Լրահոս
Օրվա լրահոսը

Չաշխատած օրերի համար ՊԵԿ-ը տնտեսվարողին տուգանել է 500 հազար դրամ, «Երեւան Տրանսն» էլ՝ 1 միլիոն

Օգոստոս 06,2021 14:00

ՔՈՎԻԴ-ի հասցրած տնտեսական վնասներից դեռ ուշքի չեկած՝ մի խումբ տնտեսվարողներ, որոնք շահագործում են տարբեր համարի երթուղագծեր, Պետական եկամուտների կոմիտեից հարյուր հազարավոր դրամներով տուգանված լինելու վերաբերյալ ծանուցագրեր են ստացել: Տնտեսվարողները չեն հասկանում՝ ինչու պետք է վճարումներ անեն, եթե ընդհանրապես չեն աշխատել, գիծը չեն սպասարկել՝ երկրում հայտարարված կարանտինի պատճառով:

«Առավոտի» խմբագրություն դիմած «Հակո» արտադրական կոոպերատիվի նախագահ Վլադիկ Աբրահամյանը այն տնտեսվարողներից մեկն է, որին ՊԵԿ-ը տուգանել է 500 հազար դրամով: Դա քիչ էր՝ «Երեւան Տրանս» ընկերությունն էլ մեկ միլիոն դրամի վճարում է պահանջում՝ «պուտյովկա» գրելու համար: Սակայն, տնտեսվարող Աբրահամյանը պնդում է՝ թե՛ ՊԵԿ-ը, թե՛ «Երեւան Տրանս»-ը նման իրավունք չունեին, քանի որ նշյալ ժամանակահատվածում չեն աշխատել:

Ըստ Վլադիկ Աբրահամյանի, 2020 թվականի մարտի 14-ից սկսած՝ 2,5 ամիս ընդհանարապես չեն աշխատել եւ անհասկանալի է՝ չաշխատած ժամանակահատվածի համար 500 հազար դրամ տուգանք ինչո՞ւ պետք է վճարեն. «Գնացել ենք բողոքել, նորից նամակ է եկել, որ տուգանվել ենք: Մեր երթուղագծում 16 մեքենա էր, մի վարորդը փախել է, հիմա 15 մեքենա է, ասում են՝ 25 մեքենայից բացի պետք է ունենաք լրացուցիչ մեքենաներ, իբր 25 մեքենա ունենք, մի հատ էլ լրացուցիչ, ասում են՝ 25 մեքենային էլ պետք է վճարեիք, լրացուցիչին էլ: Բայց նման բան չկա, քանի մեքենա աշխատում է դրա համար ես մուծում»: Վլադիկ Աբրահամյանի խոսքով աշխատել սկսել են 6-րդ ամսից սկսած. «Սկզբում վարորդներից հավաքել ենք օրական 1000 դրամ, 8-րդ ամսից հավաքել ենք 2000 դրամ, հետո՝ 3000 դրամ: Ինչքան հնարավորություն ունեցել ենք վճարել ենք պետական հարկերը: 50 հազար, 100 հազար, 150 հազար դրամի չափով տարբեր հարկեր ենք վճարել, իսկ զինվորի գումարը աշխատենք, չաշխատենք վճարել ենք: Ես ինքս զինվոր եմ, պետական մրցանակի դափնեկիր եմ, միջազգային արդարադատության գնդապետ եմ, իրավունք չունեի զինվորի գումարը չմուծել, սոված էլ լինեի զինվորի գումարը պետք է վճարեի: Այս տարվա մայիսի 1-ից նորից հավաքել ենք 5000 դրամ, որ կարողանանք պետական հարկերը վճարել: ՊԵԿ-ից նամակը եկել է ԻՎ պետ Արման Մնացականյանի անունից»:տու

Տնտեսվարողի խոսքով, չաշխատած օրերին մի քանի անգամ դիմել է ՊԵԿ պատասխանատուներին՝ գան, «խրոնոմետրաժ» անեն. «Ասում էին՝ չենք կարող գալ: «Երեան Տրանսի» պատասխանատուներն էլ խնդրեցինք, որ «խրոնոմետրաժ» անեն, ասացին՝ դուք արեք: Մենք 17 անգամ արեցինք»,-պատմում է մեր զրուցակիցն ու գրանցամատյանում ցույց տալիս նշումները: Այն օրերին երբ չեն աշխատել, դաշտը դատարկ է:

Վլադիկ Աբրահամյանի խոսքով, երթուղագիծն անցնում է 5 համալսարանների կողքով՝ հասնելով Զեյթունի ուսանողական հանրակացարաններ. «Ոչ մի տեղ էլ մարդ չկար, ո՛չ ուսանող կար, ո՛չ դասախոս կա: Հավաքում էինք 1000 դրամ, հազիվ կարողանում էինք վարորդներին պահել, որ չփախնեն: 2021 թվականի հունվարի 1-ին 9 մեքենա երթուղագծից հանեցինք՝ տարեթիվը հին լինելու պատճառով, տակը մնաց մի քանի մեքենա, հետո 6-7 մեքենա գնեցինք՝ դարձրինք 16 մեքենա: Մեր պլանը եղել է 25 մեքենա եւ անկախ այն բանից աշխատել են այդ մեքենաները թե չէ՝ 25 մեքենայի գումարը մուծել ենք՝ անկախ նրանից, որ գիծը սպասարկել է 9 մեքենա: Չաշխատող մեքենաների տեղն էլ փող ենք մուծել ու չգիտենք այդ գումարներն ուր են գնացել»:

Վլադիկ Աբրահամյանը հարց է ուղղում Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներին՝ եթե չենք աշխատել ի՞նչ «պուտյովկա»: «Հարցնում ենք՝ ինչի համար, ասում են օրենք է, տարել եմ գրքույկը ցույց եմ տալիս՝ 23 տարի մեկ կոպեկ պակաս հարկ չեմ վճարել, ծնողներս հանրապետության վաստակավոր ուսուցիչներ էին, ես թույլ չէի տա, որ հեռուստացույցով ինձ ցույց տան՝ պետական հարկը չմուծելու համար: «Ժուռնալը» ցույց եմ տվել, որ տեսնեն, եթե իրենք չեն արել «խրոնոմետրաժ», մենք արել ենք: Ինչի՞ համար վճարեմ, եթե չենք աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ՊԵԿ-ի իրավաբանական վարչությունում բացատրագիր են գրել: Աբրահամյանն ու այլ տնտեսվարողներ նամակով դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Չմտածված, քայլեր են անում, չես հասկանում՝ թե ժողովրդին հանում են իշխանության դեմ, պետական մարմինների դեմ, թե իրար դեմ, չենք հասկանում: Տուգանքը գրել են, բացատրություն չեն տալիս, ասում են՝ օրենք է»,-ասաց Վլադիկ Աբրահամյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031