Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է, որ ԵԽԽՎ բանաձեւում ամփոփված են ԱՀ ՄԻՊ զեկույցներում առկա ամրագրումները. Նելլի Բաղդասարյան

Սեպտեմբեր 28,2021 18:04

«ԵԽԽՎ բանաձևում համակողմանի առանձնացվել է հակամարտության հումանիտար սեգմենտը: Բանաձևի վերջնական բովանդակությանը Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների դեմ քվեարկելն արդեն իսկ ցուցիչ է, որ այն հնարավորինս օբյեկտիվ էր միջազգային իրավական առումով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները / Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ԵԽԽՎ բանաձևին, մասնավորաբար, մեկնաբանելով բանաձեւում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը, որն արդեն իսկ նշանակում է չլուծված բազմաթիվ հարցեր:

Մեր զրուցակցի գնահատմամբ, ԵԽԽՎ-ն խորհրդակցական մարմին է, որը բացառում է պարտադրման լծակներ, բայց այս փաստաթուղթը կարևորվում է նրանով, որ կրկին եվրոպական միջազգային կառույցներից մեկը որոշ դեպքերում բավականին խիստ և դատապարտող ձևակերպումներով Ադրբեջանին հիշեցնում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները. «Բանաձևում կրկին շեշտվում է Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը, որն այդպես էլ շարունակում է մնալ չիրագործված: Մտահոգություն է հայտնվել նաև այն 30 գերիների ճակատագրի հարցով, որոնց գերության մեջ գտնվելը փաստարկված էր, բայց նրանց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Շատ կարևոր է, որ շեշտվեց պատերազմում Թուրքիայի օգնությամբ սիրիացի վարձկանների ներգրավման փաստը: Բանաձևը վերաբերում է Արցախի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս գտնվող ԱՀ քաղաքացիներին, մասնավորապես նշվեց, որ նրանց իրավունքների պաշտպանության հարցում անելիք ունեն Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինները: Այս կետը ևս մեխանիզմների կիրառման լայն փաթեթ է ենթադրում»:

Բանաձևն, ըստ մեր զրուցակցի, այն միջազգային նշանակության փաստաթուղթը կարող է հանդիսանալ, որին հղում կատարելով կամ, որը հիմք ընդունելով՝ միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունները և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են անարգել մուտք գործել Արցախի Հանրապետություն: «Հարկ է նշել, որ պատերազմից հետո որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային կազմակերպությունների հումանիտար առաքելությունները խոչընդոտվել կամ առնվազն դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում: Վերջերս ունեցանք նաև Ֆրանսիայի պատվիրակության կողմից հումանիտար նպատակներով Արցախ այցելելուց հետո ֆրանսիացի 2 պաշտոնատար անձի Ադրբեջանի «Սև ցուցակում» հայտնվելու դեպք, ինչը հակասում է միջազգային իրավունքով մարդու ազատ տեղաշարժի իրավունքին»,- ասաց Նելլի Բաղդասարյանը:

Արցախցի պաշտոնյան շատ կարևոր է համարում նաեւ այն հանգամանքը, որ բանաձևում մանրամասնորեն ներկայացված են Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի ընթացքում և պատերազմից հետո կանխամտածված ոչնչացված և ոչնչացման վտանգի տակ գտնող մշակութային ժառանգության մասին կետերը, որոնք ԱՀ ՄԻՊ զեկույցներում են ամփոփված. «Բանաձևն անդրադառնում է նաև մշակութային ժառանգության յուրացմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրելով յուրացման մեխանիզմների վրա: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակներին այնուհանդերձ հաջողվել է կատարել իրենց սև գործը՝ խեղաթյուրելով սբ. Ղազանչեցոց եկեղեցու անվանումը, դրան համարժեք ներառելով «Ղազանչի» նորահնար անվանումը: Նույն նախադասության մեջ օգտագործվել է Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող հայկական պատմական  Շուշի քաղաքի անունը և դրան  համարժեք կիրառելով «Շուշա» անվանումը: Այս անվանափոխությունները կամ համարժեք օգտագործման  կետերը վտանգավոր են  այն առումով, որ հետագայում Ադրբեջանը դա կարող է օգտագործել որպես հիմք այնպիսի միջազգային կառույցների հետ աշխատանքում, ինչպիսին օրինակ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Բանաձևում հատուկ ընդգծված է Բաքվում «Ռազմավարի պուրակը», որպես անհանդուրժողականության դրսևորում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930