Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի մանուկներ»-ը սարեր կշրջի հանուն Հայաստանի ապագայի. առցանց դրամահավաքին հնարավորություն կունենան միանալու աշխարհի հայերը

Դեկտեմբեր 11,2020 15:16

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ամենամյա գալա-երեկոն փոխարինվում է «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաք- միջոցառմամբ։ Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան 5։00-ին, ամբողջ աշխարհի հայերը հնարավորություն կունենան միանալու հեռարձակմանը, խորությամբ ճանաչելու ՔՈԱՖ-ի գործն ու անմիջապես մասնակցելու Հայաստանի գյուղերի առջև ծառացած խնդիրների լուծման ՔՈԱՖ-յան առաքելությանը։

Միջոցառման ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է Արցախից տեղահանված և ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների կեցության ապահովման ծրագրերին, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, երեխայի և ընտանիքի ծառայությունների և տնտեսական ծրագրերին, որ իրագործվում են Հայաստանի շուրջ 60 գյուղական համայնքներում։

«ՔՈԱՖը ոտք է դնում նոր՝ 2021 թվական շատ ավելի պատրաստված և ավելի զորեղ՝ անկոտրում նպատակ ունենալով կառուցել կուռ հասարակություն։ Մեր բոլոր ծրագրերը շարունակելու են ծառայել մեր առաքելությանը՝ զարգացած և հզոր երիտասարդների շնորհիվ շենացնելով Հայաստանի և Արցախի գյուղական համայնքները»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

ՔՈԱՖ-ը 2020 թվականի բարդ մարտահրավերներին արձագանքել է մեծագույն պատասխանատվությամբ և հրատապության լրջագույն ընկալմամբ։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրերից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իր շահառու համայնքներում ապաստան է տրամադրել Արցախից տեղահանված շուրջ 500 հոգու՝ ապահովելով ամենօրյա սնունդ, կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ և հագուստ։ Այժմ ՔՈԱՖ-ն աշխատում է նաև այդ ընտանիքներին հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ՝ նրանց մատուցելով երեխայի և ընտանիքի ծառայություններ, նրանց ներառելով կրթական, առողջապահական և տնտեսական ծրագրերում։

«Շուռ տանք սարերը» առցանց դրամահավաք-միջոցառումը վարելու են Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերության մեկնաբան և հաղորդավար Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի Զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը։ Դրամահավաքի վիրտուալ միջոցառման ընթացքում ելույթ կունենան երգչուհի Իվետա Մուկուչյանը և ջութակահար Արա Մալիքյանը, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ Հայաստանից։ Հատուկ ուղերձով հանդես կգան դերասանուհի Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, երաժիշտ Սերժ Թանկյանը և ուրիշներ։

Դրամահավաք-միջոցառմանը հնարավոր է հետևելwww.coafgives.org կայքում։ Այս տարի առաջին անգամ այն հեռարձակվելու է նաև ԱՄՆ-ի USArmenia և ARTN  հեռուստաընկերությունների արբանյակային ալիքներով։

Միջոցառման ընթացքում նաև հարգանքի տուրք կմատուցվի ՔՈԱՖ-ի համայնքների հերոս զինվորներին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031