Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանը երկու տարի առաջ կարճ հաղորդագրություններով էր ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք

Մայիս 01,2021 21:50

Չնայած անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվեցին  բացօթյա մարզամշակութային միջոցառումները, սակայն դա չխանգարեց, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանը այսօր՝ 2021 թվականի մայիսի 1-ին հռչակվեր Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարներ  Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը,  երիտասարդական քաղաքականության լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, Կապանի քաղաքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը՝ կապանցիների եւ հյուրերի հետ օրվա երկրորդ կեսին  ծաղկադրման արարողության կատարեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների աճյունները։

Այնուհետեւ Կապանի էլեկտրոնային գրադարանում  ԿԳՄՍ նախարարության եւ Կապանի համայնքապետարանի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր։ Ըստ հուշագրի, շատ միջոցառումներ են նախատեսված այս տարի, բայց  փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն առանձնացրեց երկուսը։ «Երկու օր առաջ, ապրիլի 29-ին  ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի նիստում վերահաստատվեց, որ ԱՊՀ երկրների  երիտասարդական խորհրդի նիստը այս տարի անցկացվելու է Հայաստանում եւ անցկացվելու է Կապանում՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում։  Նաեւ այստեղ է անցկացվելու «100 գաղափար ԱՊՀ–ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը։ Մենք առաջարկել ենք դա լինի առկա ձեւաչափով եւ  նրանք իսկապես գան Կապան», –հայտարարեց Արթուր Մարտիրոսյանը։

Ի դեպ, նշեմ, որ Կապանը երիտասարդական մայրաքաղաք էր ճանաչվել կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության եւ հայտերի փորձագիտական գնահատման` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:  Այս ամենը տեղի էր ունեցել 2019թ․–ի նոյեմբերին։ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ եւ Գորիս  քաղաքային համայնքները։  Ամենաշատ ձայները ստացել էր Հրազդանը (2041 ձայն), երկրորդ տեղում Կապանն էր (1335), երրորդում՝ Արմավիրը (822), որին հաջորդել են Գավառը (674) եւ Գորիսը (391): Մրցույթի կազմկոմիտեի եւ փորձագետների՝ հայտատու քաղաքների մարզական, մշակութային, ժամանցի եւ այլ հաստատություններ կատարած այցելությունների արդյունքում նախապատվությունը տրվել է Կապանին: Այն ժամանակ պաշտոնյաները հայտարարեցին, որ  արդյունքների համադրումը կատարվել է հնարավորինս անաչառ։

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ իր խոսքում շեշտեց՝ « ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք»։ «Միջոցառումները լինելու են շարունակական, եւ ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարեւոր է, որ երիտասարդները զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները նախորդ տարիների համեմատ։Մեծ պատիվ է գտնվել Կապանում այս կարեւոր իրադարձության շրջանակում։ Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, եւ մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել եւ նպաստել նրանց ինքնիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,–ասաց Մարտիրոսյանը։

Իսկ մայիսմեկյան մշակութային օրը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում հագեցած էր։

Մշակույթի կենտրոնում բացվեց կապանցի երիտասարդ գեղանկարիչների ցուցահանդեսը, համերգային ծրագրով հանդես եկան Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի եւ պարի պետական անսամբլը,  Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։ Երեկոյան էլ Կապանի դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31