Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընթացի աստիճանները

Փետրվար 02,2021 10:00

Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ երկու հայաստանցիներ խոսում են տիեզերագնաց դառնալու եւ Սուրմալու տոնավաճառի կողմից Մարս եւ Յուպիտեր թռչելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ այդ երկխոսությունը սարքած է, այսպես ասած, «հումորային սքեթչ» է, բայց՝ շատ դիպուկ է եւ մեր իրականությունը ներկայացնող: Եվ առաջին միտքը, որն իմ գլխում ծագեց, հետեւյալն էր՝ դա ներկայիս վարչապետի ընտրազանգվածի հավաքական կերպարն է: Մարդիկ, որոնք գրքեր չեն կարդացել, դպրոցում լավ չեն սովորել (չնայած շատ հնարավոր է՝  ունենան բարձրագույն կրթության մասին դիպլոմ), նրանք իրենց գլխում «ֆիլտրեր» են դրել ինֆորմացիոն բազմազանության համար եւ ապրում են սեփական նախապաշարումների եւ առասպելների աշխարհում: Այդ մարդկանց ամենեւին դժվար չէ համոզել, որ, ասենք, Երկրագունդը տափակ է:

Իհարկե, կան նաեւ Փաշինյանի միանգամայն կիրթ եւ զարգացած պաշտպաններ՝ նրանք ներկայիս իշխանության ներկայացուցիչներն են, վերջիններիս հետ «փոխկապակցված անձինք», ոմանք գուցե ինչ-որ ակնկալիքներ ունեն՝ իրենց կամ իրենց երեխաների պաշտոնների, մանդատների կամ կարիերայի հետ կապված:

Կան նաեւ քրոնիկ քծնողներ: Բայց իշխանության պաշտպանների այս «սեգմենտը» մի քանի հարյուր մարդ է կազմում՝ նրանց դժվար է «ընտրազանգված» համարել: Գերակայողն այն զանգվածն է, որը նկարագրված է վերոհիշյալ «սքեթչում» եւ որի ներկայացուցիչներից մենք պարբերաբար հարցազրույցներ ենք վերցնում (օրինակ, Արարատում, ավելի վաղ՝ Գյումրիում եւ Վանաձորում):

Խնդիրը, հետեւաբար, Փաշինյանը չի՝ նա պարզապես արտացոլում է հասարակության ներկայիս ողբալի վիճակը: Իսկ հետընթացի պրոցեսը, բնականաբար, չի սահմանափակվում 2,5 տարվա ժամանակահատվածով՝ դա առնվազն 30 տարվա պատմություն է: Գործոնները բազմաթիվ են. 1990-ականների առաջին կեսին երեխաների ստացած կիսատ-պռատ կրթությունը, ընդհանրապես կրթական համակարգի արատները, մտավորական վերնախավի զգալի մասի արտագաղթը, մյուս մասի վախը` մեծամասնության քարկոծման թիրախը դառնալու, համացանցային իրականությունը՝ եթե դուք, օրինակ, համոզված եք, որ Երկրագունդը տափակ է, ապա համացանցում կգտնեք դրա հազարավոր «ապացույցներ» (իսկ եթե Փաշինյանը դա ասի, ուրեմն վերջ՝ դա վերջին ատյանի ճշմարտություն է): Այստեղ ես պարզապես մի քանի գործոն եմ քննարկում՝ ավելի համապարփակ վերլուծությունն առջեւում է:

Այդ դեգրադացիայի պատասխանատուն, իհարկե, նաեւ ես եմ: Դարձյալ պարզապես թվարկեմ իմ ձախողումներից մի քանիսը: 1997 թվականին ես չկարողացա իմ ընթերցողներին համոզել, որ Արցախի փոքր մասը զիջելով, մենք կպահպանենք դրա հիմնական տարածքը: 2007-08 թվականներին ինձ չհաջողվեց համոզել, որ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է» կարգախոսը սխալ է:  2016-ին չկարողացա համոզել, որ ոստիկանության գնդի վրա զինված հարձակումը եւ մարդ սպանելը վտանգավոր հանցագործություններ են: 2018-ին չկարողացա համոզել, որ որեւէ մեկին մերժելը քաղաքական օրակարգ չէ: Այս եւ բազմաթիվ այլ դեպքերում ես «ճնշող փոքրամասնության» շարքերում էի, իսկ «ինծիլիգենտ» բառը դարձավ ֆեյսբուքյան տարածված հայհոյանք: Բայց ես ոչ մեկից նեղանում, թեւաթափ չեմ լինում, հակառակը՝ կարծում եմ, որ այս ողբերգական իրավիճակում ինձ նման մարդկանց ջանքերը պետք է կրկնապատկվեն:

…Վերջին ժամանակներս «սփոփիչ» արտահայտություններ եմ կարդում՝ «ժողովուրդը չի պարտվել, պարտվել է իշխանությունը  (կառավարությունը, գեներալները եւ այլն)»: Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Արցախի փոքր մասը զիջելով..՝ ըհը, դայ եմու պալեց, ա օն վսյու ռուկու օտկուսիտ:
    ՝«ով մեզ հետ չէ, նա սրիկա է» կարգախոսը սխալ է՝ ըհը, ուրեմն ճիշտ է հակառա՞կ կարգախոսը՝ «ով մեզ հետ է, նա է սրիկա» կամ «ով մեզ հետ չէ, նա սրիկա չէ», հետը կապ չունի, խոսքը դեմի մասին է, «ով մեզ դեմ չէ՝ մեզ հետ է եւ այնքանով, որքանով մեզ դեմ չլինողներն են մեզ ընդունում իրենց հետ» կարգախոսն է ճիշտը:
    ՝..ոստիկանության գնդի վրա զինված հարձակումը..՝, գայ ֆոքսի դիմակը պատուհանի մոտ հայերեն չէր, միգուցե վարկաբեկելու համար էր արված՝ միամիտ մտքեր եկան..
    ՝որեւէ մեկին մերժելը քաղաքական օրակարգ չէ՝ այստեղ լիովին համաձայն եմ, սա մանկամտության նշան է, կասեմ ավելին՝ այն հայը, ով մյուս հային նեղացնում է, ուրեմն առնվազն նրանցից մեկը հայ չէ կամ էլ երկուսն էլ հայ չեն: Այն ինչ պառակտում է հայերին՝ հատելով հայի կարմիր գծերը, պետք է դառնա ազգային անվտանգության խստագույնս ուշադրության կենտրոնում, նրանցից հաստատ մեկը կամ հենց երկուսն էլ թշնամի ազգի գործակալ են կամ էլ չգիտեն, որ իրենց գեներում թշնամի ազգի խառնուրդներ կան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728