Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառատունկ սահմանամերձ Դավիթ Բեկի գյուղի դպրոցում

Ապրիլ 25,2021 16:44

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում կիրակի՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Կապանի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղի դպրոցում իրականացվեց ծառատունկ։

Բացի այն, որ «Հայանտառ»–ի  կողմից տնկիներ էին տրամադրվել,  Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի ուսուցչուհի Ռամելա Դանիելյանը նշեց, որ ամեն մի աշակերտ իր տնից էլ էր ծառ բերել։  Նրա խոսքով, մեծ ոգեւորությամբ աշակերտներն ու մանկավարժները մասնակցեցին ծառատունկին։

«Մեր պատմության ամեն մի ժամանակահատված լի էր իր դժվարություններով, բայց կարծում եմ երբեք չենք վհատվել ու կարողացել ենք քանդված ու այրված մեր տունը շենացրել,  այգի հիմնել»,–ասում է Ռամելա Դանիելյանը։ Նրա խոսքով՝ սահմանամերձ իրենց համայնքում այսպիսի միասնական միջոցառումներ պիտի պարբերաբար լինեն։ Մանկավարժի տարիների փորձը ցույց է տվել, որ գյուղից են ծնվում տաղանդավորները, ուստի հիմա շատ կարեւոր են սահմանամերձ համայնքների անվտանգության հարցերը։

Անցած տարի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հուշագրից հետո, Դավիթ Բեկ համայնքի հարակից որոշ տարածքներ անցան ադրբեջանական հսկողություն ներքո։ Գյուղի հիմքը դպրոցն է, եւ Դավիթ Բեկի մանկավարժական համայնքն ամեն ինչ անում է, որպեսզի աշակերտների մոտ հայրենասիրությունը ամեն ինչից վեր լինի։

«Չնայած սեպտեմբերյան պատերազմի (գյուղը տուժել է արցախյան վերջին պատերազմից–Ա․Դ․) միջով անցած երեխաներն արդեն իրենք են զգացել, վերագնահատել պատմությունը, համոզվել, որ թուրքը չի կարող մեզ բարեկամ լինել»,–ասում է Ռամելա Դանիելյանը։

Երեկ՝ ապրիլի 24-ին, դպրոցի աշակերտներին տարել էին Կապան՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ արդեն երեկոյան գյուղի եկեղեցում մոմավառության արարողությունն էր։

Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ  դպրոցում այս պահին իրականացվում են դպրոցի մուտքի եւ նախասրահի վերանորոգման եւ սալիկապատման աշխատանքներ, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված մի ծրագիր է ընթացքի մեջ։ Այս ծրագրերը կյանքի կոչվեցին ֆեյսբուքյան հարթակում ստեղծված «PROTECT THE LAND. The Davit-Bek Frontier» նախաձեռնության արդյունքում։

Դավիթբեկցի  Եղիազարյանների ընտանիքի անդամների անմիջական նախաձեռնությամբ ու  մասնակցությամբ, նաեւ բազմաթիվ  մարդկանց հանգանակության արդյունքում հավաքվել է 1.350.000 դրամ։

Լուսանկարները տրամադրել է Ռամելա Դանիելյանը

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930