Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի հանդիսատեսը ոգեւորեց դաշնակահարին, եւ նա կրկին մոտեցավ գործիքին․ Բեթհովենի սոնատները հնչեցին Կապանում

Հոկտեմբեր 31,2021 17:15

Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում օրերս դաշնամուրային երաժշտության համերգ էր՝ նվիրված Բեթհովենի ծննդյան 250-ամյակին։

Դաշնակահար Տիգրան Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած անվանի երգահանի 250-ամյակը լրացել է անցած տարի՝ 2020թ.-ին, բայց համերգաշարը հնարավորություն եղավ իրականացնել այս տարի։ «Նախ կորոնավարակն էր, հետո՝ պատերազմը։ Այս տարի որոշեցի կյանքի կոչել ծրագիրը, Կապանից հետո՝ Գյումրի, Երեւան, ուզում եմ բոլոր մարզկենտրոններում ներկայացնել ծրագիրը»,-ասում է Տիգրանը։  Ի դեպ, անցած տարի, երբ հետաձգվեց համերգային շրջագայությունը, Բեթհովենի սոնատները ներկայացրեց առցանց համերգով։

«Բեթհովենն ինձ համար Աստծո մի մասնիկն է։ Արդյո՞ք պարզապես կոմպոզիտոր լինելով կարելի է ստեղծել 9-րդ սիմֆոնիա, չէ՞ որ դա տիեզերքի արարումն է։ Նա ինձ համար սիրո, խաղաղության և ներդաշնակության մոլորակ է, ես ապրում եմ այդ մոլորակում»,-ասում է Տիգրան Սարգսյանը։

Համերգային ծրագրում Բեթհովենի չորս սոնատներն են․ №8՝ «Պաթետիկ»-ը, №14՝ «Սոնատ ֆանտազիա» -ն,  որը հանրահայտ «Լուսնի սոնատն» է,  №17՝ «Փոթորիկ»-ը,  №23 «Ապպասսիոնատա»-ն։ Կապանում  անվանի դաշնակահարը ներկայացրեց «Լուսնի սոնատ»-ն ու «Ապպասսիոնատա»-ն։

Տիգրանի խոսքով՝ պատահական չէ, որ «Բեթհովեն-250» համերգաշրջանը որոշեց սկսել Կապանից։  «Ընդհանրապես, Սյունիքը ինձ համար Հայաստանի ծննդավայրն է։ Իսկ կապանցին` այդ ծննդավայրի արժանի զավակը»,-ասում է Տիգրան Սարգսյանը։

Կապանում մի քանի անգամ եղել է, բայց առաջին անգամ էր համերգային ծրագրով ներկայանում կապանցուն։ «Չնայած այն հանգամանքին, որ դահլիճը չէր ջեռուցվում ու փոքր-ինչ ցրտոտ էր, Կապանի հանդիսատեսն իր չդադարող ծափահարություններով ջերմացրեց  թե՛ դահլիճը, թե՛ ինձ ու ստիպված ես, մեծ հաճույքով կրկին մոտեցա գործիքին և նվագեցի  Բեթհովենի «Փոթորիկ» սոնատի 3-րդ մասը, որը նախատեսված չէր ծրագրով»,-ասում է Տիգրան Սարգսյանը։

Կապանյան համերգին աջակցել էր Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Հ․Գ․ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Գյումրիում  նախատեսված համերգը համավարակի պատճառով հետաձգվել է, իսկ Երեւանում կկայանա նոյեմբերի 3-ին՝ «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտում։

Համերգից մի հատված՝ այստեղ 

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031