Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ»․ Թադեւոս Ավետիսյան

Օգոստոս 25,2021 10:56

2018-ից հետո մեր երկրում արձանագրվում է կապիտալի փախուստ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա, անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին, ասաց՝ կառավարությունը խոստանում էր ՀՆԱ-ն տարեկան աճեցնել 7%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումներ ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի, 2018-ին խոստանում էր մինչեւ 2050 թվականը ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5% աճ, ի՞նչ եղավ։ 2017-ին ՀՆԱ-ն աճել է 7,5% -ով, 2018-ի հունվար –ապրիլին ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5%, սակայն իշխանափոխությունից հետո ՀՆԱ-ի աճը նվազեց, եւ 2018 -ն ամփոփվեց 5.6%-ով: 2019-ի ձեր «ոսկե դարը» փակվեց 7.6% աճով։ 2020-ին ՀՆԱ-ն կրճատվեց 7.4%-ով, շուրջ երկուսուկես անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը եւ էապես ավել, քան մեր տարածաշրջանում»։

Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ 2021-ին կառավարությունն ասում էր տնտեսական ակտիվությունն աճել է 5%-ով,եթե դա ընդունենք, ապա պիտի նաեւ փաստենք, որ նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսն աճել է 5.7%-ով, 0.7 տոկոսային կետով ավել։
«Խոսում եք համախառն գործունային արտադրողականությունից, աշխատանքի արտադրողականություն եւ ձեր կոնցեպտը պատրաստում էիք դրա վրա։ Այս մասով ձեր թիրախը ընդամենը 5% է, էապես ավելի ցածր, քան միջին գնաճը, եւ այսպիսի տարեկան թիրախի պարագայում դուք թիրախավորում եք ոչ թե արտադրողականության աճ, այլ զրոյական, նույնիսկ արտադրողականության նվազում»,-նշեց պարոն Ավետիսյանը։

Նա, օտարերկրյա ներդրումներին անդրադառնալով, ասաց՝ 2018-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ մեր երկրից․« 2019-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ներդրումների ներհոսքը նվազեց 0.4%, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 42%, վերաներդրումները նույնպես նվազեցին 30%-ով, 2019-ին Վրաստանում գրանցվել է 6.5 անգամ ավել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսք, քան Հայաստանում։ 2020-ին գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական զուտ ներհոսք, այսինքն, սա դասական կապիտալի փախուստ է երկրից՝ 7.1 միլիարդ դրամի չափով»։

Ըստ պատգամավորի ներկայացրած ցուցանիշների, 2021-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն ընդամենը 35 մլն դոլար է կազմել՝ իշխող ուժի տված միլիարդավոր դոլարների հասնող խոստումների փոխարեն։

«Պետական պարտքի բեռով շարունակաբար ավելացնում եք, նաեւ սահմանափակում եք մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։ 2018-2020 թվականներին դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27%-ով, շուրջ տասը անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ին եղել է 55,7% եւ կառավարելիության տիրույթում, սակայն դրանից հետո 2020 թվականին պարտքն աճել է թռիչքաձեւ եւ դարձել է 67.3% եւ մտել անկառավարելիության դաշտ»,-ասաց պատգամավորը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031