Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Հայաստանը պետք է իրապես վերադառնա աշխարհի մարզական քարտեզ»

Մայիս 20,2021 18:06

ԿԳՄՍ սպորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր լրագրող գործընկերներին ներկայացրեց այն աշխատանքները, որ իրականացվել են իր պաշտոնավարման հինգ ամիսների ընթացքում:

Տեսադաշտում հայտնվել են բոլոր ոլորտները, որոնք երկար տարիներ համարվել են առաջնային ու կարեւոր, սակայն տարբեր պատճառներով կամ լուծում չեն ստացել, կամ ստացել են մասնակի լուծումներ: Հերթով անդրադառնալով դրանց՝ Կարեն Գիլոյանը խնդրեց, որ առաջնահերթությունները թվարկման հերթականությունով չգնահատվեն, որովհետեւ բոլոր ոլորտներն էլ իր համար խիստ հույժ կարեւոր են: Նա սկսեց հատկապես վերջին տարիներին սպորտի չարիք դարձած՝ դոպինգի դեմ անհաշտ պայքարից, որտեղ Հայաստանն արդեն քանի տարի լուրջ առաջընթաց է արձանագրել, չարգելված վիտամինային հավելումների ձեռքբերման ծավալների մեծացումից, ժամանակակից սպորտային բժշկական կենտրոնից, որի բացումը կլինի մոտակա օրերին:

Կարեւորվել է, անկախ գերատեսչական ենթակայությունից՝ մարզադպրոցներին ըստ ամենայնի աջակցելու ծրագիրը: Աշխատանքային խմբերը եղել են գրեթե բոլոր մարզադպրոցներում, գույքագրել բոլոր խնդիրները՝ սկսած առաջնահերթ անհրաժեշտության մարզագույքից, շենքային պայմաններից, մինչեւ բոլոր մարզադպրոցների մարզիչների նյութական վարձատրության բարձրացում եւ հավասարեցում: Նաեւ եկող տարվանից մարզիչները կընդգրկվեն սոցփաթեթներում, իսկ մարզական թոշակներն այլեւս չեն հարկվի:

Կարեն Գիլոյանը նաեւ շատ կարեւորեց, որ ՀՀ նախագահից Հայաստանի քաղաքացիություն ստացող բարձրակարգ մարզիկները, որոնց կարիքը խորապես զգում են տարբեր մարզաձեւերի մեր ազգային հավաքականները, կազատվեն զինվորական ծառայությունից եւ որ արդեն շրջանառվել է նաեւ սպորտային վաշտը վերաբացելու նախագիծը:

Փոխնախարարը պարտադիր համարեց Հայաստանը միջազգային մրցումների անցկացման պահանջված երկիր դարձնելու անհրաժեշտությունը եւ թվարկեց այդ նպատակով արդեն իսկ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները: Դրա համար շատ անհրաժեշտ է ամբողջ հանրապետության տարածքում պահանջվող չափանիշներին համապատասխան մարզաբազաներ ունենալը: Նրա խոսքով, այսօր արդեն կոնկրետ աշխատանքներ են կատարվում, հաստատվում են նոր միջազգային կապեր, խորացվում են հները, բանակցվում եւ ձեռք են բերվում միջազգային եւ մարզական առումով զարգացած երկրների հետ համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ, ինչպես, օրինակ, փոխադարձ այցելություններով համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելը, միջազգային մարզական կազմակերպություններին եւ միջոցառումներին մեր մասնագետների ինտեգրվելը, ինչի արդյունքում Հայաստանը կարճ ժամանակում կրկին իր արժանի տեղը կունենա միջազգային մարզական քարտեզում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31