Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Երբ նահանջ տարի է լինում, ամեն օրը ներքին արդյունք է գեներացվում»

Մարտ 26,2021 12:49

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկինում արած իր այն հայտարարությանը, թե այս տարի ձգտելու են երկնիշ տնտեսական աճի, ասաց՝ կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 % տնտեսական աճ, իսկ բյուջեի կանխատեսումներով 3,2% է, բայց 2021 թվականի հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը:

«Եթե մենք համադրենք, եւ եթե մենք պահենք նույն աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10% տնտեսական աճ: Ընդամենը դա է: Մենք տեսնում ենք բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են եւ սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ տեղի են ունեցել»,-ասաց նախարարը:

Այդ ծրագրերից մեկն էլ, ըստ պարոն Քերոբյանի, «Էվոլուշն գեյմինգն» է․«Երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում, կարելի է ասել, որ ամենամեծ ծիրանի ինտենսիվ այգին է, որտեղ բազմամիլիոն ներդրումներ են արվել պետական օժանդակությամբ: Ջերմոցային բազմաթիվ տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա: Բացի դրանից, արդյունաբերական ոլորտում էլ կա, որի մասին ես կնախընտրեմ խոսել այն ժամանակ, երբ դրանք սկսեն աշխատել»։

Նախարարի խոսքով՝  անցած տարի նահանջ տարի էր, եւ սովորաբար, երբ  նահանջ տարի է լինում, ամեն օրը ներքին արդյունք է գեներացվում․«Իհարկե, դա այնպես չէ, որ ամբողջությամբ համամասնորեն է, բայց տարբերություն կա․ «Եթե ճշգրտումներ մտցնենք այդ (նկատի ունի տնտեսական անկման ցուցանիշը, Ն․Բ․) 5.3%-ի մեջ, արդեն շատ մոտ ենք վերականգնվելու կետին»։

Նշենք, որ Վահան Քերոբյանն այսօր մասնակցում էր Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031