Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Չիդիլյան․ Այսօր սահմանին կանգնած մեր տղաներն ապահովում են ապագա Վրաստանի հզորությունը․ «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 10,2020 09:01 Share

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության եւ երիտասարդական կենտրոնում գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակ:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է սեպտեմբերի 28-ից՝ ադրբեջանական ագրեսիայից ընդամենը մեկ օր անց։ Սակայն դրա մասին լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցով տեղեկություն է հրապարակվել միայն երեկ։

«Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակի պատասխանատուներից հասարակական գործիչ Լեւոն Չիդիլյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հազարավոր թբիլիսահայեր ներքին պայմանավորվածությամբ ու հեռախոսազանգերով են իմացել եւ իրենց աջակցությունը ցուցաբերել: Նրանից հետաքրքրվեցինք, թե հումանիտար օգնության հավաքագրումը «գաղտնի» կերպով իրականացնելու պատճառն ինչն է եղել։ Չիդիլյանը պատասխանեց՝ նպատակն այս էտապում Վրաստանում լարվածություն չառաջացնելն է եղել։ Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական համայնքը կարող էր այլ քայլերի դիմել։ «Ահավոր մեծ պրովոկացիոն դաշտ էր ստեղծվել այդ սկզբնական օրերին այստեղ, ամեն ինչ արվում էր, որպեսզի սրվեին հարաբերությունները հայ համայնքի ու վրաց պետության միջեւ, իսկ մենք օգնությունը հնարավորինս արագ տեղ հասցնելու գերխնդիր ունեինք, ավելորդ աղմուկ պետք չէր»,- ասաց նա։

Նախաձեռնության հիմնական աջակիցները թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներն են․ մոտավորապես 3000 թբիլիսահայ է արդեն մասնակցել: «Շատ-շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, բայց եղել են մարդիկ, որոնք ներդրումն անգնահատելի է։ Օրինակ, երկու ոտքերն էլ անդամահատված մեր մի հայրենակից զանգել, աղաչում էր, որ գնանք իր տնից գումարը վերցնենք։ Այնպիսի բաներ եղան այս օրերին, որ ուղղակի էլ ավելի է պարտավորեցնում մեզ»,- ասաց Չիդիլյանը՝ հավելելով՝ «Աջակցություն Արցախին» նախաձեռնության մեջ մեծ ներդրում ունի Վիրահայոց թեմի հոգեւորականությունը։

Մեր դիտարկմանը, թե այս օրերին հայությունը բազմիցս քննադատեց հարեւան Վրաստանի անտարբերությունը, հասարակական գործիչը նկատեց․ «Վրաստանը լինելով տարածաշրջանում մի երկիր, որտեղ բնակեցված են մեծ թվով ադրբեջանցիներ ու հայեր (Քվեմո քարթլիում՝ ադրբեջանցիներ, Ջավախքում՝ հայեր), այլ կերպ չէր կարող։ Միակ գրագետ եւ ճիշտ քայլն այս պարագայում չեզոքությունն էր։ Հայաստանին էլ ձեռնտու է կայուն հզոր Վրաստան, ոչ թե խառնաշփոթ, որն այստեղ կարող է առաջանալ հաշված րոպեների ընթացքում»։

Լեւոն Չիդիլյանը համոզմունք հայտնեց՝ այսօր սահմանին կանգնած մեր տղաներն ապահովում են ապագա Վրաստանի հզորությունը․ «Վրացի քաղաքագետներն էլ են այս ամենը քաջ գիտակցում։ Հիմա, Արցախում – Հայաստանում միայն լոկալ խնդիր չէ որ լուծվում է, այնտեղ լուծվում է այս տարածաշրջանի քրիստոնյա մշակույթի հարցը։ Մեր հաղթանակը ծառայելու է նաեւ Վրաստանի հետագա զարգացմանը»։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածբ ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031