Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին

Հոկտեմբեր 14,2021 22:33

Աննա Հակոբյանը մասնակցել է Կանանց Եվրասիական երրորդ համաժողովին

 

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով  կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում եւ խաղաղության հաստատման ճանապարհին:

Տիկին Հակոբյանն իր ելույթում  հրատապ է համարել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը, խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին:

Վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով, նաեւ շեշտել՝ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:

«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,-նշել է Աննա Հակոբյանը:

Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մասնակիցների թվում են նաեւ կին խորհրդարանականներ, իշխանության գործադիր մարմինների, միջազգային կազմակերպությունների, գլոբալ կորպորացիաների, գործարար շրջանակների, գիտական հանրության, հասարակական կազմակերպությունների եւ բարեգործական նախագծերի ներկայացուցիչներ, կանանց միջազգային շարժման հեղինակավոր գործիչներ: Համաժողովի գործնական ծրագիրը ներառում է պլենար նիստեր, միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ռազմավարական եւ փորձագիտական նստաշրջաններ, բանավեճային հարթակներ, այդ թվում՝ հասարակական կարծիքի առաջնորդների հետ, պետական-մասնավոր բիզնես-երկխոսություններ, վեբինարներ եւ գործարար նախաճաշեր:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:

Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարեւորվել է կանանց դերը խաղաղության հաստատման եւ ամրապնդման գործում:

 

Տիկին Աննա Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031