Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հոգեւորականի որդիները դարձան ԿԳԲ-ի հետախույզներ, իսկ մեկը` ԽՍՀՄ-ի ամենագաղտնի մարդը

Մայիս 05,2021 18:33

Լույս է տեսել «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» բեսթսելերների հեղինակ Աշոտ Աղաբաբյանի եւս մեկ գիրք` «Գաղտնիքների տիրակալը» վեպը, որտեղ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը: Գրքում զետեղված են նաեւ եզակի լուսանկարներ, գաղտնազերծված փաստեր ԿԳԲ-ի թույլատրելի արխիվներից:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Աղաբաբյանը, Աղայանցի մասին շուրջ 90 տարի արգելված է եղել գրելը:

Հեղինակը նշեց, որ թեեւ վեպը գեղարվեստական գործ է, սակայն հիմնված է արխիվային հարուստ նյութերի, փաստական տվյալների վրա, ու այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրել էին նոր մակարդակի։

«Գաղտնիքների տիրակալը» վեպի հեղինակին խնդրեցինք ներկայացնել, թե հատկապես ինչով է առանձնահատուկ իր 4-րդ գիրքը: «Գաղտնիքների տիրակալը» վեպը 584 էջանոց վեպ է ԽՍՀՄ պետանվտանգության կառույցի ամենագաղտնի մարդու` Իվան Աղայանցի մասին: Ընդհանրապես առաջին անգամ է իր մասին գրվում, քանի որ 80 տարի արգելված էր իր անունը տալ: Ես նման թեմաներով էլի եմ գրել, բայց այս անգամ ամբողջական ինֆորմացիա եմ կարողացել հայթայթել:

Իմ «Թակարդը» վեպի հերոս Ջոն Հանիսյանը, որ Արցախյան առաջին պատերազմի ամենահայտնի հետախույզն է, մի անգամ ինձ զանգահարեց եւ ասաց, որ ԽՍՀՄ հերոսներ, անվանի հետախուզողներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններն ուզում են ինձ հետ հանդիպել ու իրենց տանը ճաշկերույթի են հրավիրում: Այդպես մենք ծանոթացանք, եւ պարզվեց, որ նրանք կարդացել են իմ «Ռեզիդենտը»:

Գեւորգ Վարդանյանի մահից հետո շարունակում էի հանդիպել Գոհար Լեւոնովնայի հետ: Մի անգամ, երբ ասացի, որ ուզում եմ Աղայանցի մասին գրել, Գոհար Լեւոնովնան զարմացավ. «Ի՞նչ ես ասում, գիտե՞ս նա ով է, ամենագաղտնին է ու ամենահզորը, նա է մեզ վերցրել հետախուզություն: Նրա ձեռքի տակ 5 տարի 1940-1945թթ աշխատել ենք Թեհրանի հետախուզությունում, ու դրանից հետո մեկնել է Փարիզ, Ֆրանսիայի ռեզիդենտն է եղել»: Ապա Գոհար Լեւոնովնան հավելեց, որ շուրջ 40 տարի եղել են աշխարհի տարբեր վայրերում, ու այդ 40 տարում չեն հանդիպել այնպիսի ինտելեկտով ու կարդացած մարդու, ինչպիսին Աղայանցն էր, Թեհրանում ասում էին 2 շահ կա` Ռեզա Փեհլավին եւ Իվան Աղայանցը»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Աշոտ Աղաբաբյանը նշում է, որ Գեւորգ Վարդանյանն իրեն ասել էր, որ եթե երբեւէ Աղայանցի մասին գրելու լինի, անպայման գիրքը վերնագրի «Պետական գաղտնիքների տիրակալ», ու ինքը պահել է խոստումը` գիրքը վերնագրելով «Գաղտնիքների տիրակալը»:

«Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցը համարվում է թիվ 1-ը Խորհրդային Միությունում, բայց քանի որ եղել է «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետը, իր մասին արգելված է եղել խոսելը, մինչեւ այն պահը, երբ 90-ականների վերջերին Ֆրանսիայում մեկը ամբողջ կառույցի աշխատանքների մասին գիրք գրեց: Դրանից հետո սկսեցի փաստեր հավաքել Աղայանցի մասին:

Նա ծնվել է Կիրովաբադում` Գանձակում, հոգեւորականի ընտանիքում, 7 երեխայից 5-ը հետախույզ է դարձել: Աղայանցի ավագ եղբայրն էլ ռեզիդենտ է եղել Բեռլինում եւ գեստապոյի կողմից սպանվել է 1938թ: Իվան Աղայանցը կատարյալ տիրապետել է 9 լեզվի, բացառիկ տեսակ է եղել, 1936-40թթ եղել է Փարիզում` ամբողջ հետախուզական ցանցի ղեկավարի տեղակալ, ընդ որում ընդամենը 26 տարեկանում:

1940-45թթ Թեհրանում եղել է ամբողջ հետախուզական ցանցի ղեկավարը, Հյուսիսային Աֆրիկայինը նույնպես: Նա միակ մարդն էր, որը նամակ է գրում Ստալինին, որ եթե Իրանը չգրավեք, Գերմանիան հանդես կգա երկու ճակատով, ու դա Բերիան հասցնում է Ստալինին: Արդյունքում` 1941թ օգոստոսին խորհրդային զորքերը Նախիջեւանով մտնում են Թավրիզ, եւ սեպտեմբերի 17-ին գրավվում է Թեհրանը, Ռեզա Փեհլեվի շահն էլ փախուստի է դիմում` իր տեղը դնելով փոքր որդուն»,-շարունակում է Աշոտ Աղաբաբյանը:

Նա մի շարք այլ մանրամասներ է հայտնում, ասում է` Ստալինը բոլոր կարեւոր հանձնարարականներն ուղիղ Աղայանցին էր տալիս, օրինակ` այն, թե ինչպես պետք է հանդիպի եւ մտերմանա գեներալ դը Գոլի հետ. «Նա նույնիսկ դը Գոլին գաղտնի տարել է Մոսկվա ու հանդիպեցրել Ստալինի հետ»:

«Գաղտնիքների տիրակալը» գրքի հեղինակն ասում է, որ այս գիրքը իր մյուս գրքերից առանձնանում է նաեւ նրանով, որ ինքն ունի բոլոր խոսակցությունների վերծանությունները, որոնք կայացել են ամենագաղտնի Ստալին-Չերչիլ, Ստալին Ռուզվելտ եւ այլ հանդիպումների ընթացքում: Ասում է, որ ձեռք է բերել Չերչիլի հինգհատորյակը եւ Դը Գոլի «Ռազմական հուշերը» երկհատորյակը, որոնք վաճառքի ենթակա չեն եղել, նաեւ 40-ից ավելի գիրք է ընթերցել, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Աղայանցին, չհաշված ԿԳԲ-ի արխիվային թույլատրելի նյութերը, ԱՄՆ ԿՀՎ գաղտնի զեկույցը, որտեղ եւս ասվում է, թե ինչպես է Աղայանցը տապալում իրենց բոլոր ձեռնարկները:

Գրքում, ի թիվս այլնի, անդրադարձ կա նաեւ Հնդկաստանի ընտրություններին եւ Աղայանցի մասնակցությամբ մի օպերացիայի, որի արդյունքում Ինդիրա Գանդին գերակշիռ ձայներ է ստացել եւ ընտրվել: Աշոտ Աղաբաբյանն ասում է, որ այլ հետաքրքիր դրվագներ էլ կան գրքում, օրինակ` ինչպես են փորձել Էռնեստ Հեմինգուեյին հավաքագրել, փաստ, որը երբեք չի հրապարակվել:

Ի դեպ, Հովհաննես Աղայանցը ներկայացված է եղել ԽՍՀՄ հերոսի կոչման, սակայն նրա անունը մահանալուց հետո ոչ ողջերի ցուցակում է եղել, ոչ մեռածների:

«Գրքի ամենամեծ աջակիցը Պարգեւ սրբազանն է, նա ձեռագիր վիճակով կարդացել էր գիրքս ու շատ հավանել, ապա միջնորդել տպագրության համար: Սրբազանը շատ զարմացավ, երբ իմացավ, որ ԿԳԲ-ի 5 հետախույզների հայրը հոգեւորական է եղել: Այս գրքի հովանավորն էլ է հոգեւորական, գիրքը կազմողն էլ սարկավագ է… Այժմ զուգահեռ Թեհրանում թարգմանվում է գիրքս եւ շուտով 10000 օրինակով կտպագրվի այնտեղ, քանի որ 580 էջից 400-ը Թեհրանում է կատարվում: Բացի այդ, այնտեղ ներկայացված տվյալները գեղարվեստական չեն, այլ ԿԳԲ-ի արխիվներից, անուններով ամեն ինչ կա, թե ովքեր են Հիտլերի կողմնակից եղել, ովքեր` անգլիական հետախուզությունից»,-հայտնում է հեղինակը:

Գրքի շապիկի լուսանկարը` Բուկինիստի ֆեյսբուքյան էջից:

Մեր զրույցի ավարտին պարոն Աղաղաբյանը նշեց, որ մայիսի 6-ին, այցելելով «Բուկինիստ» գլխամասային գրախանութ ժամը 13-19-ը ընթերցողը հնարավորություն կունենա ձեռք բերել գիրքը 20% զեղչով եւ հեղինակի մակագրությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31