Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի թատրոնը կվերանա միանգամից, երկրորդը կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում». Սամսոն Ստեփանյան

Հուլիս 20,2021 14:06

«Բոլորս մեջք մեջքի պետք է պաշտպանենք այս թատրոնը»,- Պետական կամերային երաժշտական թատրոնում կայացած ասուլիսում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամսոն Ստեփանյանը` ներկայացնելով իրենց տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանի ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի զրույցը` Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման վերաբերյալ:

«Փաստարկները, որ դրված են այդ գործընթացն իրականացնելու համար, ավելի քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Սիմֆոնիկ նվագախմբին: Ամբողջ «աղմուկը» գնում է այդ ամեն ինչի շուրջ: Ըստ փոխնախարարի, իբր բարելավում են մեր պայմանները, մենք կունենանք երգչախումբ, պարային խումբ, երաժշտական խումբ, լավ պայմաններ եւ կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ, շատ ավելի ակտիվ:

Ես սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ, որն ամենեւին չի համապատասխանում իրականությանը, իսկ իրականությունը գոնե ինձ համար շատ պարզ է` մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը կտրամադրեն, թե չեն տրամադրի սիմֆոնիկին, դրա հետագա ճակատագիրն ինչ կլինի` դեռ անհայտ է: Թեպետ կարելի է ենթադրություններ անել, որոնք հեռու չեն լինի ճշմարտությունից»,-ասաց Սամսոն Ստեփանյանը:

Նա հավելեց, որ Ïառավարություն` վարչապետի անունով նամակ են հանձնել եւ առայժմ որեւէ պատասխան չեն ստացել, քանի որ այդ գործընթացը ժամանակ է պահանջում. «Ըստ իս կառավարությունում տեղյակ չեն այս գործընթացից: Սա միայն պարոն Խզմալյանի գաղափարն է, որն ուզում է ամեն գնով իրագործել այն: Ընդ որում, այս օրերի ընթացքում մի քանի անգամ փոխվել է պարոն Խզմալյանի կարծիքը եւ մեկնաբանումը այս հարցի վերաբերյալ»:

Սամսոն Ստեփանյանն ընդգծեց, որ պայքարելու են մինչեւ վերջ, եւ թատրոնների միավորման հարցը իրենց մոտ չի էլ քննարկվում. «Դա բացարձակապես չի քննարկվում եւ չի էլ կարող քննարկվել: Տեսականորեն կարող ենք կարծիքներ ունենալ, թե ինչ կլինի դրանից հետո, եթե միավորվենք: Եթե միավորվենք, կլինի ահռելի կոլապս Պարոնյան թատրոնի համար: Եթե չոր մաթեմատիկորեն մոտենանք խնդրին, կլինի հետևյալը` մի թատրոնը կվերանա միանգամից, երկրորդը երկար ժամանակ կլինի սարսափելի կատաստրոֆիկ վիճակում: Եվ այս ամենը նրա համար, որպեսզի սիմֆոնիկ նվագախումբն ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իր պահանջներին: 120 հոգի չեն տեղավորվի այստեղ: Թող լինի 80 հոգի, միեւնույն է` չի տեղավորվի նվագախումբ…»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնի հետ և Կամերայինի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին: Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները դեմ են այս որոշմանը: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը եւս դեմ է արտահայտվել, մինչդեռ ԿԳՄՍ -ում կարծում են, որ այս նախաձեռնությամբ ռեսուրսները արդյունավետ կօգտագործվեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Որ քեզ նման ղեկավար ունենա, իհարկե լավ չի գործի: Մինչև հիմա ու՞ր են մսխվել պետական գումարները: Ինչու՞ են ցածր մակարդակի ձեր ներկայացումները:

  2. Կրկին հիշեցնում եմ, որ կամերային երաժշտական թատրոնը, դա կամերային օպերան է, որի համար բազմաթիվ գործեր են ստեղծվել: Նախկին գեղ. ղեկավար Դ. Հակոբյանը, իբր, վերապրոֆիլացրեց և դարձրեց այն՝ ինչ որ այժմ կա: Դուք, ներկայիս դերասանները ձեր տեղում չեք: Ձեր փոխարեն պետք է լինեն օպերային արտիստներ: Հիշե՛ք սա …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031