Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության սեփականատերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի է. «Ազատություն»

Հոկտեմբեր 15,2021 14:06

«Ազատություն». Արագածոտնի մարզի Ուշի համայնքի ոչնչով աչքի չընկնող տներից մեկում է բնակվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերություններից մեկի` «Եվրոասֆալտ 1» ՓԲԸ միակ բաժնետեր Սիրուշ Դավթյանը։ 140 մլն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատերը, պարզվեց, 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող միայնակ կին է՝ տնային տնտեսուհի։

«Ազատության» այցի ժամանակ նա չցանկացավ հարցերի պատասխանել, սակայն նրա եղբայրը չձայնագրվելու պայմանով մի քանի բառ փոխանակեց` հորդորելով այլ տեղեր սեփականատերեր փնտրել ու հանգիստ թողնել ճնշման խնդիր ունեցող քրոջը։ Փաստաթղթերին արված հղումներին քմծիծաղով արձագանքեց, թե իր քրոջից ի՞նչ խոշոր գործարար։

Թե՛ «Եվրոասֆալտ», թե՛ ավելի ուշ ստեղծված «Եվրոասֆալտ 1» ընկերությունները, որտեղ տնօրեն է Կառլեն Սիմոնյանը, հիմնվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո` առաջինը` 2018 թվականի մարտի 18-ին՝ 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով, երկրորդը` արդեն 2021 թվականի փետրվարին՝ 140 մլն դրամ կապիտալով։

Նորաստեղծ «Եվրոասֆալտ» ընկերությունը պետությունից ասֆալտապատման 2 խոշոր պատվեր է ստացել, առաջինը` Տարածքային կառավարման նախարարությունից այս տարվա հունիսի 17-ին՝ 368 մլն դրամի չափով։ Երկրորդ պատվերը կազմել է 287 մլն դրամ Ապարանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար։

Այս ամբողջ պատմության մեջ խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը մեկ խնդիր է տեսնում՝ այս մասին հրապարակումներ արած լրատվամիջոցները. «Դեղին մամուլի հարցերին, դեղին հարցերի ես չեմ պատասխանում», – պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ասել էր նա:

«Ազատության» եթերում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Պապիկյանը հայտարարել էր` բանալի բառերը մրցույթն ու հաղթելն են։ Սիմոնյանն էլ վրդովվում է՝ չէ՞ որ իր եղբոր ղեկավարած ընկերությունը ամենաէժան գինն է առաջարկել։ Իսկապես դա օրենքի պահանջ է, և «Եվրոասֆալտը» 400 մլն դրամի հասնող մրցույթում 50 հազար դրամով ավելի էժան գին է ասել, քան մրցակիցները։ Հաղթելու բանալին այս դեպքում այդ 50 հազար դրամի տարբերությունն է։

Այս չնչին տարբերությամբ պարտված ընկերությունների ներկայացուցիչները «Ազատության» հետ զրույցում խուսափեցին քննադատել իրենց մրցակցին միլիոնավոր դրամների պատվեր տալու որոշումը` ակնարկելով՝ չեն ցանկանում հարաբերությունները փչացնել իրենց գլխավոր պատվիրատուի` կառավարության հետ։

Հետաքննական լրագրության երկար տարիների փորձ ունեցող լրագրող Վահե Սարուխանյանը, որը ևս հոդված էր գրել ԱԺ նախագահի եղբոր ղեկավարած ընկերության շահած մրցույթների մասին, այստեղ այլ ռիսկ էլ է տեսնում. «Նախկինում օրինակ` շատ էր քննադատությունը Հանրապետական իշխանության հասցեին, որ մրցույթ կազմակերպողները յուրային ընկերություններին տեղեկացնում են, որ օրինակ` իքս կազմակերպությունն առաջարկում է կամ առաջարկելու է այս գումարը, դու առաջարկի մի փոքր ցածր` կլինես ամենացածր առաջարկողը, կհաղթես, հետո իրար հետ կբարիշենք: Թե ինչ է եղել այս պարագայում, ես չգիտեմ, ես մեղադրանքներ չեմ հնչեցնում, դրա հիմքը չունեմ, բայց որ տրամաբանական կասկած առաջանում է, դա միանշանակ է, և կոռուպցիոն ռիսկի հավանականությունը այս պահին հնարավոր չի հերքել», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Նաիրա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031