Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. Աննա Նաղդալյան

Հունվար 26,2021 21:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են:

«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշեց Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Իսկ նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը:

Իր հերթին Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձում է.

« – Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.

– Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.

– Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի մասին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Տիկին Նաղդալյան, իրոք՞՞՞…., ինչպես կասեր դասականը….
    Վայ, վույ ինչպիսի տխուր լուր….
    Փաստորեն «1ին դեմքի» դիվանագիտական անձնագիրը ներքնաշորերից պակաս կարևոր էր