Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարևոր փոփոխություններ է նախատեսում կառավարությունը հայ երիտասարդների համար

Մայիս 01,2021 23:14

Մոտ 3 տարվա դադարից հետո Հայաստանի Հանրապետությունում  վերջապես մշակվել է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը, որը սահմանում է երիտասարդների կարիքները, տարիքը, պետության կողմից սահմանված առաջնահերթությունները և ծրագրերը։

Երեկ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեծ թվով երիտասարդների մասնակցությամբ հանրային քննարկում անցկացրեց նախագծի շուրջ։

Պարզվեց՝ նոր փաստաթղթի նախագծում բավական փոփոխություններ կան, ընդհուպ մինչև փոխվել է երիտասարդների տարիքային սահմանաչափը․ եթե նախկինում մեր երկրում երիտասարդ համարվում էին 16-30 տարեկանները, ապա այժմ 14-30 տարեկաններն են։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց։

«Երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը մշակվել  էր դեռ 2017 թվականին, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով հեղափոխությունից հետո այն չընդունվեց։ Այս երեք տարիներին Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականություն չկար։ Եվ ի ուրախություն մեզ՝ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցած տարի նախաձեռնեց ռազմավարության մշակման գործընթացը, որի համար ոլորտի փորձագետներից ձևավորվել է աշխատանքային խումբ, նաև ներգրավվել էին միջազգային փորձագետներ։

Գրեթե մեկ տարուց ավել է, ինչ մշակվում էր քաղաքականությունը։ Այսօր ունենք 2021-2025 թվականների ռազմավարության նախագիծը, որն այս պահին Հայաստանի տարբեր մարզերում ռազմավարության մշակման համար ձևավորված փորձագիտական աշխատանքային խմբի անդամների կողմից երիտասարդների հետ քննարկման փուլում է։

Այս փուլում երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցել և լսելի դարձնել իրենց ձայնը 2021-2025 թվականներին երիտասարդների համար պետության կողմից իրականացվելիք միջոցառումների, ծրագրերի մասին։

Սահմանել է վեց առաջնահերթ նպատակներ և դրանցով պայմանավորված խնդիրները, որոնց շուրջ պետությունն առաջիկա չորս տարիներին երիտասարդների համար ծրագրեր կիրականացնի»,-ասաց Արթուր Նաջարյանը։

 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ոլորտում տեղ գտած փոփոխություններին։

«Վերանայվել և փոփոխվել են նաև երիտասարդական քաղաքականության ռազմավարության սուբյեկտները։ Նախկինում մենք չունեինք «երիտասարդական կենտրոն» եզրույթը,  վերանայվել է «երիտասարդ աշխատող» սահմանումը և ավելի մասնավորեցրած ու հստակ ձևով է ներկայացվել։ Շատ կարևոր է, որ նոր ռազմավարության մեջ «երիտասարդական աշխատողը» դիտարկվում է որպես մասնագետ, նախկինում մի փոքր այլ էր ձևակերպումը։

Կարևոր փոփոխություններից է նաև երիտասարդի տարիքը․ նախկին 16-30 փոխարեն ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների լոբբինգի արդյունքում ամենայն հավանականությամբ կհաստատվի 14-30 տարիքային խումբը, այսինքն 14-30  տարեկանները կհամարվեն Հայաստանի Հանրապետության երիտասարդներ։

Նաև «երիտասարդական կենտրոններ» են սահմանվել որպես առանձին սուբյեկտներ։ «Երիտասարդական, աշակերտական և ուսանողական խորհուրդները» ևս ներկայացված  են որպես ռազմավարության առանձին սուբյեկտ»։

Արթուր Նաջարյանից հետաքրքրվեցինք նաև երիտասարդների կարիքներից։

«Բնականաբար, կարիքների սահմանման մեջ ևս կան փոփոխություններ՝ հատկապես պայմանավորված համավարակով և պատերազմով։ Արդյունքում շատ կարևորվեց երիտասարդերի ռազմահայրենասիրական դաստիարակությունը և առողջ ապրելակերպը, մասնավորապես հոգեկան առողջությունը։

Նախկինում շատ քիչ է խոսվել երիտասարդների հոգական առողջության կարևորության մասին, բայց այսօր ամբողջ աշխարհում տարածված համավարակը և առաջիկա տարիներին մեր առջև կանգնած մարտահրավերները ստիպում են կարևորություն դարձնել այս խնդրին։

Մեկ կարևոր նորույթ ևս կա․ վերանայվել և համալրվել  է սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ցանկը։ Հիմա արդեն «փախստական, տեղահանված և ապաստան հայցող», «բանակում ծառայած ու ծառայությունից վերադարձած երիտասարդները» ևս համարվելու են սակավ հնարավորություններով։ Նախկինում առանձնակի ուշադրության կենտրոնում չեն եղել այս թիրախ խմբերը։

Մասնավորապես, եթե դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության երիտասարդության տարիքը՝ նախկին 16-30 տարեկանը, ստացվում է, որ մեր հանրապետության ամենամեծ երիտասարդական կառույցը Հայոց բանակն է»,-ասաց Արթուր Նաջարյանը:

2021-2025 թթ․ ռազմավարության հիմնական դրույթները գյումրեցի երիտասարդներին ներկայացրեց փաստաթղթի մշակմանն անմիջական մասնակցություն ունեցած, աշխատանքային խմբի անդամ Աննա Եղոյանը։ Ռազմավարության ներկայացումից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ և առաջարկների ներկայացում։

Աննա Եղոյանը, լսելով երիտասարդների կարծիքը, դիտարկումներն և  առաջարկները, ասաց, որ ներկայացված առաջարկ-դիտարկումները կուղարկվեն ԿԳՄՍ նախարարություն, որից հետո փաստաթուղթը շուտով կտեղադրվի կառավարության e-draft.am կայքում՝ դրվելով հանային քննարկման։ Իսկ մինչև հունիսի 10-ը վերամշակման ենթարկվելով՝ կհաստատվի, կմտնի ուժ մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31