Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Մինչեւ վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, ի՞նչ կանեիք…. պատերազմի ելքը մենակ Աստված գիտի». Արմեն Խաչատրյանի ուշագրավ մտքերը

Դեկտեմբեր 02,2020 15:46 Share

Ի՞նչ եք արել դուք, որ գոնե այդ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրվեր շատ ավելի շուտ ու ունենայինք շատ ավելի քիչ զոհեր ու քիչ տարածքային կորուստներ: Այսօր ԱԺ-ում այս հարցն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանին: Նա պատասխանեց. «Նախ ես դիվանագիտական կորպուսի աշխատակից չեմ, որ ինչ-որ բան անեմ, բայց առաջին օրվանից եղել եմ բանակի եւ իմ ժողովրդի կողքին, ինչ արել եմ՝ հրապարակման ենթակա չէ: Ասում եք՝ անցել է 20 օր, ինչ եք արել: Ադրբեջանին պահանջվեց 25 տարի, որ ինքը հասներ հաջողության ու այդ 20 օրը, որ դուք նշում եք, դա բավարար չէ, որ մարդը մի հատ ստուգարքի պատրաստվի կամ քննության»:

Լրագրողները հուշեցին՝ ախր 2,5 տարի իշխանության եք եղել, պատրաստվեիք, դուք չգիտեի՞ք, որ գալիս եք Ղարաբաղի խնդիրը շալակած: Նա պատասխանեց, թե հարցը փակուղի էր մտել վաղուց՝ դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակից. «Դուք ասում եք՝ 20 օր անցել է, ի՞նչ եք արել, նման հարց կարող էր տալ փոքր երեխան»: Նա վստահեցրեց, որ 2 տարվա ընթացքում բանակում շատ բան է փոխվել, ձեռք են բերվել հակաօդային պաշտպանության միջոցներ, որը երբեւէ չի եղել, սննդի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերվել ու բանակում սնունդը ապահովել են նորմալ՝ անգամ պատերազմի օրերին: Դիտարկմանը, որ այդ ՀՕՊ համակարգերը ինչ վիճակում եք ձեռք բերել՝ ժանգոտված՝ Արմեն Խաչատրյանը վստահեցրեց. «Ես ժանգը չեմ տեսել»:

Խոսելով ռազմամթերքի ձեռքբերման մասին Մովսես Հակոբյանի հայտարարություններից՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին նրա հայտարարությունները քննարկվում են քրեադատավարական դաշտում ու պետք է պարզվի՝ պետական գաղտնիքի հրապարակումները՝ ճիշտ եւ ոչ ճիշտ, քրեական պատասխանատվության տարրեր պարունակո՞ւմ են, թե՞ ոչ:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պատերազմում դասալիքները շատ-շատ են ու չի ուզում անուններ հրապարակել՝ թշնամուն չուրախացնելու համար: Բայց այդ ամենին քրեադատավարական գնահատական կտրվի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 11-ի նիստից մանրամասներ էր պատմել, թե ինչպես են իրենք հորդորել Փաշինյանին կանգնեցնել պատերազմը, ինչը չի արվել: Այս առնչությամբ Արմեն Խաչատրյանն ասաց. «Մի պատգամավոր էլ ես եմ եւ մինչեւ վերջին պահը ես ձգտել եմ, որ պետք է կռվել եւ հաղթանակ տանել: Կոնկրետ մեկը ես եմ ու բոլորին հորդորել եմ, որ պետք է կռվել, ոչ մի քայլ հետ»:

Դիտարկմանը, որ ԳՇ պետը ներկայացրել է իրավիճակը, ի՞նչ է նշանակում կռվել մինչեւ վերջ, երբ ԳՇ պետն ասել է՝ պետք է դադարեցնել՝ Արմեն Խաչատրյանն այսպիսի պատասխան տվեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, այդքան ռեսուրսներ ունենալով՝ մենք հանձնվեինք, այս նույն հողերը տայինք, ի՞նչ կանեիք: Մինչեւ վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, ի՞նչ կանեիք»: Զարմանքին, որ իրավիճակը գնահատվել է, որ ծանր է, եթե չկար ռեսուրս, ի՞նչ կռիվ՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ժողովուրդ, պատերազմի ելքը ի սկզբանե ոչ շտաբի պետը կարա որոշի, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Իլհամ Ալիեւը, ոչ էլ Էրդողանը: Մենակ Աստված գիտի դրա վերջը ինչ կարա լինի: Դե հիմա ստացվել է՝ հարավային ուղղությամբ ճեղքում է եղել, գուցե չստացվեր ու պարտություն չկրեինք: Դուք եկել ասում եք՝ ինչի՞ չեք կանխատեսել, որ նոյեմբերի 9-ին պարտվելու էինք: 41 թվականին էլ բոլորն էին կանխատեսում, որ Ռուսաստանը պիտի պարտվեր, պարտվեցի՞ն»:

Հարցին՝ ասում եք, թե մենակ Աստված գիտի, այդ դեպքում ԳՇ-ն ինչո՞ւ է ձեւավորվում, ղեկավարությունը ինչի՞ համար է՝ նա պատասխանեց. «Զինված ուժերը կառավարելու համար»: Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ԳՇ պետի կարծիքը կարծիքներից մեկն է, նա մի բան է ասել, այլ գեներալներ՝ այլ բան. «Ես կասկածում եմ՝ ԳՇ պետը նման հայտարարություն արե՞լ է, ասե՞լ է, որ 4-րդ օրը պետք է դադարեցնել, կասկածում եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել