Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն արվեստի արժե ապրել»

Ապրիլ 16,2021 13:00

Ռեժիսոր եւ դերասան Պարույր Ներսիսյանը 5 կարճամետրաժ եւ 3 վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Նա կինոաշխարհում հաստատուն քայլեր է կատարում` հիմքում ունենալով կարեւոր սկզբունքներ եւ ասելիք։ Պարույրի հետ զրուցել ենք տարբեր թեմաների շուրջ։

– Պարույր, առաջինը, որ ուզում եմ հարցնել, բնականաբար՝ պատերազմի հետ է կապված, ի՞նչ փոխվեց քո մեջ…

– Ծնված օրվանից առնչվել եմ պատերազմի հետ: Իմ կյանքի ամբողջ ընթացքը կարելի է ասել՝ պատերազմ է եւ այդ պատերազմը շարունակվում է մինչ օրս… Չգիտեմ ինչու, ինձ մոտ տպավորություն է, որ մինչեւ կյանքիս վերջն էլ կլինեմ պատերազմի մեջ: Թե ինչ փոխեց իմ մեջ պատերազմը, դժվարանում եմ պատասխանել, սակայն կա հստակ մի բան, այս վերջին պատերազմն ինձնից խլեց իմ ընկերներին, հարազատներին, հայրենիքիս մեծ մասը… Իմ կյանքում շատ բան պակասեց: Ինչպես առաջին, այնպես եւ վերջին պատերազմներից հետո, ինչպես նշեցի` շարունակում ու շարունակելու եմ պատերազմել։

– Օրեր առաջ դիտեցի քո կարճամետրաժ ֆիլմը` «Տխուր խաղալիքներ» -ը։ Այնտեղ քո որդին գլխավոր դերում է եւ այսպես ասած` բովանդակություն հաղորդողը հենց ինքն է։ Ինչպե՞ս է ստացվում այդքան զգայուն ֆիլմը ստեղծել այնպես, որ իր դերն ու նշանակությունը պահպանի տարբեր ժամանակներում։ Նմանօրինակ ֆիլմի սցենարները, ինչպես հասկացա` միշտ մտքումդ պտտվում են եւ վերջում իրագործվում…

– Իմ «Տխուր խաղալիքներ»-ում որդիս դերակատար է: Չնայած նկարահանումների ժամանակ նա նոր էր դարձել 3 տարեկան, այնուամենայնիվ՝ ես ու Հրաչյան հրապարակում ռեժիսոր-դերասան հարաբերության մեջ էինք, ոչ թե հայր ու որդի: Կարծում եմ՝ իմ դերասանը կարողացավ ճիշտ մատուցել ու տեղ հասցնել այն պատմությունը, որի մասին ուզում էի խոսել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է ստացվում ստեղծել ֆիլմ, որ իր ասելիքը բոլոր ժամանակներում տեղ հասնի, կասեմ մի բան՝ պետք է անկեղծ ստեղծագործել։ Ինձ համար շատ ավելի լավ կլիներ, որ պատերազմի մասին չնկարեի… Ավելի շատ կցանկանայի ֆիլմեր ստեղծել այլ թեմաներով։ Ցավոք, իմ ուղեղում շատ հաճախ են պտտվում պատերազմական թեմայով պատմություններ, որոնք անմիջապես կապված են իմ հիշողությունների հետ ու ցավոք՝ հաջորդ ֆիլմիս թեման նույնպես պատերազմն է։

– Ինչո՞ւ դարձար դերասան ու ռեժիսոր, ոչ թե` բժիշկ, գիտնական, տնտեսագետ։

– Դարձա ռեժիսոր ու դերասան լրիվ պատահական, բայց վստահեցնում եմ, որ եթե, օրինակ, բժիշկ դառնայի, ավելի լավը կլինեի, քան հիմա կամ:

– Ի՞նչ պլաններ ունես։ Սպասե՞նք լավ նորությունների։

– Պլաններում 2 ֆիլմերս են` «Մի զույգ երջանկություն» եւ «Գիշեր-Ցերեկ» վերնագրերով, ինչպես նաեւ նոր կինոփառատոներ եւ ամենակարեւորը՝ քրտնաջան աշխատանքն է ու առաջ գնալը:

– Ապագայում նկարահանվող ֆիլմերիդ գույները սեւ ու սպիտակ կլինե՞ն, այսինքն` պատերազմի մասին, թե՞ խաղաղության։

– Ես չեմ ցանկանում իմ ֆիլմերը բաժանել սեւերի ու սպիտակների: Առաջիկա ֆիլմերը կլինեն իրականության մասին. այսքանը կարող եմ ասել:

– Դժվա՞ր է կադրում տեղավորել պատերազմական իրականությունը։

– Պատերազմը կադրում տեղավորելը զուտ տեխնիկական հարց է: Ավելի դժվար է ներքին ապրումներդ այն պահին, երբ պատերազմի մասին պատմում ես: Երբ պատմում ես մի դաժան իրականության մասին, ինչի հետ անձամբ ես առնչվում ամբողջ կյանքիդ ընթացքում:

– Ե՞րբ ես զգում, որ բոլոր ուժերդ պետք է կենտրոնացնես եւ նվիրվես աշխատանքիդ։

– Միշտ։ Չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, ես միշտ պատրաստակամ եմ, տրամադրված աշխատանքիս հանդեպ ու անչափ սիրում եմ այն: Եվ իհարկե՝ լիովին նվիրված եմ աշխատանքիս:

– Կինոաշխարհի խնդիրների մասին…

– Խնդիրները շատ են, բայց կառանձնացնեմ մեկը։ Մեր երկրում կինոն զարգացնելու համար լավ կլիներ հնարավորություն տային երիտասարդ ռեժիսորներին։

– Իսկ այդ հնարավորությունը ինչո՞վ է պայմանավորված։

– Թեկուզ փոքրիկ, բայց կարեւոր խորհուրդներով։

– Այդ ոլորտում եղե՞լ են հիասթափեցնող պատասխաններ։

– Իհարկե՝ եղել են, բայց միշտ փորձել եմ առաջ գնալ։ Կինոն մեղք չունի, որ հիասթափեցնող մարդիկ էլ կան։ Բայց դա էլ է պետք։

– Մի արտահայտություն կա` «Հանուն արվեստի արժե մեռնել»։ Մեր ընթերցողներին կասե՞ս այս արտահայտության հետ կապված քո կարծիքը։

– Ես կասեի` հանուն արվեստի արժե ապրել։

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930