Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ասում են՝ դավաճաններ չփնտրենք։ Չփնտրենք․․․բայց այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 26,2020 20:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց, որ Ադրբեջանի նպատակի Արցախի կապիտուլյացիան է, եւ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց որպեսզի փոխզիջումը եւ կառուցողական խոսակցություն լինի Ադրբեջանի հետ, մենք պետք է կանգնենք դիրքերում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր պատկերացմամբ՝ այս օրերին զինկոմիսարիատների դիմաց պետք է զինվորագրվողների 24-ժամյա հերթեր լինեն, որոնք պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցնեն եւ պատրաստ լինեն Պաշտպանության բանակի հրամանատարի ցանկացած հրամանի կատարմանը, քանի որ այսօր որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրը։

Վարչապետը նաեւ հայտարարեց՝ այն մարդիկ, որոնք լքում են պոստերը, պետք է հանրային պարսավանքի արժանանան։ Ապա` վարչապետը հիշեցրեց, ԱԱԾ-ի՝ օրերս տարածած հաղորդագրությունն, ըստ որի բժիշկը եւ քաղաքացին համաձայնության են եկել, որպեսզի գրեն, որ կորոնավիրուսով հիվանդ է, որպեսզի որեւէ մեկը զորահավաքից խուսափի․« Մինչեւ մեր հանրության մեջ այս դեպքի շուրջ չի ձեւավորվել հստակ-անառարկելի դիրքորոշում, որ էդ մարդը հետո ամաչի փողոց դուրս գալ․․․այստեղ է պրոբլեմների պրոբլեմը։

Այ, հիմա ինձ որեւէ մեկը կարող է ասել՝ կաբինետումդ նստել ես, դու գնա առաջնագիծ։ Հա, էլի գնամ առաջնագիծ, ինչ-որ մեկը այստեղ պետք է նստի, եթե պահանջն այն է, որ ես այստեղից գնամ եւ իմանամ, որ դա է ժողովրդի ուզածը, ես դա էլ կանեմ»։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նման դեպքերի պատճառով բաց է մնում մեր զինվորների թիկունքը, հատկապես այն զինվորների թիկունքը, որոնք հերոսի նման կռվում են․ «Այ սա դավաճանություն է։ Ասում են՝ դավաճաններ չփնտրենք։ Չփնտրենք․․․բայց այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է։ Որովհետեւ կարող է այդ մի կեղծ տեղեկանքով մարդը կարող էր զինվորին հաց հասցնել, փամփուշտ հասցնել, մեջքը պահել, բայց դա տեղի չի ունեցել։ Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը՝ մենք կարողանո՞ւմ ենք մեր մեջ այդ փոփոխությունն անել, թե՝ ոչ։ Եթե կարողանում ենք, մենք արագ կգտնենք այդ ռեսուրսները, եթե չենք կարողանում, մենք մեզ ինչո՞ւ ենք դատապարտում։ Սա է հարցը։

Մենք կշարունակենք աշխատել, մենք կլինենք առավելագույնս ճկուն, մեր ճանապարհը ո՞րն է։ Ադրբեջանն էլ երեւի անընդհատ զարմանում է՝ էսքան աշխարհից զենք ենք բերում, թափում Արցախի գլխին՝ մոջահեդներով, հատուկջոկատայիններով եւ այլնով, ո՞նց է՝ չեն հանձնվում, մենք պետք է ասենք, որ մենք չենք հանձնվելու։

Էդ պիտի ասենք, բայց դա պիտի լինի ոչ թե ֆեյսբուքի լայք, աջակցության խոսքով, այլ Հայաստանում չպիտի լինի բժիշկ, որ թեկուզ իր հարազատին տա տեղեկանք, որ կորոնավիրուսով հիվանդ է, եւ չպիտի լինի մարդ, որ ձեռքը պարզի, որ տեղեկանքը վերցնի։ Այս իրավիճակը պիտի մարդու համար ավելի ծանր լինի, քան հայրենիքի համար զոհվելը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031