Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը սեպտեմբեր ամսին ևս տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 4506 տոննա պղպեղ, 4041 տոննա լոլիկ, 0.3 տոննա սմբուկ, 408․6 տոննա ելակ, շուրջ 10․0 մլն հատ և 102․7 տոննա ծաղիկ, որից օգոստոս ամսին արտահանվել է շուրջ 2737 տոննա պղպեղ, 2888 տոննա լոլիկ, 0.3 տոննա սմբուկ, 146 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 36 տոննա ծաղիկ։ Հունիս-օգոստոս ամիսներին ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 28, միրգ՝ 24, իսկ բանջարեղեն՝ 16 երկիր։ Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև սեպտեմբեր ամսվա համար։ Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների ցանկում ծաղիկի արտահանման համար սահմանվել է 50 դրամ ցանկացած երկիր արտահանելու համար։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 200 տոննա ելակ, շուրջ 3850 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։
Որոշմամբ առաջարկվում է՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
Կարդացեք նաև
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
3) չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
5) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ․
6) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ․
7) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թվականի սեպտեմբեր ամսին ևս տրամադրելը։ ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 3685 տոննա կեռաս, 795 տոննա սալոր, 4175 տոննա դեղձ կամ նեկտարին, 430 տոննա խնձոր, 120 տոննա խաղող, 142 տոննա թուզ, ազնվամորի, մոշ, որից օգոստոս ամսին արտահանվել է շուրջ 770 տոննա կեռաս, 375 տոննա սալոր, 2650 տոննա դեղձ կամ նեկտարին, 389 տոննա խնձոր, 120 տոննա խաղող, 94 տոննա թուզ, ազնվամորի և մոշ։ Հունիս-օգոստոս ամիսներին ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը միրգ է արտահանվել 24 երկիր։ ՊԵԿ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 310 տոննա տոմատի մածուկ, 634․0 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 818 հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 3121 հազար բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 2674 հազար լիտր շշալցված բնական հանքային ջուր, 157 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն և 73 տոննա թառափ ու 80 տոննա իշխան տեսակների ձկներ։ Վերամշակող կազմակերպությունների կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում 2026 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մթերվել է շուրջ 4600 տոննա դեղձ և շուրջ 50 տոննա թուզ։
Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև սեպտեմբեր ամսվա համար։ Միջոցառման շրջանակներում արտահանման համար փոխհատուցվող ապրանքների ցանկից հանվել է կեռասը, ազնվամորին, մոշը, հոնը։ Բացի այդ, շշալցված հանքային ջրի արտահանման երկրները լրացվել է Չինաստանով։ Վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար նախատեսվում է փոխհատուցման տրամադրումը շարունակել մինչև հոկտեմբերի 1-ը։ Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 11600 տոննա պտուղ և հատապտուղ, շուրջ 100 տոննա տոմատի մածուկ, շուրջ 1․0 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 210 հազար լիտր պտղահատապտղային գինի, 1․0 մլն բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 100 տոննա չորացված միրգ կամ բանջարեղեն, 240 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։ Վերամշակման նպատակով մթերվող մրգի կանխատեսվող ծավալները գնահատվում են շուրջ 4200 տոննա։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։ «Բացի մեր պատկերացրած չրերից՝ մեզ մոտ հիմա չոր մրգերի արտադրանքներ կան, և ես տարբեր տեղերից անընդհատ լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում առաջացած խնդիրների պատճառով մթերումներն ենք լրացուցիչ խթանել, և չրերի ու չորացած մրգերի դեպքում պահպանման հետ կապված ժամկետների ավելի մեծ ճկունություն կա: Մենք պետք է այս նյուանսին ուշադրություն դարձնենք, որովհետև համապատասխան սեզոնին ավելի մեծ ու գլոբալ պահանջարկ կձևավորվի»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պետք է աշխատել պահածոյացված միրգ-բանջարեղեն, մուրաբաներ արտադրողների հետ. «Թարմ միրգ-բանջարեղենի սեզոնը երբ ավարտվեց, մենք պետք է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք։ Ծրագրերով պետք է ուղղորդենք, թե որ ուղղություններով ենք խնդիրը լուծում»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա Հայաստանի Կառավարության ռազմավարությունը. «Կարծում եմ, որ նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի շրջանակում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը՝ անկախ ամեն ինչից։ Այստեղ մենք չպետք է շեղվենք այդ ուղղությունից։ Բայց այս պահի դրությամբ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ, իհարկե, խնդիրը եղել է և կա, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ այդ խնդիրը պետության և մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է։
Եվ իհարկե, այստեղ էական դեր ունեն մեր հարգելի զբոսաշրջիկները, որոնք իրենց հոսքերով ապահովում են նաև այս խնդրի լուծման մի երրորդ հարթություն, որովհետև իրենք տարբեր երկրների սուպերմարկետներում կամ շուկաներում պիտի ձեռք բերեին այդ ապրանքը և սպառեին, գալիս են Հայաստանի Հանրապետությունում են ձեռք բերում և սպառում։ Իմիջիայլոց, այս տրամաբանությամբ զբոսաշրջության հետ հետագա զարգացումը և ընդլայնումը Երևանից դեպի մարզեր, շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրները մենք կարողանանք լուծել»։
Օրենսդրական նախաձեռնություն. ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն
Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ. «Արշավը նպատակ ունի կանխարգելելու բռնությունը ի սկզբանե ընտանիքում, այսինքն՝ թույլ չտալու դրա վրա հասնելը, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն և ձևավորելու նաև զրո հանդուրժողականություն հասարակության շրջանում բռնության՝ ընդհանուր առմամբ երևույթի նկատմամբ։ Այս արշավի շրջանակներում է հենց մշակվել նախագծերի փաթեթը, որն այսօր ներկայացված է Կառավարության քննարկմանը»։
Ըստ նախարարի՝ ընտանիքում տեղի ունեցող բռնության երևույթները, որոնք վտանգում են մարդու անվտանգությունը, կյանքը, առողջությունը, հոգեկան կամ ֆիզիկական անձեռնմխելիությունը կամ սեռական ազատություն ու անձեռնմխելիությունը, պարզապես անձնական կամ ընտանեկան խնդիր չի կարող լինել, և պետությունը այստեղ մեծ անելիք և անմիջական պատասխանատվություն ունի այս դեպքերին արագ արձագանքելու և նաև հետագա դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ ՆԳ նախարարը տեղեկացրել է, ոչ փաթեթը երկու հիմնական հարցի է անդրադառնում՝ պետությունն ինչպես է պաշտպանում այն անձին, ով իր ամենամոտ միջավայրում, իր ընտանիքում, իր առօրյա կյանքում ենթարկվում է բռնության, և ինչպես է կանխարգելում հետագա դեպքերը։
Արփինե Սարգսյանը չորս ուղղություն է առանձնացրել. «Առաջին կարևոր ուղղությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի մակարդակում պաշտպանության ուժեղացմանն այս երևույթների նկատմամբ։ Պիտի փաստեմ, որ օրենսգրքով նախագծի հեղինակները ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչում են՝ որպես ինքնուրույն առանձին երևույթ, և այս ուղղությամբ հարաբերությունները քրեական օրենսգրքում դիտարկվում են որպես առանձին հոգածության առարկա և առանձին գլուխներով նախատեսվում են որպես ինքնուրույն հանցակազմեր։ Եվ նաև խստացվում է դրանց համար նախատեսված պատասխանատվությունը։ Երկրորդ՝ կարևոր ուղղությունը քրեական արդեն վարույթի շրջանակներում տուժողի պաշտպանության ուժեղացմանն է վերաբերում։ Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը առաջնային մեկնարկի համար թողնում է հենց բռնության զոհի վրա, որպեսզի ինքը ներկայացնի հաղորդում, հաղորդումը հետագայում ընթացքավորվի։ Նախագծով հեղինակներն առաջարկում են այս դեպքում չկապել պրոցեսը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ, և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք բացառում ենք այդ ընթացքում որևէ հաշտության պրոցես, որովհետև շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ համոզելով, հարկադրանքի տարբեր եղանակներով անձինք հետ են վերցնում հաղորդումները և թույլ չեն տալիս հետագա շարունակությունը։ Այս դեպքում պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվությանը ենթարկելու բռնարարին։ Վարույթի տեսանկյունից կարևոր է նաև այն, որ մենք հաճախ նկատում ենք, որ բռնության զոհերը կրկնակի զոհականացման տրամաբանության մեջ անընդհատ բողոքում են նաև առանձին դեպքերում կրկնակի հարցաքննություններից։ Առաջարկում ենք սահմանափակել տուժողի կրկնակի հարցաքննությունը՝ թույլ տալով վարույթն իրականացնող մարմնին նոր հարցաքննություն կազմակերպել բացառապես այն պայմաններում, երբ նոր ի հայտ եկած հանգամանք կա, և դրա հետ կապված կարիք կա ճշգրտումների։ Արգելում ենք տնային կալանքն այն դեպքերում, երբ տուժողը և մեղադրյալը շարունակում են համատեղ բնակվել, ինչպես նաև հատուկ պաշտպանության միջոցների նկատմամբ հսկողությունը իրականացնում ենք նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով։ Եվ հետևապես վարույթի տրամաբանության մեջ այնպես ենք անում, որ հնարավորինս տուժողը զերծ մնա նոր տրավմայից կամ նոր վտանգի որևէ աղբյուրից։ Երրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է պաշտպանության միջոցների տրամաբանությանը։ Ի սկզբանե դուրս ենք բերում նախազգուշացումը՝ որպես պաշտպանության ինստիտուտ, որովհետև շատ հաճախ նկատում ենք, որ դա որևէ արդյունավետ միջոց չի հանդիսանում պրակտիկայում, և որպես կանոն նախազգուշացումից հետո արդեն կրկնակի բռնության դեպքեր ենք արձանագրում ոստիկանության պրակտիկայում։ Սա առհասարակ դուրս ենք բերում։ Կարևոր փոփոխություն է այստեղ առաջարկվում նաև փաթեթով, որ փոխենք գործող պրակտիկան։ Այս պահի դրությամբ, երբ գործ ունենք բռնության դեպքի հետ, առաջնային ռեակցիան պետության բռնության զոհին տնից դուրս բերելն է և ապաստարան տեղափոխելը։ Բայց շատ հաճախ պիտի ընկալենք, որ այս պայմաններում բռնարարը շարունակում է մնալ տանը, իր համար սովորական միջավայրում, մինչև քրեական վարույթի հետագա ընթացք, մեղադրանքի առաջադրում և այլն։ Եվ այստեղ կարծես թե բռնության զոհին էլ ավելի խոցելի վիճակում ենք դնում և նախատեսում ենք, որ որպես կանոն բռնություն գործադրածին ենք հանում կոնկրետ ընդհանուր միջավայրից, եթե, իհարկե, չենք երաշխավորում տուժողի անվտանգությունը այլ միջավայրում։ Մի կարևոր փոփոխություն ևս նախատեսված է՝ պետության որակական արձագանքի տեսանկյունից, ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է պարտադիր կերպով կրծքին ամրացվող տեսախցիկի կրման պահանջ, որպեսզի երբ դեպքի վայր ժամանի ոստիկանը, կարողանանք առաջնայնորեն բոլոր ապացույցները, որակական տվյալները դուրս բերել և հետագայում արդեն վարույթ իրականացնող մարմնի համար ավելի լավ պրոցես ապահովել։ Սա նաև ներքին գործերի նախարարության տեսանկյունից ևս վերահսկողական գործիք է, որպեսզի հասկանանք և ստուգենք ռեակցիաները մեր ծառայողների։ Եվ վերջին կարևոր փոփոխությունը բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի պարտադիր կանոնի նախատեսումն է։ Իհարկե, շատ կարևոր է, որ պետությունը պատժի բռնություն գործադրած անձին, բայց եթե մենք ուզում ենք մեծ բաղադրիչ ունենալ կանխարգելման, տրամաբանական է, որ պատժից զատ պիտի նաև բռնարարի վարքագծային փոփոխության վրա աշխատենք։ Նախատեսում ենք, որ պատժին զուգահեռ պարտադիր պետք է ռեաբիլիտացիայի ծրագիր անցնելու կանոն նախ նախատեսվի բռնարարի համար»։
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ է ընդունվել և հաստատվել ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը։ Բայց, ըստ վարչապետի, դա ընդունվել է միջազգային կառույցների պահանջի պայմաններում և պետությունը խնդրին լրջությամբ չի առերեսվել։
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ:
Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 28 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 18 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15,000 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։ Ծրագրի շրջանակներում մշակված և հաստատված են նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերը և սեյսմակայուն շինարարության ուղեցույցը։ 3-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։ 3-րդ ծրագրի շրջանակում կատարվելու են հակասեյսմիկ չափանիշներին համապատասխանող 50 դպրոցների վերակառուցման աշխատանքներ, որոնց մոտավոր արժեքը կազմում է 366․0 մլն ԱՄՆ դոլար, որից՝ ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորման ծախսերը կազմում են 73․0 մլն ԱՄՆ դոլար (19.9%), իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը կազմում է 293․0 մլն ԱՄՆ դոլար (80․1%):
Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հաջողությամբ ընթանում է, և որ մինչև տարեվերջ կունենանք առնվազն 303 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ավարտ: Այդ համատեքստում վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է շինաշխատանքները որակով իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։ «Ընդհանուր առմամբ գործընթացը հաջող է ընթանում, եթե չասեմ՝ լավ: Մենք հետևողականորեն պետք է շարունակենք»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում շուրջ 1000 դպրոց պետք է ունենալ, որպեսզի վստահ լինեն, որ ֆիզիկապես նորմալ ենթակառուցվածք է ստեղծվել ՀՀ-ում:
Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ
Գործադիրի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ: Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Խաչիկյանը երկար ժամանակ կատարել է կոմիտեի նախագահի պարտականությունները։
Կոմիտեի նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Որպես կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ նախորդող 8 տարիների ընթացքում բավականին հաջող համագործակցել ենք Կառավարության անդամների մեր գործընկերների հետ: Ստանձնելով կոմիտեի նախագահի պաշտոնը՝ պատրաստակամ եմ նույն եռանդով ջանքերս ներդնել ՀՀ անվտանգության և բարօրության բարձրացման նպատակով»։
Կապահովվեն կրթական և մշակութային դաստիարակության համար շենքային և ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ
Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն կրթական և մշակութային դաստիարակության համար շենքային և ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, գույքով ապահովումը 1.5 մլրդ դրամ գումարի շրջանակում։
Մասնավորապես՝ գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Ստեփանավանի պրոֆ. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցման ՆՆՓ-երի լրամշակում, Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադահլիճի կառուցման ՆՆՓ-երի մշակում և փորձաքննում, Շիրակի մարզի Աշոցք համայնքում նոր մարզադպրոցի կառուցման ՆՆՓ-երի «Էսքիզայինի նախագիծ» փուլ, Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցում /բյուջետավորված գումարի ավելացում/, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ըմբշամարտի մարզադահլիճի վերակառուցում /կնքված պայմանագրերի և բյուջետավորված գումարի տարբերություն/։
Գումար կհատկացվի շինարարությունն ավարտվող հետևյալ դպրոցների գույքով ապահովման համար՝ Ագարակի մանկապարտեզի Ալվանք գյուղի մասնաճյուղ, Կապան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, Կապան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ, գրադարանների գույքով ապահովում։
Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը
Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը կազմակերպման և անցկացման նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր, 181 մասնակիցների մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր, ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը: Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակույթային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացման վրա:
Միջազգային համագործակցություն. «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հիմնական նպատակն արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին («Պարզեցված մաքսային միջանցք»)» արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը։ Մասնավորապես նախատեսվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով կողմերը, մինչ ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը, էլեկտրոնային եղանակով տեղեկություններ են փոխանակելու ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանվող պայմաններին համապատասխան։ «Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։ Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, և բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան և իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։ «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հիմնական նպատակը արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, մասնավորապես՝ կողմերի պետությունների մաքսային մարմիններում ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը, պահանջվող փաստաթղթերի կրճատումը, ապրանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և իրականացման ծավալների նվազեցումը, որոնք կհանգեցնեն սահմանին ապրանքների բացթողնման և սպասելաժամանակի էական կրճատմանը։ «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման և գործարկման համատեքստում էական նշանակություն ունի նաև Մեղրիի սահմանային անցման կետի՝ ներկայումս իրականացվող արդիականացման գործընթացը՝ անհրաժեշտ շենքային պայմանների, ենթակառուցվածքային հնարավորությունների և տեխնիկական հագեցվածության ապահովման տեսանկյունից, ուստի «Պարզեցված մաքսային միջանցքի» լիարժեք ներդրումը հնարավոր կլինի ընթացող շինարարության ավարտից հետո:
Հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: 80 մլն եվրո արժողությամբ համաձայնագիրը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
Նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգում։ Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50,000 դրամ)։ Գործընթացի կազմակերպումը ներկայումս իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։ Բացի այդ, գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի (լիազորված օպերատորի) մասնակցությամբ կառավարման մոդել, որի շրջանակներում վերանայվում է մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքի նվազագույն շեմը՝ ապահովելով գործընթացի թվայնացում և արագացում։ Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ ՀՀ-ից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։
Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով։ Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Կապահովվի հանրակրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կստեղծի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կազմակերպման առավել հստակ, միասնական և կենտրոնացված իրավական հիմք՝ ապահովելով լիազոր մարմնի գործառույթների արդյունավետ իրականացում և կառավարման գործընթացների համակարգվածություն։ Նախատեսվող կարգավորումների կիրառման արդյունքում կապահովվի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացում և իրավական ամրագրում, ինչը թույլ կտա բացառել փաստաթղթաշրջանառության կրկնությունները, նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը և բարձրացնել գործընթացների թափանցիկությունը։ Միաժամանակ, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերանայումը և կազմի հստակեցումը կնպաստի գնահատման գործընթացների հավասարակշռվածությանը և օբյեկտիվությանը՝ ապահովելով տարբեր պետական մարմինների համաչափ ներգրավվածություն։ Արդյունքում՝ կապահովվի հանրակրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, մրցութային գործընթացների միասնականացում, թվայնացված կառավարման ընդլայնում և կրթության ոլորտում պետական քաղաքականության առավել հետևողական ու թափանցիկ իրականացում։
Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը
Գործադիրն ընդունել է որոշում՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը:
Կապահովվի Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիրի կառուցումը
Կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշում։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտի համալիր վերակառուցումն ու արդիականացումը իրականացնելու համար՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից տեխնիկական, անվտանգության, մատչելիության և միջազգային մրցումային պահանջներին։ Արդյունքում, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման, մարզիկների պատրաստման, հանրապետական և միջազգային մրցաշարերի, ինչպես նաև զանգվածային մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպման համար, որն էլ կնպաստի բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և մարզական կյանքում երեխաների ու երիտասարդների ներգրավմանը:
Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին
Կառավարության որոշմամբ «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել երկու տեսակի սոսինձի՝ սուպեր սոսինձի և երկկոմպոնենտ սոսինձի արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 67 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ՝ 158 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 10-ի՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 42 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլն դրամ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ





















































