Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Աղասյան. «Վարժությանս ժամանակ որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան եւ չստացվեց գրանցել իմ ուզած արդյունքը»

Օգոստոս 18,2021 18:04

«Առաջին անգամ Կապանի մարզադաշտ ինձ տարել է մորեղբայրս: Մարզիչս հիմա էլ Արսեն Պետրոսյանն է, որի մոտ սկսել եմ առաջին քայլերս անել ատլետիկայում: Առաջին պարապմունքից հետո նա ասաց, որ հաջորդ օրը մրցմանը պետք է մասնակցեմ: Այդ ժամանակ հասկացա, որ տարիքիս համեմատ բավականին լավ տվյալներ ունեմ, որ կարող եմ կատարելագործվել եւ պրոֆեսիոնալ ատլետ դառնալ: Իմ անդրանիկ մրցման ժամանակ լավ արդյունքներ գրանցեցի եւ սկսեցի լրջորեն վերաբերվել այն ամենին, ինչով զբաղվում եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ,  Հայաստանի բազմակի չեմպիոն, Բալկանյան երկրների առաջնությունների վեցակի հաղթող, մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական երկու խաղերի մասնակից Լեւոն Աղասյանը:

Լեւոնն ատլետիկայով զբաղվել սկսել է 10 տարեկանից: Արդեն 19 տարեկանում ունեցել է 19 մեդալ, որից 13-ը՝ ոսկե: Մեր զրուցակցի խոսքով՝ մարզական ուղում շատ դժվարությունների է հանդիպել, եղել են թե վայրէջքներ, թե վերելքներ:

Հայտնի է, որ Հայաստանում ատլետիկայի համար չկան պայմաններ, եւ յուրաքանչյուր ձեռքբերում հայկական ատլետիկայում մեծ նվաճում է: Լեւոնը նպատակ ունի առաջիկայում իր ներդրումն ունենալ ատլետիկայի եւ ընդհանրապես յուրաքանչյուր մարզաձեւի զարգացման գործում:

«Ամենամեծ մարզական իրադարձությունն օլիմպիական խաղերն են: Տոկիո 2020-ն էլ իմ երկրորդ օլիմպիական խաղերն էին: Այս ընթացքում ավելի մեծ փորձ էի ձեռք բերել եւ պատրաստվում էի ավելի լավ արդյունք ցույց տալ: Սակայն վարժությանս  ժամանակ առաջացան որոշակի տեխնիկական խնդիրներ, եւ չստացվեց գրանցել այն արդյունքը, որն ուզում էի: Դա մեծ դաս էր ինձ համար, եւ վստահ կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշարերին կամ օլիմպիական խաղերին կմասնակցեմ ավելի լավ: Էմոցիաներս էլ աննկարագրելի էին, որովհետև նման իրադարձություն լինում է չորս տարին մեկ: Մարդիկ, գույները, շփումները… դրանք նկարագրել հնարավոր չէ, այնտեղ գտնվելն արդեն իսկ մեծ պատիվ է ու փորձ: Հիշում եմ, երբ փոքր էի եւ ուսումնամարզական հավաքների էի գնում, փոքր-ինչ դժվար էր հայրենիքից հեռու լինելը: Կարոտում էի ընտանիքիս, ընկերներիս: Սակայն տարիքի հետ սկսեցի հարմարվել՝ սովորական երեւույթ է դարձել: Բայց երբեւէ չի եղել, որ գնամ ու չուզենամ հետ գալ հայրենիք: Որքան էլ հիացած լինեմ որեւէ երկրով կամ քաղաքով, Հայաստանս  շատ եմ սիրում: Տանը լինելու զգացումը հաճելի է, ավելի ինքնավստահ է դարձնում:

Չկա այնպիսի ատլետ, որին կցանկանայի նմանվել, չի եղել նման բան: Սակայն յուրաքանչյուր լավ ցատկորդի անցած ուղին մեծ դաս է ինձ համար, որից շատ բան եմ սովորում: Միշտ կատարելագործվելու տեղ կա, ուստի, ով ինձնից բարձր արդյունք ունի, փորձում եմ նրա հետ ավելի շատ շփվել ու սովորել: Դա հենց այնպես չի անցնում, եւ արդյունքն էլ երկար սպասել չի տա»,-ասում է եռացատկորդը:

Տոկիոյի օլիմպիական խաղերի ատլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը հանդես եկավ «B» խմբում եւ ցույց տվել 16.42 մետր արդյունք, 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 11-րդ տեղը եւ չհաղթահարեց որակավորման արգելքը: Եզրափակչի նորմատիվը 17.05 մետրն էր:

Հայ մարզիկը թե դպրոցում, թե բուհում լավ է սովորում եւ հասցնում է համատեղել ուսումն ու մարզական կարիերան: Աղասյանը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնի ուսանող է, որն ավարտում է այս տարի: Որոշել է մագիստրատուրայի համար դիմել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ: «Կյանքում մի պարզ կարգախոս ունեմ: Եթե ինչ-որ բանի հասնելու ցանկությունը մեծ է, փաստերը խոչընդոտ չեն: Հայաստանի պարագայում փաստերն աննպաստ պայմաններն են: Եռացատկում միշտ պետք է անել առավելագույնը, բայց աննշան սխալը կարող է փոխել ամեն ինչ,  հանգեցնել լուրջ վնասվածքների: Հոգեբանական խնդիրներ եւս կարող են առաջանալ, ու տեւական ժամանակ չզգաս, թե ինչպես պետք է  կատարես տեխնիկական վարժությունը: Ռիոյի օլիմպիական խաղերից հետո մի երկու տարի վատ էի հանդես գալիս, չէի հասկանում, թե որն է խնդիրը: Հետո պարզվեց, որ հոգեբանական վատ վիճակում էի: Շատ նպատակներ ունեմ, որոնք առավելապես կապված են երկրիս, ընտանիքիս ու ընկերներիս հետ: Սպորտում բարձր հաջողությունների հասնելն էլ դրանց թվին է դասվում:

Եթե ատլետիկան չընտրեի, երեւի կլինեի բասկետբոլիստ, ֆուտբոլիստ կամ բռնցքամարտիկ, որովհետեւ այդ մրցաձեւերը նույնպես ինձ մոտ լավ են ստացվում»,-ասում է եռացատկորդը:

Լեւոն Աղասյանը երբեք սպորտից հեռանալու երկընտրանքի առջեւ չի կանգնել, որովհետեւ, իր իսկ խոսքով, ընտրությունը հաստատ է: Ատլետիկայով զբաղվելու է այնքան, որքան անհրաժեշտ է: Նա մարզումները կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ինքը կցանկանա եւ կունենա այն ամենը, ինչին ձգտում էր:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031