Լրահոս
Օրվա լրահոսը

««Տարբեր» ակումբի նպատակը երեխաների մեջ գրքի հանդեպ սեր արթնացնելն է»

Նոյեմբեր 11,2021 12:00 Share

Ասում է հաղորդավար, ակումբի հիմնադիր Սերգեյ Սարգսյանը

– Ինչպե՞ս առաջացավ «Տարբեր» ակումբը ստեղծելու գաղափարը։

Սերգեյ Սարգսյան- Ակումբը ստեղծելու գաղափարն առաջացել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Մտածեցի՝ ի՞նչ հետաքրքիր, մարդկային շփում պարունակող նախագիծ կարելի է ստեղծել։ Որոշեցի կազմակերպել գրքային քննարկումներ երեխաների հետ, որպեսզի նրանք իրենց ժամանակը օգտակար անցկացնեն։ Մտածեցի, թե ում հետ կարելի է համագործակցել։ Միանգամից մտքիս եկավ լուսավոր, հրաշալի գրահրատարակչությունն ու գրատունը։ Եկա «Զանգակ», եւ առանց վերապահումների ընդունվեց որոշումն, ու կազմակերպեցինք քննարկումները։

– Երեխաները պետք է մինչեւ քննարկումը տվյալ գիրքը ընթերցե՞ն։

Ս.Ս.-Մենք չենք ստիպում երեխաներին նախօրոք գիրքը կարդալ։ Ես ներկայացնում եմ գրքի կերպարները, ինչի մասին է այն, ինչ փնտրել գրքի մեջ։ Հիմնական մասը ներկայացնում եմ, իսկ վերջին մասը պետք է տվյալ գիրքը ընթերցելով բացահայտեն։

– Իսկ երեխաներն ակտիվ մասնակցո՞ւմ են քննարկմանը:

Ս.Ս.-Կան երեխաներ, որոնք համեմատաբար ավելի ակտիվ են։ Շատ ծնողներ ասում են, որ իրենց երեխային երբեք չեն կարողացել ստիպել գիրք ընթերցել, իսկ մեր նպատակը երեխաների մեջ գրքի հանդեպ սեր արթնացնելն է։ Սովորաբար քննարկումից հետո սկսում են ընթերցել։ Աշխատում ենք բոլորին ներգրավել, խոսեցնել։ Չկան չընթերցողներ, կան ուղղակի իրենց սիրելի գիրքը չգտած երեխաներ։

– Անգլերեն եւ ռուսերենով քննարկելու ժամանակ նույն ակտիվությունը կա՞։

Ս.Ս.-Ակտիվություն, իհարկե՝ կա, սակայն հայերենի պարագայում բանավեճն ավելի բուռն է լինում։

– Ո՞րն է օտար լեզվով գիրքը քննարկելու նպատակը։

Աստղիկ Օհանյան – Օտար լեզուներով քննարկելու նպատակը երեխաների՝ տվյալ լեզվի իմացության բարելավումն է։ Նաեւ այն երեխաները, որոնք բնակվում են Հայաստանում, սակայն հայերեն լավ չգիտեն, եւս կկարողանան մասնակցել քննարկմանը։

– Քննարկումներին միշտ նույն երեխանե՞րն են ներկայանում:

Ա. Օ. – Նոր դեմքեր ամեն քննարկմանը ունենում ենք՝ կախված այդ շաբաթվա գրքից։ Կան նաեւ երեխաներ, որոնք ամիսներ շարունակ, ամեն շաբաթ մասնակցել են գրքի քննարկմանը։

-Ինչպե՞ս է որոշվում, թե ինչ գիրք պետք է հաջորդ շաբաթ քննարկվի։

Ա. Օ. – Գրքերի ցանկը նախնական քննարկել ենք մանկավարժների հետ, ընտրել ենք այն գրքերը, որոնք անհրաժեշտ են երեխաներին բազմակողմանի զարգանալու համար։ Ցանկում այն գրքերն են, որոնք ցանկացած մարդ պետք է ինչ-որ ժամանակահատվածում կարդա։

– Տարիքային սահմանափակում կա՞։

Ա. Օ. – Սկզբում ունեինք տարիքային սահմանափակում։ Յոթից տասներեք տարեկանների համար էր նախատեսված ակումբը։ Այնուհետեւ շատ ծնողներ, որոնց երեխաներն ավելի փոքր են, ասացին, որ ցանկանում են՝ իրենց երեխաներն էլ մասնակցեն քննարկումներին։ Տարիքային սահմանափակումը հանեցինք, չնայած հիմնականում յոթից տասնմեկ տարեկան երեխաներն են մասնակցում։

Զրուցեց Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930