Քաղաքապետարանը հայտնում է՝ ընդամենը 1 օր վերելակը չի աշխատել
Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցի 63/1 շենքի բնակիչներն առանց վերելակ են մնացել: Այս մասին ահազանգում են շենքի բնակիչները՝ նշելով, որ վերելակի խափանման պատճառով հատկապես մեծահասակ մարդիկ օրեր շարունակ չեն կարողանում տնից դուրս գալ:
«Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտանիքների համար։ Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեեւ արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մի քանի ամիս շարունակ զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակը չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ»,- «Առավոտին» ուղղված նամակում գրել են բնակիչները՝ հույս հայտնելով, որ հարցը կլուծվի միայն հրապարակային հնչեղություն ստանալուց հետո:
Նրանց խոսքով, դիմել են քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց՝ ապարդյուն, հիմա էլ դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Վերելակն ընդամենը մեկ կամ երկու օր չի աշխատել: Քաղաքապետարանը «թեժ գծով» ոչ մի զանգ, բողոք չի ստացել: Բոլոր ահազանգերը ստուգել ենք, բայց Օրբելի 63/1 շենքի բնակիչներից վերելակի չաշխատելու մասին ոչ մի ահազանգ չի եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը: Նրա խոսքով, երեկ կեսօրին զանգահարել են բնակիչներին, վերելակն արդեն աշխատում էր: Ըստ մեր զրուցակցի վերելակի վերանորոգման հարցը երկարել է, քանի որ Օրբելի 63/1 շենքն ընդգրկված չէ համատիրության կազմում. «Որքան հնարավոր եղավ ճշտել՝ բնակիչները համատիրությանը չեն վճարել, այդ պատճառով խնդիրներ են առաջացել եւ շենքը դուրս է եկել համատիրության կազմից: Ինչի հետեւանքով չեն կարողացել կազմակերպել վերելակի տեխնիկական սպասարկման վճարման հարցը եւ ստիպված Արաբկիր վարչական շրջանն է այդ հարցը լուծել: Տեխնիկի համարը վերելակում փակցված է եղել, թե անսարքության դեպքում ում պետք է զանգահարել, բայց այդ հեռախոսահամարն էլ պոկված է եղել եւ, հավանաբար, մեկ օր կամ օր ու կես այդ շենքի վերելակը չի աշխատել»:
Կարդացեք նաև
Պարոն Կուբատյանն ասաց, որ երբ պարզել են, որ քաղաքապետարանի «թեժ գծին» վերելակի մասին ահազանգ չկա, շենքի բնակիչների հետ են խոսել, որոնք էլ հայտնել են, թե Փաշինյանին ուղղված նամակը շենքի երիտասարդներն են որոշել գրել. «Անհասկանալի նամակ է, ոչ մի խնդիր չկա վերելակն աշխատում է»,-կրկին հավաստիացրեց Իոսիֆ Կուբատյանը:
Հետաքրքրվեցինք՝ Օրբելի հասցեի շենքն ընդգրկվա՞ծ է փոփոխման ենթակա վերելակների ցանկում:
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները բազմաբնակարան շենքերի հին վերելակները նորերով փոխարինելու կամ կապիտալ վերանորոգելու ծրագիր են սկսել:
«Առավոտի» հարցին ի պատասխան, վարչության պետն ասաց, որ այս տարի փոխվում են այն շենքերի վերելակները, որտեղ հաշմանդամություն ունեցող զինծառայողներ են ապրում. «Եթե այդ շենքում կա, ապա այդ շենքինն էլ կփոխվի, բայց որքան տեղյակ եմ այդ շենքում չկա հաշմանդամություն ունեցող զինծառայող, եթե լիներ՝ շենքն ընդգրկված կլիներ այդ ցանկում»:
Նախնական հաշվարկներով, մոտ 3600 փոփոխման ենթակա վերելակ կար: Երեկ քաղաքապետարանից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքային նոր իշխանությունների գործունեությունից ի վեր մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 520 վերելակ է փոխվել:
Դրանք ձեռք բերելու, տեղադրելու եւ սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ էր հայտարարվել, սահմանվել էին պահանջվող ապրանքի տեխնիկական բնութագրերը։ Միաժամանակ հրապարակվել էին այն հասցեները, որտեղ նախատեսվել էր տեղադրել այդ վերելակները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.05.2021


















































