Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ներկայացրել ենք հարուստ գաղափարով տնտեսական ծրագիր». Տիգրան Արզաքանցյան

Հունիս 15,2021 23:20

«Պաշտպանենք պետությունը» կարգախոսով այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները երթ իրականացրեցին Երեւանում: Կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը, ում գրանցումը ԿԸՀ-ն մերժեց, ՀԴԿ նախագահ, նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը, պատգամավորի մնացած թեկնածուներն ու նրանց համակիրները Մատենադարանից քայլերթով շարժվեցին մինչեւ Շահումյան հրապարակ: Երթն առաջնորդում էր թմբկահարողների խումբը:

«Մեզ այսօր փորձում են բաժանել սեւերի եւ սպիտակների, բայց մենք գալիս ենք ժողովրդավարության, այսինքն, համերաշխության կարգախոսի ներքո: ՀՀ-ում մենք ունենք գաղափարական հակառակորդներ, բայց չունենք թշնամիներ, ուստի բոլորին առաջարկում ենք գնալ ընտրությունների, որպեսզի Հայաստանից վերանա մուրճը, իբրեւ զգուշացնող ընտրական գործիք, հաստատվի աշխատանքն ու գաղափարաբանությունը: Հունիսի 20-ից հետո մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որը սահմաններին կապահովի անվտանգություն, կունենա նոր բանակ, կբերի նոր որակի կառավարում»,- քայլերթի մեկնարկին հայտարարեց կուսակցության երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանը`հավելելով, որ նախընտրական ծրագրում 15 պատճառ են առանձնացրել, թե ինչո՞ւ պետք է ՀԴԿ-ին ընտրել: Առաջին կետը վերաբերվում է անվտանգությանը. ՀԴԿ-ն առաջարկում է հիմնել ազգային անվտանգության սեփական դպրոցը: ՀԴԿ-ում գտնում են, որ այս խորհրդարանում ոչ ոք չի ունենալու բացարձակ մեծամասնություն եւ ամեն ինչ պետք է հիմնված լինի բազմակարծության սկզբունքի վրա:

Դեմկուսականները քայլում էին`վանկարկելով իրենց կարգախոսը`«Պաշտպանենք պետությունը». այս հարցում բավական ակտիվ էր Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը:

Մանրամասները`տեսանյութում

«Այս երթը եվս մեկ անգամ հաստատում է`եթե հավատով ենք մոտենում մեր բոլոր գաղափարների միասնականությանը, ուրեմն այդ հավատը հաղթելու է»,- երթի ավարտից հետո ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ խոստացել են համակարգի փոփոխություն եւ դա անելու են, որպեսզի մեր կյանքի որակը բարձրանա, դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան: Խորհրդարանում ՀԴԿ-ի առաջին քայլը լինելու է`ճանաչել Արցախի հանրապետությունը, քանի որ այն օրինական ձեւավորված սուբյեկտ է ու դա հնարավոր է ապացուցել իրավական ճանապարհով:

Տիգրան Արզաքանցյանն էլ ասաց. «Ես հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Տեսնում եմ բոլորիդ մեր կողքին եւ դուխը, հույսը, հավատը վստահեցնում է, որ արտահերթ ընտրություններում մենք կհաղթենք ու իրար հետ միասին հզոր Հայաստան կկառուցենք: Ուռա~: Մենք ներկայացրել ենք հարուստ գաղափարով տնտեսական ծրագիր, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան, հզոր երկիր, ուժեղ, հարուստ տնտեսություն. բոլոր շահույթները մտնելու են բյուջե, սարքենք իրար հետ միասին մարտունակ, հզոր բանակ, որ պաշտպանենք մեր պետությունը: Մենք հուսով ենք, ուժեղ ենք, խելքով ենք, կարող ենք իրար հետ միասին կառուցել ուժեղ Հայաստան»: Նա նաեւ հավելեց. «Խնդրում ենք համախմբվեք`բոլորդ միասին, որ կարողանանք այս ընտրություններում ձեռք բերել ձեր ձայնը եւ գնանք բոլորս միասին խորհրդարան, կառավարություն կազմենք, որ իրար հետ հզոր Հայաստան կառուցենք: 30 տարի բան չեն արել, թողեք առողջ ուժ գա`իրար հետ կառուցենք ուժեղ Հայաստան»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930