Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոչ թե ուժի օրինակով, այլ օրինակի ուժով. Ջո Բայդենը երդվեց և դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը

Հունվար 20,2021 21:45

Վաշինգտոնում այս պահին ընթանում է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

«Այսօր Ամերիկայի օրն է: Այսօր ժողովրդավարության օրն է: Պատմության և հույսի օրը: Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի, այլ նպատակի հաղթանակը: Նպատակը ժողովրդավարությունն է: Ժողովրդի կամքը լսելի դարձավ, և հենց այդ պահին, ընկերներ, ժողովրդավարությունը հաղթանակ տարավ»,- երդվելուց հետո իր առաջին ելույթում ասել է Բայդենը:

Ընտրված նախագահը հայտարարել է, որ «ամբողջ հոգով» կձգտի միասնականության, և այդպիսի կոչ է արել նաև ամերիկացիներին:

«Բոլոր մարտահրավերներին դիմակայելու, Ամերիկայի ոգին վերականգնելու և ապագան ապահովելու համար մի քիչ ավելին է պետք, քան խոսքերն են … միասնականություն… Այսօր՝ հունվարյան այս օրը, իմ մտքերն այդտեղ են՝ համախմբելու Ամերիկան, միավորելու մեր ժողովրդին, միավորելու մեր ազգը: Եվ ես խնդրում եմ բոլոր ամերիկացիների միանալ ինձ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա:

Խոսելով մարտահրավերներից՝ Բայդենը նշել է, որ իրենք դեռ շատ անելիք ունեն՝ հաղթահարելու համավարակի հետևանքները և վերականգնվելու, իսկ ծայրահեղականությունն ու ներքին ահաբեկչությունը կպարտվեն:

«Մենք առաջ կշարժվենք, քանի որ շատ բան ունենք անելու այս չարաբաստիկ ձմռանը,- ասել է նա՝ նկատելով, որ բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվել, հարյուր հազարավոր բիզնեսներ են փակվել: Նա ընդհատել է իր ելույթը՝ մեկ րոպե լռությամբ հարգելով համավարակի զոհերի հիշատակը:

Իր ելույթում Բայդենը նաև խոստացել է, որ կվերականգնեն միությունները և կրկին կհարաբերվեն աշխարհի հետ:

«Մենք կվերականգնենք մեր դաշինքները և կրկին կհարաբերվենք աշխարհի հետ: Ոչ թե երեկվա, այլ այսօրվա և վաղվա մարտահրավերներին արձագանքելու համար: Ես կղեկավարեմ ոչ թե մեր ուժի օրինակով, այլ մեր օրինակի ուժով»,- ասել է նա:

Կորոնավիրուսի և հնարավոր անկարգությունների պատճառով երդմնակալությունն անցկացվում է առանց հանդիսատեսի և անվտանգության բարձր միջոցառումների պայմաններում: Վաշինգտոնում կենտրոնացած են Ազգային գվարդիայի 25 հազար ծառայողներ, քաղաքի կենտրոնը փակ է:

Երդմնակալության արարողությանը մասնակցում են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման, ինչպես նաև արդեն նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը: Դոնալդ Թարմփը, ի հեճուկս ավանդույթին, հրաժարվել է մասնակցել նոր նախագահի երդմնակալությանը: Միջոցառումից մի քանի ժամ առաջ նա ուղղաթիռով Սպիտակ տնից մեկնել է Մերիլենդ նահանգ՝ Էնդրյուս ավիաբազա, որտեղ նախագահի պաշտոնում կանցկացնի վերջին միջոցառումը:

Այսօր ավելի վաղ Ջո Բայդենը Twitter-իր իր էջում սեր էր խոստովանել կնոջը. «Ջիլլի, ես սիրում եմ քեզ: Եվ անչափ շնորհակալ եմ, որ դու կողքիս ես ինձ սպասվող ճանապարհին»:

Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես Twitter-ում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով տարբեր ռասսայական պատկանելություն ունեցող կանանց: «Ես այստեղ եմ՝ շնորհիվ նրանց, ովքեր եկել են ինձնից առաջ»,- գրել է նա՝ կցելով տեսանյութ: Դրանում նա հիշատակում է իր մորը, որն ԱՄՆ է տեղափոխվել Հնդկաստանից, ինչպես նաև տարբեր ծագման այլ կանանց, որոնք պայքարել են հավասարության համար:

Երդմնակալության հանդիսավոր արարողությանը ԱՄՆ հիմնը կատարել է երգչուհի Լեդի Գագան: Վերջինս հայտնի է որպես Թրամփի վարչակազմի մոլի քննադատ: Իր ելույթից առաջ նա Twitter-ում գրել էր, որ ցանկանում է, որ իր ելույթը վերջին 4 տարիների տարաձայնություններից հետո դառնա տարբեր հայացքների տեր մարդկանց մերձեցման պահ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031