիմք ընդունենք, թեկուզ հենց նրա համար, որ մարդու կենսագրության մեջ պիտի գրվի՝ ինքը վարակակիր եղե՞լ է, թե՞ չի եղել։ Խնդիրներ են առաջանում մեկուսացման հետ կապված, ասենք՝ թյուրիմացություն է եղել, բայց չէ՞ որ նրանք ընտանիք են ունեն, ընտանիքի անդամները ևս ստիպված են մեկուսանան, ընտանիքում էլ աշխատող մարդիկ կան։

Ասեմ, որ ահագին վիճաբանություն եղավ, դիմեցին, բողոքեցին թեստերի պատասխանների համար։

Ի դեպ, մեր աշխատակիցներից մեկն էլ դպրոցում թեստավորվելուց երեք օր առաջ էր իր նախաձեռնությամբ մայրաքաղաքում թեստ հանձնել՝ մտածելով մոր առողջության մասին, թեստի պատասխանը եղել էր բացասական, երեք օր հետո մեզ մոտ հանձնեց, պատասխանը եկավ դրական։ Սա է ամբողջ պատմությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930