Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հավատում, որ Վանոն կարող էր զինված պայքարի գնալ Վազգենի դեմ»

Մայիս 31,2021 15:30

ՀԱԿ վերջին համագումարում` խոսելով 1998-ին իր հրաժարականի պատճառների մասին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ինքնահարցազրույց-ելույթում ասաց. «Նախեւառաջ ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել:

Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ:

Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»:

ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Ավագյանն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` արդյոք 1998 թվականին Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին էր կանգնած, ասաց. «Քաղաքացիական պատերազմ ասածը` դասական իմաստով, դժվար է պրոյեկտել Հայաստանի իրականության մեջ: Իմ կարծիքով, «քաղաքացիական պատերազմ» մոդելի համար Հայաստանում «էկոլոգիան» մի տեսակ համապատասխան չէ»: Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության համատեքստում էլ, մեր զրուցակիցը նկատում է, որ անգամ այն ժամանակ, երբ առաջարկվում էր գնալ Արցախի հարցի հրատապ լուծման, իսկ բոլորս լավ ենք հասկանում, թե դա ի՞նչ էր նշանակում, չափազանցված կլինի, եթե ասենք, որ հնարավոր էր ինչ-որ ուժ գտնել Հայաստանում, որն այդ նպատակի համար կգնար պատերազմական գործողության:

«Դժվար էր Հայաստանում այդպիսի ուժ գտնել: Եթե խոսքը ԱԱԾ-ի մասին է, կներեք, իսկ ո՞վ էր ղեկավարում ԱԱԾ-ն (ԱԱԾ ղեկավարը Սերժ Սարգսյանն էր-Ն. Գ.), ո՞վ կար ԱԱԾ-ում (ծիծաղում է-Ն. Գ.), որը կարող էր համակարգից դուրս գալ եւ գնալ նման գործողությունների: Իրականում, այդ մարմինն իր կազմակերպական մակարդակում, դժվար թե նման «կիքս» ունենար: Կամ բանակը. արդյո՞ք հնարավոր էր, որ բանակը գնար քաղաքացիական պատերազմի: Բոլորս գիտենք Վազգեն Սարգսյանի տեղը, դերը բանակում: Չեմ կարծում: Ակնարկը, ըստ երեւույթին, հասցեագրված է Վանո Սիրադեղյանին, որը ղեկավարում էր ուժային մյուս կառույցը` Ներքին գործերի նախարարությունը: Ես չեմ հավատում, որ Վանոն կարող էր նման քայլի գնալ: Չնայած, ճանաչելով նրան մոտիկից, չեմ բացառում, որ մեկ-երկու տեղ իրեն բնորոշ ոճով միտք ասած լինի, բայց դրան այդ լրջությամբ մոտենալ եւ կարծել, որ Վանոն կարող էր գնալ Վազգեն Սարգսյանի կառույցի դեմ… Վանոն շատ լավ հաշվել գիտեր եւ կարող էր հաշվել, թե ի՞նչ է բանակը, ի՞նչ է ներքին զորքերը, ի՞նչ է ներքին գործերը: Վանոն դրանց տարբերությունները լավ գիտեր: Այն մարդիկ, ովքեր մոտիկից են ծանոթ Վազգենի եւ Վանոյի հարաբերություններին, դրանց ականատեսն են եղել, դժվար թե նրանց մեջ գտնվի մեկը, ով լուրջ կընդունի, որ Վանոն կարող էր զինված պայքարի գնալ Վազգենի դեմ: Ես չեմ հավատում»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ նման բախման հնարավորություն Հայաստանում ավելի հասունացած էր ոչ թե 1998-ին, բայց անգամ այդ ժամանակ, Հայաստանը խուսափել է ներքաղաքական բախումներից. «Եթե 1999-ին, երբ տանկերն արդեն Երեւանի մատույցներում էին կանգնած, բախումից խուսափեցինք, ինչպե՞ս դա հնարավոր կլիներ 1997-98-ին»:

Սեյրան Ավագյանի կարծիքով, այդ դեպքերից 23 տարի հետո, երբ կյանքը ցույց է տվել, թե ինչը ինչի կարող է վերածվել Հայաստանում, մենք, այսօր պատմությունը գնահատելիս`ավելի զուսպ պետք է լինենք. «Առանց այն էլ այսօր Հայաստանում ինտրիգների չափից շատ ավելցուկ կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առավել մանրամասն՝ «Դիմակայության հայկական պատ» հոդվածաշարի երրորդ հրապարակման մեջ` տպագիր «Առավոտի» 28. 05. 21 համարում:

«Առավոտ» օրաթերթ
26.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31