Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում հասունանում է առյուծների ընդվզումը․ «Ազգ»

Ապրիլ 03,2021 10:10

«Իմքայլականների» ցինիզմն այն աստիճանի է հասել, որ նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհված եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին:

Ֆեյքաֆաբրիկան ամիսներ շարունակ անարգանքի սյունին էր գամում այն ծնողներին, որոնք մասնակցում էին ընդդիմության միտինգներին եւ պահանջում պատասխանտվության ենթարկել իրենց զավակների սպանության մեղավորներին ու հորդորում Փաշինյանին հեռանալ:

Մարդու մարմնով սարսուռ է անցնում, երբ կարդում է, թե նիկոլապաշտների ճամբարն ու ֆեյքաֆաբրիկան հայհոյանքների, ծաղրանքի ինչ բառամթերք են օգտագործում` փորձելով լռեցնել զոհվածների ու գերեվարվածների հարազատներին, թե գնացեք տուն ու ձեր լացը լացեք, Նիկոլի հետ գործ չունեք, մի խառնվեք քաղաքականությանը:

Լրատվամիջոցներն ու սոցցանցերը լուսաբանում են մեր հերոսների սխրանքները, անձնազոհության պատմությունները: 5000-ից ավելի անհատական պատմություններ, ողբերգական դիպվածներ ու հերոսապատումներ կան` մեկը մեկից փշաքաղեցնող, մեկը մեկից վեհ ու անանձնական: Համաշխարհային կինեմատոգրաֆիան մի ամբողջ դար փառահեղ ֆիլմերի նյութ ու թեմա ունի` հանձինս մեր դեռատի պատանիների առասպելական սխրանքների:

18 տարեկան Գարիկը չի լսել հրամանատարի «նահանջ» հրամանը, ինքն է հրամայել` ես թուրքերին կպահեմ, զորքը հետեւի կողմից արագ հանեք: Եվ գնդացրորդ Գարիկն իր վրա է վերցրել թշնամու կրակը` փրկելով 120 զինվորի կյանք: Զոհվել է` ապրեցնելով 120 հոգու, վառ պահելով 120 ընտանիքի տան ճրագը, թույլ չտալով, որ 120 մայրերի աչքերն արցունքոտվեն, մինչդեռ իր 40-ամյա մայրը վշտից խելագարվում է արդեն: Գարիկը ծնողների միակ զավակն էր: Մայրը շոյում է որդու մեդալն ու ասում` ես չեմ ուզում հերոսի մայր լինել, մինուճարիս վերադարձրեք: Սպասում է գիշերը գա, որ երազում Գարիկին տեսնի` ողջ-առողջ, մոր ուսը պինդ գրկած, նրան զորավիգ: Գարիկի տատն ասում է. «Ես ամաչում եմ, որ 74 տարեկան եմ, ապրում եմ, իսկ իմ 18-ին հողն եմ դրել»:

Գարիկի տատը, որի բերանից բացի «ջան»-ից ուրիշ ոչ մի խոսք մինչեւ հիմա չի լսվել, հիմա ամեն օր Աստված է կանչում, որ մինուճար թոռան զոհվելու պատճառ-մեղավորները պատժվեն: Իսկ նա մեղավոր է համարում Փաշինյանին:

Փաշինյանը հանրությանը հիմա էլ բաժանում է գայլերի ու գելխեղդների: Նա հաշվի չի առել, որ Եռաբլուրում հասունանում է առյուծների ընդվզումը: Իրենց կորյունին կորցրած մայր-առյուծները հավերժ լաց չեն լինելու, պայքար է հասունանում. թվում է, թե հսկա սարը լուռ սգում է՝ իր ճակատագրի հետ հաշտված, բայց ոչ, սարի սրտում լավան սկսել է եռալ: Հատուցման ժամը մոտենում է, պատրաստվե՛ք, ուսապարկային ռեֆլեքսներով առաջնորդվող պատգամավորնե՛ր, կառավարության անդամնե՛ր ու գլխավոր ճամպրո՛ւկ: Դուք առյուծներից խլել եք նրանց կորյուններին՝ խաբեությամբ, դավադրաբար, անգթորեն: Կարո՛ղ էիք ազնվազարմ կորյունների սպանդը կանխել, չկանխեցիք ու դեռ բորենիների պես սպասում եք, որ առյուծները կատվի՞կ կդառնան, կամ ցավից կխելագարվեն եւ քաղաքական նոր որոգայթների նկատմամբ անտարբե՞ր կլինեն: Ավելին՝ բորենիներն առյուծներից քվեաթերթիկ են ակնկալում:

Մեդալներով փորձում եք լռեցնել առյուծներին, բայց ոչ միշտ է ստացվում, մեդալները ձեր երեսին են շպրտում: Սեւազգեստ կանայք փորձում են պարզել իրենց որդիների, ամուսինների, եղբայրների զոհվելու հանգամանքները, պատճառները: Նրանք իրե՛նց հետաքննությունն են սկսել՝ գտնելու մեղավորներին: Գալո՛ւ է հատուցման ժամանակը:

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930