Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդներին եւ նրանց ծնողներին ազատել ենք փաստաթղթեր հավաքագրելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ փոխնախարար

Հուլիս 10,2026 15:17 Share

«Կրթությանը վերաբերվող թվայնացման աշխատանքների շրջանակում այս տարի մի փոքր փոփոխություն ունենք մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերում: Նախկինում էլ էլեկտրոնային ձեւաչափով էր տեղի ունենում ընդունելությունը, սակայն այս տարի մի փոքր ավելի զարգացրել ենք եւ տվյալների ճշգրտությունն ապահովելու նոր հնարավորություններ ենք համակարգում ներդրել, ինչպես նաեւ դիմորդներին եւ նրանց ծնողներին ազատել ենք տարբեր գերատեսչություններից փաստաթղթեր հավաքագրելու անհրաժեշտությունից»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Արաքսիա Սվաջյան

«Հատկացված տեղերի քանակի հետ կապված մեծ փոփոխություններ չունենք այս տարվա ընթացքում, մոտավորապես նախորդ տարիների ցուցանիշները պահպանվել են, թեեւ պետք է նշեմ, որ ամեն տարի 10 տոկոսից ավելի աճ ենք ունենում քոլեջների ընդունելության ցուցանիշներում: Այս տարվա համար արհեստագործական կրթական ծրագրերով նախատեսված է 3312 տեղ եւ 800 տեղ՝ ՆԳՆ ծրագրերի շրջանակում:

Արհեստագործականով 38 մասնագիտությամբ է իրականացվելու կրթությունը, որոնցից 21-ը՝ գերակա ոլորտներով կրթաթոշակային ծրագրով: Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ՝ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը՝ գերակա ճանաչված մասնագիտություններով եւ կրկին կրթաթոշակային ծրագրով:

Հիշեցնեմ, որ կառավարության կողմից որոշ ոլորտներ՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ շինարարությունը, ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ վերջին տարիներին, եւ այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ»,-հավելեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Արտակ Պողոսյան

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մանրամասնեց, որ ՄԿՈՒ հաստատություններ հայտագրումը տեղի է ունենում նույն համակարգով, ինչը դպրոցների առաջին դասարանների եւ ավագ դպրոցների պարագայում է: «Մենք ունենք միասնական էջ՝ my.emis.am, որտեղ ծնողը կարող է ստեղծել իր անհատական հաշիվը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Այդ հաշիվն ունենալով՝ ծնողը կարող է այն հետագայում տարբեր նպատակներով օգտագործել, մեկ հաշվից կարող է ունենալ տարբեր գործիքների համար մուտք ու այնտեղ կատարել իր գործողությունները:

Այդ հաշվում առավոտյան ժամը 9-ից բացվել է ՄԿՈՒ հաստատություններ հայտագրման ենթահամակարգը, որտեղ մուտք գործելով՝ ծնողները կարող են իրենց երեխաներին հայտագրել իրենց համար նախընտրելի ուսումնական հաստատություն, ուսումնական ծրագիր, եւ հետագայում մրցույթի ամփոփումից հետո ստանալ նաեւ այդ նույն էջում պատասխան, թե ինչ արդյունք ունեցան:

Ասեմ, որ համակարգը բացվել է առավոտվանից, որեւէ տեխնիկական կամ ծրագրային խնդիր չենք ունեցել: Համակարգն աշխատում է անխափան, եւ արդեն իսկ ունենք 500 դիմում-հայտ, ինչը նախորդ տարիների համեմատ կրկնակի կամ գրեթե մի փոքր էլ շատ է, որովհետեւ նախորդ տարիներին առաջին օրը նման քանակի դիմումներ չենք ունեցել»,-տեղեկացրեց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ հայտագրվելը հեշտացվել է ծնողների համար, որովհետեւ ավտոմատացված համակարգով գտնվում եւ ներբեռնվում են երեխայի տվյալները, ծնողին մնում է միայն ընտրել մասնագիտությունը եւ սեղմել՝ ուղարկել դիմում-հայտը:

Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031