Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքի ցույց են արել՝ առաջնագիծ գնալու իրենց դիմումներին ընթացք չտալու պատճառով

Հոկտեմբեր 08,2020 12:20

Քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքի մեզ զանգահարած դատապարտյալներից մեկը տեղեկացրեց, որ մասնաշենքում իրենց պատիժը կրող բոլոր անձինք, ներառյալ օտարերկրացիները, հրաժարվել են վերցնել առավոտյան նախաճաշը։ Հաշվառման ժամանակ էլ բոլորը մեկ մարդու նման հանել են իրենց ներքնակները՝ պահանջելով վարչակազմից դրանք ուղարկել առաջնագիծ։

«Էդքան փող են ծախսում մեր վրա, թող տանեն կռվենք, հետ կգանք, էդ ո՞նց ա աշխատողները գնացին ջոկատով։ Թող կալանավորների ջոկատ սարքեն, եթե չմեռնենք թուրքի գյուլլից, չնայած դրանք ով են, որ մի հատ էլ գյուլլեն մեզ, հետ կգանք էլի ստեղ, որտե՞ղ ենք փախնելու»,–ասաց նա։

«Թող կոնկրետ պատասխանեն տան՝ ինչ եղան մեր դիմումները, որ գրել ենք վարչապետին, վարչության պետին, հո՞ ձեւի համար չենք գրել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներից բազմաթիվ դիմումներ են ստացվել ՔԿԾ՝ առաջնագիծ զորակոչվելու խնդրանքով։

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Նոնա Նավիկյանը՝ ի պատասխան մեր հարցմանն ասաց, որ ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ եւ պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով։ «Ըստ այդմ,  Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների եւ կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Միեւնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որեւէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,–նշեց տիկին Նավիկյանը:

Ըստ այդմ, դատապարտյալների՝ առաջնագիծ մեկնելու մասին դիմումների պատասխանը պիտի ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նշենք, որ հարցում ենք ուղարկել ՊՆ, եւ ստանալուն պես կներկայացնենք պաշտոնական պատասխանը։

Արմենակ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031