«Իսկ իրենք տեսե՞լ են այդ Սահմանադրությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Որտե՞ղ են տեսել, որ չի հրապարակվել։ Չէ, բայց մինչեւ տեսնել ասում են, որ կողմ են»,- խորհրդարանում լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էր խոսել Սահմանադրության փոփոխության մասին եւ տարակուսել, որ առանց տեքստը տեսնելու՝ ընդդիմադիրները հայտարարում են, որ դեմ են լինելու։
Էդգար Ղազարյանը հստակեցրեց՝ «Ուժեղ Հայաստանն», այո, դեմ է լինելու։
Լրագրողները հավելեցին՝ ՔՊ-ի որոշ պատգամավորներ վարչության անդամներ են եւ ծանոթացել են նոր Սահմանադրության տեքստին։
Կարդացեք նաև
«Ֆրակցիան ընդհանուր դիրքորոշում չի հայտնել, բայց… կողմ են։ Այսինքն՝ ֆրակցիայի պատգամավորները չեն տեսել, որովհետեւ ֆրակցիայի պատգամավորներից քիչ մասն է, որ վարչության անդամ է, բայց կողմ են»,- հեգնեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ այդ տեքստում տեսնելու բան էլ չկա, քանի որ սկզբունքային փոփոխություն կա՝ այն հղում չի պարունակում Անկախության հռչակագրին։
«Դա պետք չի տեսնել, դա արդեն ասվել է։ Նիկոլ Փաշինյանն էլ է դրա մասին ասել, այդ հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարն էլ է ասել, Արուսյակ Ջուլհակյանն էլ, որ այդ խորհրդի կազմում է, ինքն էլ է հաստատել, որ Սահմանադրության նոր տարբերակը Անկախության հռչակագրին հղում չի պարունակում։ Ուրի՞շ ինչ պիտի փոխեն։ Իրենք մինչեւ այդ հայտարարել էին, չէ՞, նույն Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետական կառավարման համակարգի փոփոխություն չեն նախատեսում, այսինքն՝ երկիրը շարունակելու է մնալ որպես խորհրդարանական երկիր, այնտեղ կարող է մի քանի, մի քանի կոսմետիկ փոփոխություններ անեն, որոնք ոչ էական նշանակություն․․․ Այսինքն՝ սկզբունքային հարցն Ալիեւի պահանջն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարց հնչեց նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարության մասին, որ հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից։
«Հիքմեթ Հաջիեւը Հայաստանում ունի գործընկեր՝ դա անվտանգության խորհրդի քարտուղարն է (նկատի ունի Ալեն Սիմոնյանին- Ն․ Գ․), որը իր հայտարարությամբ, յուրաքանչյուր երկու օրը մեկ պարբերականությամբ ինտենսիվ շփումների մեջ է գտնվում Հիքմեթ Հաջիեւի հետ։ Հարցրեք Ալեն Սիմոնյանին, թող ինքը ասի իր դիրքորոշումը դրա վերաբերյալ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































