Լրահոս
Օրվա լրահոսը

Համազասպ Դանիելյան. «Ես զգուշավոր կլինեի՝ գալու այն եզրակացության, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձեւը իրեն չի արդարացրել»

Մարտ 05,2021 15:31

«Պե՞տք է արդյոք անցնել կիսանախագահական համակարգի» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ ցանկացած գաղափար գոյություն ունենալու իրավունք ունի:

«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով կա, որն աշխատել է: Ցավոք, այդ հանձնաժողովը վերջին ամիսներին, հասկանալի պատճառներով, չի գործում: Ինքս այդ հանձնաժողովի կազմում չեմ եւ հեռվից եմ հետեւել քննարկումներին: Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել, այն էլ՝ դրվագային: Եվ այդ կարծիքը բավական պարզ է: Հանրության, տարբեր կուսակցությունների շրջանում տարածված միտքը, որ կառավարման ձեւը էապես պայմանավորել է կամ կարեւոր ազդեցություն է ունեցել պատերազմի ընթացքում Հայաստանի վարկի վրա, պետք է մանրամասն եւ լրացուցիչ քննարկվի: Ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է առանձին շեշտվել կառավարման ձեւի տարբերությունը:

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ ցանկացած երկրում եւ ցանկացած պարագայում ինստիտուտների կայանալու համար ժամանակ է պետք: Հետեւաբար, ես զգուշավոր կլինեի՝ գալու այն եզրակացության, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձեւը իրեն չի արդարացրել, որովհետեւ բավարար ժամանակ չի անցել: Եթե կարճ լինեմ, կարծում եմ, որ այն պարագայում, եթե սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու, այս հարցը կարող է եւ պետք է լինի քննարկման առարկա հենց թեկուզ հաշվի առնելով քաղաքական հանրության, մի շարք կուսակցությունների եւ քաղաքական գործիչների դիրքորոշումը, որտեղ կա ամրապնդված համոզմունք, որ կիսանախագահական համակարգը ավելի արդյունավետ է: Ես ինքս այդ համոզմունքը այս պահին չեմ կիսում, որովհետեւ բավարար փաստարկված չեմ համարում դա: Այնպես որ, դրանք լրացուցիչ քննարկման առարկա պետք է լինեն»,- նշեց իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031