Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովի չգալը՝ առեղծված. «Ի՞նչ է խոսել նա Մոսկվայում, բա ես ի՞նչ գիտեմ, պիտի հարցնեմ, չէ՞». Անդրանիկ Քոչարյանը հերքում է Սերժ Սարգսյանին

Մայիս 05,2021 14:42

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետ կապված՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ այնպիսի բացահայտումներ են լինելու, որ մարդկանց «ջանը փշաքաղվելու է», շատ հարցերի պատասխաններ են ստանալու եւ այլն: Հետո հայտարարեց, որ գաղտնիք է պարունակում, չեն հրապարակելու, բայց ելույթով հանդես կգա, որն էլի մի շարք հարցերի պատասխաններ կտա: Իսկ այսօր ԱԺ դռնփակ նիստում քննարկվեց զեկույցը:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե այսպիսի ծավալով աշխատանք չի իրականացվել երբեւէ, գաղտնիության ռեժիմում տեղեկատվության հասանելիության ունեցողները կարող են ծանոթանալ ձայնագրություններին ու փաստաթղթերին. «Երբ որ եկավ եզրակացություն, որ խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար, այստեղ իմ ցանկությունները մղվում են երկրորդ պլան»: Նա այս անգամ «փարատեց», որ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, դուրս գալով գաղտնիության ռեժիմից, հասանեի կդառնան հանրությանը:

Նա ասաց, որ զեկույցից ծաղկաքաղ էր արված, վերաբերում էր սպառազինությանը, քաղաքական որոշումներին, բացթողումներին: Ինքը ԱԺ-ում ելույթ է ունեցել մոտ 1 ժամ, այն ձայնագրվել է ու կպահվի: Իսկ զեկույցի բովանդակության հետ կապված Քոչարյանը չի բացառում, որ կտրվեն քրեաիրավական գնահատականներ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է ելույթից ծաղկաքաղ անել եւ գաղտնիք չպարունակող հատվածները հրապարակել: Առաջիկայում կքննարկեն ու կորոշեն:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Յուրի Խաչատուրովը չի եկել հանձնաժողով ու իրենց հարցերին չի պատասխանել: Հարցին՝ Խաչատուրովի չգալով՝ ի՞նչ հարցի պատասխան չեք ստացել՝ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ի՞նչ է խոսել Մոսկվայում, բա ես ի՞նչ գիտեմ, պիտի հարցնեմ, չէ՞»: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է եկել՝ Քոչարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ ինքը տեղյակ չի: Ըստ Քոչարյանի, Խաչատուրովի՝ հանձնաժողով չգալը հիմնական բացթողումն է իրենց ու նրա չգալու մեջ կա առեղծված:

Հարցին՝ ի վերջո ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, դուք ասում էիք, որ այս հարցերի պատասխանները կստանանք վերջում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Իլհամ Ալիեւին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում եւ դա՝ հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ ինքը օգտագործել է գործողություններ, ինքը այդ դիրքերի առավելությունները պահել է: 20 դիրք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31