Ավանդական քոչարիով այսօր մեկնարկեց «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության 5-րդ հոբելյանական համագումարը, որի ժամանակ հայտարարվեց նաեւ Երեւանի հրաձգարանի ճանապարհի հիմնանորոգման դրամահավաքի մասին։ Երեւանի ամենամեծ հրաձգարան տանող ճանապարհի մի հատվածը կավահող է, անձրեւոտ եղանակներին անանցանելի է, դրամահավաքի նպատակն է, որ հրաձգարանը բաց լինի տարվա բոլոր եղանակներին։
«Ազատազէն»-ը ստեղծվել է մի խումբ մարդկանց կամքով, ովքեր 44-օրյա պատերազմից հետո որոշեցին ոչ միայն խոսել մեր ցավերից, այլ նաեւ գործել, լրացնել այն բացերը, որոնք տեսել են պատերազմի դաշտում»,- իր ելույթում ասաց «Ազատազէն» ԿՀԿ խորհրդի նախագահ Սպարտակ Կյուրեղյանը։ Նախորդ տարիներին բազմաթիվ ռազմամարզական կառույցներ բացվեցին ու փակվեցին, բայց «Ազատազէն»-ն այն եզակի կառույցներից է, որը ոչ միայն շարունակում է գործել, այլ տարեցտարի մեծանում ու զարգանում է, ասաց Կյուրեղյանը։ «Այս ամենին նպաստող երկու կարեւոր գործոն կա, առաջինը մեր համայնքն է, «Ազատազէն»-ի լիիրավ ու աջակից անդամները, մեր հրաձգարանի այցելուները, մեր վստահող գործընկերը։ Երկրորդ կարեւոր գործոնը երկարատեւ արժեք ստեղծելու ձգտումն է: Ես համոզված եմ, որ միասին մենք բոլորս կարող ենք ունենալ այն Հայաստանը, որում կուզենանք ապրել, ստեղծագործել եւ, եթե հարկ լինի, պաշտպանել»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
«Ազատազէն»-ի գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը ներկայացրեց իրեն գործունեության արդյունքը եւ հետագա ծրագրերը։
«Վերջին տարիներին հարցադրումները շատ են՝ խաղաղություն է, թե՞ խաղաղություն չէ, պատերազմ է, թե՞ պատերազմ չէ, ի՞նչ է լինելու հիմա։ Պետք է գործել այն տրամաբանությամբ, որ «Ազատազէն»-ը պատերազմի կամ խաղաղության մասին չէ, «Ազատազէն»-ը կամքի մասին է, մարդկանց մասին է, ովքեր չեն ապրում միայն այսօրով, միայն պատերազմով կամ խաղաղությամբ։ «Ազատազէն»-ում մարդիկ են, ովքեր ապրում են զենքի մշակույթը զարգացնելով, մարզվելով, ուժեղանալով եւ ուժեղացնելով՝ հանուն տեսական անվտանգային փիլիսոփայության, մշակույթի եւ համակարգի ձեւավորման։ Եվ այդ համատեքստում, նպատակ ունենալով, ամրապնդելու բանակ-հասարակություն կապը եւ վերաիմաստավորելու բանակը տոնը նշելու մշակույթը, 2025-ին եւ 2026-ին իրականացրել ենք յուրահատուկ միջոցառում՝ ամենամյա քայլարշավը՝ ավելի քան 500 մասնակցով»,- նշեց Նաղաշ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի համար սահմանել են մի քանի առաջնահերթություն, դրանք են աշխատակազմի եւ անդամակցության զարգացումը։ «Քանի որ առանց արհեստավարժ մարդկանց եւ արդյունավետ ընթացակարգերի դժվար է երկար ճանապարհ գնալ, առաջին կիսամյակը տրամադրել ենք խնդիրների ուսումնասիրությանը, բոլոր ուղղություններով խնդիրները վեր հանելուն՝ եւ անդամակցության, եւ ֆինանսական, եւ աշխատակազմում առկա խնդիրները։ Իսկ հաջորդ կիսամյակում արդեն աշխատելու ենք այդ ծրագրերը ներդնելու եւ ներքին կարողությունները զարգացնելու վրա»,- հավելեց Նաղաշ Բաղդասարյանը։
«Ազատազէն»-ն այսօր ունի 99 լիիրավ անդամ եւ 970 աջակից անդամ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































