Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Լսեք մեր պատգամավորների, նախարարների ելույթները. մեծամասամբ ամաչում ես». Վիգեն Խաչատրյանը՝ անկախության առիթով

Սեպտեմբեր 25,2021 17:24

«Հետադարձ կապի հասկացությունը գործում է ինչպես տեխնիկական մակարդակում, այնպես էլ հասարակական-քաղաքական հարաբերություններում: Անկախության շրջանում ՀՀ-ում հետադարձ կապի հասկացողությունը խորությամբ չի գիտակցվել»,-«Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով առաջին համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Կրկին զուգահեռ անցկացնելով տեխնիկական ոլորտի օրենքների և հասարակական-քաղաքական կյանքի միջև՝ նա նշեց. «Բարդ էլեմենտներից բաղկացած համակարգը կայուն է այնքանով, որքանով անկախ է ամեն էլեմենտ: Յուրաքանչյուր էլեմենտի՝ շարքից դուրս գալը չպետք է համակարգի թուլացման բերի: Որքան մեծ է յուրաքանչյուր էլեմենտի ազատության աստիճանը, այնքան կայուն է համակարգը: Հասարակական-քաղաքական հարաբերություններում ևս այդ երևույթը կա, և մենք դա այս երեսուն տարիներին ևս խորությամբ չենք գիտակցել: Չենք գիտակցել, որ անկախությունը ինքնիշխանություն է, և յուրաքանչյուր պետություն ինքնիշխան է այնքանով, որքանով ինքնիշխան է ամեն քաղաքացի: Մենք սա էլ անհրաժեշտ չափով չենք կարևորել»:

Ըստ նրա՝ չի կարևորվել մարդը, մարդու ազատությունները, իրավունքները: Այս առիթով հավելեց. «Եթե դա կարևորվեր, մեր անկախությունը երբեք չէր վտանգվի: Հետադարձ կապ, մասնակցություն. ժողովրդավարությունը հենց դա է»:

Այս առիթով ՔՊ-ական պատգամավորը հիշեց ՀՀ կառավարության ծրագիրն ու ասաց. «Կառավարությունը հինգ տարվա ծրագիր հաստատեց: Ես ուշացած հայտնաբերեցի, որ այդ ծրագրում մեկ բառ չկա հայոց լեզվի մասին: Դա մեծ վրիպում է: Եթե ուզում ենք խոսել մարդու արժանապատվության, անկախության մասին, մենք պիտի հասկանանք, թե 30 տարի մեր լեզվի հետ ինչ օրենսդրական նախաձեռնության կարիք է եղել, գործադիրն ինչ անելիքներ ունի, խորհրդարանն՝ ինչ: Լսեք մեր պատգամավորների ելույթները, նախարարների, ղեկավար մարդկանց ելույթները, մեծամասամբ ամաչում ես: Չեն տիրապետում մայրենի լեզվին: Օրինակ՝ Հենրիկ Հովհաննիսյանը, որ հայերեն խոսում է, շոյվում ես: Լեզուն ձև չէ, մտածողություն է: Եթե մենք կենտրոնում դիտենք հայ մարդուն, մեր ոչ անկախությունը, ոչ ժողովրդավարությունը չի վտանգվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930