Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ինքն է հանձնել Արցախը․ Արցախի գլուխը կերել է, հիմա էլ Հայաստանի Հանրապետության գլուխն է ուտում»․ Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 02,2026 14:09 Share

«Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որեւէ այլ իշխանություն չի կարող փակել Արցախի էջը։ Իրենց քաղաքական էջը ինչ-որ պահի փակվելու է, ես համոզված եմ, բայց երբեք ու երբեք Արցախի էջը չի փակվելու, քանի կան մարդիկ, եւ ես կարծում եմ, որ նրանք մեծամասնություն են, որոնք ամեն օր արթնանում են Արցախ վերադարձի գաղափարով։ Հանեք այդ գաղափարը, եւ տակը ոչ մի բան չի մնալու։ Մեր բոլորիս կյանքի նպատակն Արցախ վերադարձն է, ուրիշ այլ տարբերակներ կոնկրետ ես չեմ քննարկում»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ համոզված է՝ վերադարձի օրը կգա։ Թերացումներն ու բացթողումները պետք է լրացնել, այլ տարբերակ չկա՝ երբ ժողովուրդը համախմբվի, պառակտումը վերանա, այդ գաղափարը կյանքի է կոչվելու, էլի հազարավոր մարդիկ ապրելու ու մտածելու են հենց այդ գաղափարով ու արժեհամակարգով։

«Նիկոլ Փաշինյանն ինքն է հանձնել Արցախը, Արցախի գլուխը կերել է, հիմա էլ Հայաստանի Հանրապետության գլուխն է ուտում։ Եվ եթե պետք լինի մեր հայրենիքը պաշտպանելու, ուղղակի զենքը պետք է վերցնենք, այդ հայրենիքը պաշտպանենք։ Արցախը դավադիր պայմանավորվածության արդյունքում է հանձնվել, եւ ամեն հնարավոր գործիք պետք է գործադրել, որպեսզի վերադառնանք Արցախ։ Դա կլինի բանակցությունների ճանապարհով, գոյություն ունեցած ֆորմատներին վերադառնալու ճանապարհով, բայց վերադարձի իրավունքը ոչ մեկի ձեռքից չեն վերցրել, այդ վերադարձի իրավունքը պատկանում է յուրաքանչյուր հայ մարդու»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ անթույլատրելի է, երբ Նիկոլ Փաշինյանն այսօր արցախցիներին ասում է՝ «փախածներ»։ «Անվանարկում է բոլոր այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել էթնիկ զտման, ցեղասպանության արդյունքում թողնել իրենց բնակավայրերը։ Այդ մարդիկ արյունաքամ թողել են իրենց շիրիմները, եւ այդ մարդկանց ինքն ասում է՝ փախած ու թռած։ Ուղղակի անթույլատրելի է, որ նման որակի մարդը ՀՀ իշխանության ղեկին կանգնած լինի»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ով խոսում է Արցախ վերադառնալու մասին, պատերազմ է հրահրում, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Իմ տունը Արցախում է, իմ շիրիմներն Արցախում են, իմ պապական գյուղը գերության մեջ է, որտեղ ազերիները քանդում եւ ավերում են իմ գերեզմանները։ Նիկոլ Փաշինյան չլինի, նրա նման հազարները լինեն, ո՞նց կարող է մարդը հրաժարվել իր շիրիմներից, իր հազարամյա հայրենիքից, իր հող ու ջրից, տնից։ Եթե ուրիշ մի երկրում նման արտահայտություն հնչեր, հասարակության ճնշող մեծամասնությունն ուղղակի կթքեր այդ մարդու երեսին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել