Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ղժղժա ԶԼՄ-ներով, պատվով ինձ հանձնեք իմ ամուսնու հասանելիքը». Զոհված սպայի կնոջ բողոքը՝ Եռաբլուրում

Սեպտեմբեր 21,2021 21:45

Լեւոն Սարգսյանը 18 տարի ծառայել է Հայկական բանակում, 8 տարի մարտական հերթապահության է եղել Ջաբրայիլում: Այսօր հերոսացած սպայի կինը՝ Մարիամ Հակոբյանը ամուսնու շիրմաքարը գրկած՝ լուռ լաց էր լինում՝ վարչապետ Փաշինյանի այցի ժամանակ:

«Իր ամբողջ ներուժն ուղղված է եղել դեպի հայրենիքը՝ առանց վարանելու, առանց անգամ հետ նայելու՝ կյանքն էլ է տվել հանուն հայրենիքի: Բայց ես մինչեւ այսօր չեմ ստացել իրեն արժանի պարգեւը, որն ինքը ստացել է իր տարիների ներդրումից: Փոխարենը դա ստանամ՝ առանց մի տեղ դիմելու, ես բազմիցս դիմումներ եմ ուղղել կառավարություն, ԱԺ, որ ստանամ իրեն արժանի պարգեւը: Այդ պարգեւը իմ կամ երեխաներիս կյանքում ոչինչ չի փոխելու, բայց ես երեխաներիս գոնե ասելիք եմ ունենալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարիամը՝ հավելելով. «Հրամանատարը Լեւոն Սարգսյանին ներկայացրել է Արիության մեդալի համար:

Արիության մեդալ Լեւոնը արդեն ստացել էր կենդանության օրոք: Զարմանքս ու հիասթափությունս ավելի  մեծ է, երբ մինչեւ այսօր Հայաստանից այն սպաները, որոնք, ինչպես վարչապետն է նշում, իրենց կյանքը տվել են  ոչ թե հանուն հայրենիքի, այլ՝ հանուն Արցախի, չեն ստացել իրենց արժանի պարգեւները: Ինչպե՞ս է, որ Արցախի հանրապետությունում սպաները ստացել են Մարտական խաչեր եւ Արցախի հերոսի կոչումներ, իսկ Հայաստանում դեռ ոչ մեկը չի ստացել, «Մարտական խաչ» հասկացողության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Մեր սպաները երբեք չեն գնահատվել ու այսօր կրկին ապացուցում են, որ էլի չեն գնահատվելու: Ինձ համար շատ հետաքրքիր է՝ ո՞ւմ համար են պահել բարձրաստիճան պարգեւները, չէ՞ որ մենք ունենք Մարտական խաչի աստիճաններ, ունենք «Ազգային հերոս», «Արցախի հերոս»: Ո՞ւմ համար են դրանք պահվել: Անգամ ինձ տեղեկություն է հասել, որ մեդալները շուկայի են վերածվել, առուծախի առարկա են դարձրել: Ես ոչ մեկից ողորմություն չեմ խնդրում, իմ ամուսինը «Մարտական խաչ» առաջին աստիճանի պարգեւի է արժանի»:

Հարցրեցինք՝ այսօր, երբ վարչապետն այցելել էր Եռաբլուր, չի՞ փորձել նրան հանդիպել՝ Մարիամ Հակոբյանը պատասխանեց. «Վարչապետի հետ հանդիպում չեմ ունեցել, բայց շատ եմ ուզում հանդիպել իր հետ, որովհետեւ ես իրեն ասելիք ունեմ: Արդեն շուտով մեկ տարին կլրանա՝ մեկ չապրած տարի էր: Ես հասկանում եմ, որ մեր երկրի համար դժվար իրավիճակ է, պատերազմից հետո ոչ մեկը շուտ ոտքի չի կանգնում, բայց շատ-շատ հարցեր կան, որ դեռ չեն բարձրաձայնվել: Հենց մեկը՝ սպայական ընտանիքները չունեն բնակարաններ:

Դուք չեք պատկերացնի, ես քանի ամիս է դիմում եմ ու ոչ մի տեղ ստույգ ոչ մի հարցի պատասխան չեմ ստանում՝ այս նամակը ուղղիր այստեղ, այնտեղ: Ամեն անգամ ՊՆ ենք ուղղել՝ պատասխան չեմ ստացել, ե՞րբ են լինելու պատասխանները: Որտե՞ղ են ապրելու ընտանիքները, ինչպե՞ս են վարձ տալու, չէ՞ որ այսօր ապրելն արդեն իսկ դժվար է: Մեկ տարի է, այս հարցերը չեն բարձրաձայնվել: Ի՞նչ անկախության մասին է խոսքը: Հա, մեր տղաները գնացել, զոհվել են՝ հանուն անկախության, բայց գոնե այսքանից հետո էլ իրենք գնահատված չեն: Ոչ մեկը ուշադրություն մեզ չի դարձնում, ես ինքս եմ սաղ օրը ընկած ԱԺ, կառավարություն, ՊՆ՝ այս նամակով, այն նամակով, այնինչ իրենք պետք է հետաքրքրված լինեին՝ես ինչի կարիք ունեմ, այս պահին երեխաներն ինչպես են մեծանալու, ունե՞ն տանիք իրենց գլխին, թե՞ ոչ»:

Անդրադառնալով Անկախության տոնին նվիրված համերգին՝ Մարիամ Հակոբյանն ասաց. «Ամբողջ համացանցը թնդում է, թե ինչպես են մարդիկ ուրախանում, ես հասկանում եմ, կյանքը շարունակվում է, ես էլ ամեն կերպ փորձում եմ իմ երեխաներին ապրեցնել, բայց կարելի է դա մի քիչ զուսպ անել: Ուրախացեք ձեր ներսում, ի ցույց մի դրեք, չէ՞ որ ամբողջ համացանցի 90 տոկոսը սգավոր ընտանիքներ են, որոնք չեն էլ պատկերացնում՝ իրենց կարո՞ղ են առաջվա պես մարդ զգալ, թե՞ ոչ, բոլորիս կիսատեցին ու թողեցին առանց հայրենիք»:

Նա ասաց, որ դժվարանում է երեխաներին բացատրել՝ հանուն ինչի՞ զոհվեց հայրը, եթե գոնե հաղթանակ լիներ…Ավաղ, այսօր ասելիք չունի ու  վախենում է երեխայի հարցերից. «Իմ ամուսինը պատվով է ծառայել եւ բոլոր զորամասերում պատիվ է տվել ու պատիվ է պահանջել: Ես այդ պատվի կրողն եմ: Ես չեմ ղժղժա ԶԼՄ-ներով, քրեական գործ հարուցելով, բայց ես ուզում եմ պատվով ինձ հանձնեն իմ ամուսնու հասանելիքը: Միայն ու միայն պատվով, որովհետեւ ես այսօր այդ մեծ պատվի ամենամեծ կրողն եմ: Ես ոչինչ չեմ ողորմում, ուղղակի ուզում եմ ստանամ այն, ինչին ա՛յ այս սպան արժանի է, իր կյանքն է տվել՝ հանուն բոլորի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930