Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն այն է` ինչպե՞ս կօգտագործի ԱՄՆ-ն այդ «մահակը». Ալեքսանդր Կռիլովը` Ջո Բայդենի կողմից ցեղասպանությունը ճանաչելու մասին

Ապրիլ 26,2021 17:46

«Ղարաբաղում 2020-ի պատերազմը արմատապես փոխեց իրավիճակը տարածաշրջանում. Ադրբեջանի դիրքերն ամրապնդվել են, Թուրքիայի ազդեցությունը զգալիորեն աճել է: Թուրքիայի խորհրդարանի կողմից հատուկ հուշագրի ընդունումը օրինականացրեց եւ երկարաժամկետ թուրքական ռազմական ներկայություն ապահովեց Ադրբեջանի տարածքում»,- այսօր այս մասին հայտարարեց կովկասագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը: Նա մասնակցում էր «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ Զարգացում» վերլուծական կենտրոնը, Եվրասիական փորձագիտական ակումբը եւ Հայ-ռուսական համալսարանը:

Արդյունքում, ըստ կովկասագետի, ուշագրավ է, որ թուրք զինվորականներին չի տրվել հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի կարգավիճակ, ինչին սկզբում փորձում էին հասնել Անկարան եւ Բաքուն. նրանց դերը սահմանափակվեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու ռուս-թուրքական համատեղ կենտրոնում դիտորդական առաքելությամբ մի տարածքում, որը հայերով բնակեցված չէ եւ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում: Չնայած Անկարան եւ Բաքուն հայտարարեցին հակամարտության ավարտի մասին ՝ վիճահարույց ողջ տարածքը վերադարձնելով Ադրբեջանին, բայց, բանախոսը հիշեցմամբ՝ եւ Ռուսաստանը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները կողմ էին ղարաբաղյան խնդրի հետագա քննարկմանը ՝ շեշտելով «հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորմանը` կողմերին հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա»:

«Մոսկվան կարողացավ կայունացնել իրավիճակը տարածաշրջանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ երկխոսության միջոցով` պետությունների ղեկավարների մակարդակով: Հենց այս ձեւաչափով հնարավոր դարձավ ռազմական գործողությունների դադարեցումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների զորախմբի տեղակայումը, ինչը երաշխավորում է ստորագրված փաստաթղթերի կատարումը եւ վերահսկում է հրադադարի ռեժիմը:

Ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում երաշխավորում է անվտանգությունը եւ բացում է ոչ միայն կայունացման, այլեւ Հարավային Կովկասի տնտեսական ավելի հաջող զարգացման հեռանկարը ՝ սահմանների ապաշրջափակումով, նոր տրանսպորտային միջանցքների կառուցմամբ, հիդրո եւ կենսաբանական ռեսուրսների ինտեգրված օգտագործմամբ, անդրսահմանային Արաքս գետի, ոռոգելի հողատարածքների ավելացման եւ այլնի շնորհիվ: Տնտեսական համագործակցությունը կարող է հիմք դառնալ վստահության մակարդակի բարձրացման եւ փոխընդունելի մոտեցումների որոնման համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում առկա ամենացավոտ խնդիրները լուծելու համար: Այնուամենայնիվ, իրավիճակի վրա շարունակում են ազդել բազմաթիվ գլոբալ եւ տարածաշրջանային գործոններ, որոնք հակասական են եւ անկանխատեսելի են դարձնում Հարավային Կովկասի զարգացման ապագա հեռանկարները: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ որքան լարված է միջազգային իրավիճակը եւ Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Արևմուտքի հետ, այնքան դժվար է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը, եւ մեծ է նոր բախումների ու պատերազմների բռնկման հավանականությունը»,- կարծում է կովկասագետը:

Ըստ նրա, մոտ երեք տասնամյակ Հայաստանը քաղաքականապես անկայուն Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է եւ «անբարյացակամ պետություններով» շրջապատված Հայաստանի համար Ռուսաստանը մնում է ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը:

Ռուս քաղաքագետի գնահատմամբ, մոտ ապագայում իրավիճակը Հարավային Կովկասում կշարունակի լարված մնալ, քանի որ այն կշարունակվի որոշվել տարածաշրջանում հակամարտությունների մեծ սպառնալիքի եւ ընդհանուր միջազգային կոնյունկտուրայի արդյունքում, որը շարունակում է պահպանել իր անկանխատեսելի բնույթը. «Հետեւաբար, ժամանակակից պայմաններում, Ռուս-հայկական ռազմավարական դաշինքը շատ ավելին է, քան Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման շահերը: Այս դաշինքը կանխում է տարածաշրջանում ամենաբացասական արտաքին սցենարների տարածումը, ուստի այն սկզբունքորեն կարեւոր կայունացնող դեր է խաղում ամբողջ Հարավային Կովկասում եւ դրան սահմանակից շրջաններում: Դա այդպես էր նաեւ մինչեւ 2020 թվականը»:

Չնայած իրավիճակը արմատապես փոխվել է, բայց, բանախոսի գնահատմամբ, հիմա այն շարունակում է որոշվել նույն գործոններով, ինչ մինչ պատերազմը. «ԱՄՆ իշխանությունները շարունակում են դիտել Հարավային Կովկասը որպես ռազմավարական հենակետ Ռուսաստանի, Իրանի եւ Կենտրոնական Ասիայի սահմաններին եւ անցանկալի են համարում տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության պահպանումը, այդ թվում ՝ հակամարտության գոտիներում խաղաղապահ զորամիավորումների տեսքով»:

Բանախոսը հիշեցրեց, որ ռուսաստանցի խաղաղապահներին «բռնի ուժով դուրս մղելու» առաջին փորձը կատարվել է 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում, որն ավարտվեց վրացական բանակի պարտությամբ, որից հետո տարածաշրջանում հայտնվեցին մասամբ ճանաչված երկու պետություններ: Եվ միայն Լեռնային Ղարաբաղն էր շարունակում մնալ իր նախկին՝ չճանաչված պետության կարգավիճակում. «2008-ին Միխայիլ Սահակաշվիլիի ռազմական արկածախնդրության ձախողումից հետո Հարավային Կովկասի ինտեգրումը եվրոատլանտյան հանրությանը շարունակեց մնալ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակը: Վրացական ուղղությամբ ձախողումից հետո ամերիկյան քաղաքականության ուշադրության կենտրոնում էին Հայաստանը եւ Ղարաբաղյան հիմնախնդիրը. սկզբում շեշտը դրվում էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների վրա անձնական ազդեցության մեթոդների վրա, որոնք թաքնված էին կողմնակի հայացքից: Նման ոչ հրապարակային աշխատանքի արդյունքը եղավ «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում՝ Շվեյցարիայում ,Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրումը: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնն իր կովկասյան քաղաքականության մեջ ամբողջովին անտեսեց ազգամիջյան հարաբերությունների առանձնահատկությունները եւ պատմական գործոնների դերը, որոնք վճռեցին հասարակական տրամադրությունները Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Բնական է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունն» ավարտվեց անհաջողությամբ, եւ «Ցյուրիխյան արձանագրությունները» չվավերացվեցին»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ալեքսանդր Կռիլովն անդրադարձավ նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչմանը`հավելելով, որ բարոյական տեսանկյունից դա ողջունելի է եւ հիշեցնելով, որ ՌԴ-ն դեռ 2015-ին է ճանաչել հայերի ցեղասպանությունը: Խնդիրն, ըստ կովկասագետի, այն է, թե ամերիկյան վարչակազմը ինչի՞ համար կօգտագործի այդ «մահակը»: Իր կարծիքով, դա կօգտագործվի Էրդողանի դեմ, եթե վերջինս ԱՄՆ-ից ինքնուրույն փորձի խաղալ: Ինչեւէ, ըստ նրա, սա Հայաստանի համար նոր հնարավորություն է բացում`դիվանագիտական առումով, բայց միաժամանակ, բարդացնում է տարածաշրջանում իրավիճակը`նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակչության աճող, իսկ Հայաստանի բնակչության նվազող թիվը եւ այն իրողությունը, որ Թուրքան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է:

Ըստ կովկասագետի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզը, որը Ժիրայր Լիպարիտյանն է համառորեն փորձում առաջ տանել`«մենք փոխվենք, որ հարեւանների հետ կարողանանք ապրել», Հայաստանում լայն տարածում կարծես չի գտնում:

Հետագա զարգացումները, բանախոսի գնահատմամբ, կախված են նրանից, թե ինչպե՞ս ԱՄՆ-ը կուղղորդի գործընթացները. «Եթե Ամերիկայի քաղաքականությունը շարունակվի` ՌԴ-ին եւ Թուրքիային բախման տանելով, ապա Հայաստանը շատ հարմար գործիք կլինի»: Այս առումով, նա հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը` հավելելով, որ դրանից հետեւում է, թե «հայերին վիճակված է հպարտորեն մահանալ`այլոց շահերի համար»: Այստեղ, ըստ նրա, ՀՀ-ն եւ ՌԴ-ն համատեղ մտածելու եւ գործելու խնդիր ունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930